Չախալյանների ընտանիքը Վրաստանի իշխանություններից սահմանադրական իրավունքների վերականգնում է պահանջում

PanARMENIAN.Net - 2009թ. մարտի 11-12-ին կայացան ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր` Ռուբեն Չախալյանի եւ կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության հերթական նիստերը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է «Երկիր» Հայրենադարձության եւ յուրացման հասարակական կազմակերպությունների Միության ծրագրերի կոորդինատոր Ռոբերտ Թաթոյանը:



Նույն օրը Վահագն Չախալյանը եւ նրա հարազատները հանդես եկան հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «2009թ. փետրվարի 16-ին Վրաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն առանց որեւէ հիմնավորման անօրինական կերպով մերժել է արտոնել ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին ստանձնելու մեր պաշտպանությունը: Այն, որ այս որոշումն անօրինական է եւ խախտում է մեր սահմանադրական իրավունքները հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին»: Ինչպես նշվում է Չախալյանների հայտարարության մեջ, նրանց ներկայիս փաստաբան Ստեփան Ոսկանյանն այս պահի դրությամբ ունի անորոշ կարգավիճակ, քանի որ վերջերս նրան հայտնել են, որ Չախալյանների գործում ընդգրկվելու Վրաստանի արդարադատության նախարարության որոշումըարդեն կորցրել է ուժը:



«Նաեւ, դեռեւս չլուծված են մնում դատավարության ընթացքի հետ կապված հետեւյալ խնդիրները. դատավարության հայերեն թարգմանությունը կատարվում է չափազանց թափթփված եւ անորակ կերպով, ինչը խոչընդոտում է մեզ լիարժեք կերպով մասնակցել դատական գործընթացին: Դատավարության նիստերը մի քանի անգամ անհարկի կերպով հետաձգվել են անհեթեթ պատճառաբանությամբ: Բացի դրանից, դատական նիստերի օրերը նշանակվում են դատավորի կողմից կամայականորեն` առանց պատշաճ ծանուցման:



Հաշվի առնելով վերոնշյալը` մենք պահանջում ենք դատարանից` ապահովել այս բոլոր խնդիրների լուծումը եւ մասնավորապես`մեզ ժամանակ տրամադրել որպեսզի մենք հնարավորություն ստանանք Արդարադատության նախարարության առջեւ հստակեցնել մեր փաստաբաններ` Պատրիկ Արապյանի եւ Ստեփան Ոսկանյանի կարգավիճակը; ապահովել դատական նիստերի պատշաճ թարգանությունը; տրամադրել առ այսօր տեղի ունեցած դատական բոլոր նիստերի արձանագրությունները: Մենք հայտարարում ենք, որ առանց մեր վերոնշյալ պահանջների կատարման դատավարության շարունակելը պարզապես անօրինական է, քանի որ դրանց լուծում չտալով` Դուք խախտում եք մեր սահմանադրական իրավունքները»,- ամփոփվում է հայտարարության մեջ:



2008թ. հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը վրացի հատուկ ջոկատայինները եւ տեղական ոստիկանության ուժերը ներխուժեցին «Միացյալ Ջավախք»-ի ղեկավար Վահագն Չախալյանի տուն, ձերբակալեցին նրան եւ նրա ընտանիքի անդամներին` հորը, մորն ու եղբորը: Չախալյանի ողջ ձերբակալության ընթացքում գործի ընդամենը երեք լսում է եղել, որոնց ժամանակ դիտորդները, այդ թվում` Վրաստանի հաշտարարի գրասենյակից, արձանագրեցին ամենակոպիտ իրավախախտումներ: Դեկտեմբերի 3-ին Չախալյանին նոր մեղադրանքներ ներկայացրեցին եւ դատը հետաձգեցին անորոշ ժամկետով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---