Նորաշեն եկեղեցու փոխարեն Վրաստանին կարող են հանձնվել Լոռու եւ Ջավախեթիի եկեղեցիները

PanARMENIAN.Net - «Վրաստանը, հանդիսանալով մեր հարեւան երկիր, այսօր յուրահատուկ էթնո-կրոնական քաղաքականություն է վարում հայկական մշակութային ժառանգության հանդեպ: Ի պատասխան Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները վերադարձնելու հայկական կողմի ակտիվ պահանջներին, վրացական կողմն ինքը անհիմն պահանջներ է ներկայացնում: Վերջերս վրացական Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գիորգի Անդրիաձեի հայտարարությունն այն մասին, որ, իբր, Լոռու հայկական եկեղեցիները պատկանում են Վրաց Ուղղափառ Եկեղեցուն, հող են նախապատրաստում մի շարք գործարքների իրականացման համար»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Նրա խոսքերով, այսօր արդեն տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Նորաշեն եկեղեցին եւ Թբիլիսիի մի քանի հայկական եկեղեցիներ վերադարձվելու են Հայ Առաքելական Եկեղեցուն, բայց փոխարենը Վրաց Ուղղափառ Եկեղեցուն են հանձնվելու մի շարք եկեղեցիներ` տեղադրված Սամցխե-Ջավախեթի-Ցալկա տարածքում, որոնց կարգավիճակը «վիճելի» է, ինչպես նաեւ որոշ եկեղեցիներ` տեղադրված հայկական Լոռու մարզում:



«Կապված Նորաշեն եկեղեցու միջադեպի հետ` վերջերս Վրաստանի Պատրիարքարանում կայացել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու եւ ՀԱԵ Վրաց Թեմի ներկայացուցիչների հանդիպումը: Այդ հանդիպման արդյունքում երկու եկեղեցիների ներկայացուցիչները նամակով դիմել են Վրաստանի մշակույթի, սպորտի եւ հուշարձաններրի պահպանության նախարարություն եւ պահանջել են ուսումնասիրել Նորաշենի հետ կապված իրադրությունը եւ հստակ քայլեր ձեռնարկել նրա կարգավիճակի որոշման համար: Այդ գործընթացում հայկական եկեղեցու մասնակցությունը մեզ համար ամոթալի քայլ է, քանի որ այդպիսով մենք կասկածի տակ ենք դնում մեր եկեղեցիների պատկանելությունը»,- հայտնել է Վահե Սարգսյանը` ավելացնելով, որ ՀՀ վարչապետը Վրաստան կատարած իր այցի ժամանակ ողջունել է այդ քայլը:



Փորձագետի խոսքերով, դեկտեմբերի 8-ին Վրացական Պատրիարքարանը հանդես է եկել Վրաստանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների եւ եկեղեցիների պատկանելության եւ ապագայի որոշման համար ՀԱԵ հետ համատեղ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ: «Այժմ վրացական կողմը հայտարարում է այն մասին, որ Լոռու մարզում տեղադրված հայկական եկեղեցիները պատկանում են Վրաստանին, քանի որ այդ եկեղեցիների պատերին կան վրացական գրություններ»,- հաղորդել է Վահե Սարգսյանը` ընդգծելով, որ այդ հարցում նա ինչպես հասարակության, այնպես էլ հանրապետության իշխանությունների ակտիվ մասնակցությունն է ակնկալում:



Վրաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը ցույց է կազմակերպել Թբիլիսիում Հայաստանի դեսպանության մոտ: Շարժման առաջնորդ Գիորգի Անդրիաձեի խոսքերով, ցույցն անցկացվում է Հայաստանում գտնվող վրացական եկեղեցիների-վանքերի վերադարձի պահանջով: «Հայաստանի հյուսիսում` պատմական Լոռե-Թաշիրի տարածքում մինչեւ տասնյակ պատմական կարեւորություն ունեցող վրացական եկեղեցիներ ու վանքեր են գտնվում: Ցավոք, նրանք ամբողջությամբ թալանված են, ինչը ցույց է տալիս նրանց պատկանելությունը վրաց ուղղափառ, եւ ոչ թե հայկական եկեղեցուն: Հակառակ դեպքում նրանց համապատասխան կերպով կհետեւեին»,- հայտնել է նա:



Անդրիաձեի խոսքերով, Վրաց Ուղղափառ Եկեղեցին (ՎՈՒԵ) վերջին տարիներին հատուկ չի բարձրացրել տվյալ եկեղեցիները իրեն վերադարձնելու հարցը, որպեսզի չսրի իրադրությունը եւ պահպանի ստատուս-քվոն: «Բայց, ցավոք, հայկական կողմը հաստատուն կերպով փորձում է թեժացնել իրադրությունը եւ միակողմանի պահանջում է վերադարձնել եկեղեցիները: Քանի որ հայկական կողմից սադրանքները շարունակվում են, ապա մեզ այլեւս ոչինչ չի մնում անել, քան նրանց հիշեցնել նաեւ մեր օրինական իրավունքների մասին` պահանջելով Հայաստանի տարածքում գտնվող վրացական եկեղեցիների հանձնումը»,- ընդգծել է Անդրիաձեն: Նա նաեւ ենթադրել է, որ եկեղեցիների պատկանելության պարզման ողջ պատմությունը «սադրանք է հանդիսանում երրորդ կողմից եւ նպատակաուղղված է երկու հարեւան ժողովուրդների միջեւ խռովություն մտցնելուն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---