Հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի հասարակությունները պետք է պատրաստ լինեն Ղարաբաղի շուրջ համաձայնագրի ստորագրմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում շատ են խոսում այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի կողմից զիջումների կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Անվտանգության 45-րդ Մյունխենյան համաժողովին, հստակ հայտարարեց, որ Երեւանը ղարաբաղյան հակամարտության հարցում չի գնա միակողմանի եւ անհեթեթ զիջումների: Տարօրինակ է, որ Մյունխենում, գտնվելով նույն այդ քննարկումներին, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը ոչինչ չասաց, կարծես նա բոլորովին էլ ներկա չէր քննարկմանը»,- նշել է հայ փորձագետը` ավելացնելով, որ նախարարի նման վարքը արդեն շատ բանի մասին է խոսում: Բեքարյանը նաեւ նշել է, որ, չնայած պաշտոնական վարկածներին, որոնց համաձայն արդեն տարվա կեսին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են, երկկողմ հարաբերությունների մոտալուտ կարգավորման հնարավորության հույս չկա առանձնապես:



Շոշափելով ընթացիկ տարում ղարաբաղյան հակամարտության շուրջ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը` «Եվրոպական ինտեգրացիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավարը ընդգծել է, որ լավատեսորեն է մոտենում այդ հնարավորությանը: «Հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի հասարակությունները պետք է պատրաստ լինեն Ղարաբաղի շուրջ համաձայնագրի ստորագրմանը: Հակառակ դեպքում ղարաբաղյան հակամարտությունը կարող է ներքաղաքական հակամարտությունների հանգեցնել այդ երեք պետություններում»,- ամփոփել է Բեքարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---