Բաքուն դժգոհ է Հայաստանին սպառազինության «փոխանցման» մասին Ռուսաստանի ՊՆ պատասխանից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ին չի բավարարել ռուսական կողմի պատասխանը Հայաստանին 800 մլն դոլարի «ռուսական սպառազինության անհատույց փոխանցման» վերաբերյալ եւ լրացուցիչ բացատրություններ է պահանջում փաստի առնչությամբ», ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո կենտրոնի աշխատակից Էլհան Պոլուխովը:



Չորեքշաբթի Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին է փոխանցել ՌԴ ՊՆ պատասխանը Ադրբեջանի հարցմանը` Հայստանի Գյումրիի 102 ռուսական ռազմակայանին սպառազինության հնարավոր փոխանցման մասին: Ռուս դիվանագետի պատասխանը չի բավարարել ադրբեջանական կողմին եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը պահանջել է ավելի մանրամասնորեն պարզաբանել փաստը, ասել է Պոլուխովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունում հերքեցին ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Հայաստանին 800 մլն դոլարի ռուսական սպառազինություն փոխանցելու մասին: Ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ա.Դրոբիշեւսկին, նման առաքումներ չեն իրականացվել, եւ հաղորդագրություններն այդ մասին չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հարցման պաշտոնական պատասխանը պատրաստ կլինի առաջիկայում:



Ավելի վաղ, PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանն այդ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է անվանել:



Նման տեղեկատվություն է տարածել Bakiliar.Az գործակալությունը, հղում անելով ANS TV-ի վրա: Ըստ այդ հաղորդագրության, «ՌԴ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Պետրունինը հաստատել էր Հայաստանին 800 մլն դոլարի սպառազինության փոխանցման փաստը: Ըստ Ա.Պետրունին, խոսքը գնում է միջպետական համաձայնագրի շրջանակներում սպառազինության փոխանցման մասին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---