Հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական փորձի ընթացիկ խաղակեսը մոտենում է իր ավարտին

PanARMENIAN.Net - Հետեւելով ֆոտբոլային տերմինաբանության կազմավորված նորաձեւությանը` կարելի է ասել, որ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվամբ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական փորձի ընթացիկ խաղակեսը մոտենում է իր ավարտին. առնվազն նախնական արդյունքների ամփոփման ժամանակն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Քաղաքական եւ միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով, ակնհայտ է, որ արդյունքը Հայաստանի օգտին չէ: «Բավական է նայել «ցուցանակին», որտեղ հաշվվում են հարվածած եւ բաց թողած «գոլերը»: Հարցի էությունը նրանում չէ, թե արդյոք սահմանը կբացվի, թե` ոչ, այլ թե կփոխվի արդյոք ստատուս-քվոն` կովկասյան տարածաշրջանի վերջնական վեկտորի ուղղությունը: Թեեւ, այո, ձեւականորեն խոսքը գնում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին, գործընթացի պսակը պետք է դառնա սահմանի բացումը: Եթե երկկողմ, ինչպես նաեւ միջազգային ջանքերի արդյունքում սահմանը բացվի, իսկ այստեղ կա 99% հավանականություն, որ այն չի բացվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղում իրական տեղաշարժեր չեն եղել, ապա Թուրքիան, այնուամենայնիվ, իր հաշվում արդեն մի քանի հարվածած գոլեր ունի»,- նշել է նա:



Առաջինը, Մեհրաբյանի կարծիքով, այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մի քանի տարով կանգնեցված է: «Ոչ ոք չի ցանկանա մեր ճգնաժամա-«վերաբեռնավորման» ժամանակաշրջանում փչացնել իր հարաբերություններն այնպիսի կարեւոր երկրի հետ, ինչպիսին Թուրքիան է: Պատճառը` «երկխոսություն է ընթանում, գործընթաց են վարում, խանգարելն իմաստ չունի»: Երկրորդը, նախագահ Բարակ Օբամային ծանրակշիռ հիմք են տվել, որպեսզի նա առանց իր դեմքը կորցնելու ամերիկյան հայերին բացատրի, թե ինչու ինքը չի արտասանի «ցեղասպանություն» բառը, ապա` տե'ս առաջին կետը: Երրորդը, միջազգային քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կապել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ: Եւ Թուրքիայի այդ դիրքորոշումը ընկալվում է նրա գործընկերների եւ ՆԱՏՕ-ից դաշնակիցների կողմից: Արդեն 3:0 է ստացվում` չհաշված հայկական կողմի գոլը սեփական դարպասին, ինչն առանձին քննարկման թեմա է»,- ընդգծել է Մեհրաբյանը:



Այդպիսի ձախողումներ է նա համարում Սերժ Սարգսյանի կատարած առաջարկը Մոսկվայում, այլ ոչ թե Երեւանում, ինչն արդեն արժեզրկել է այն ավելի քան 50%-ով, քանի որ գնահատվեց որպես նոր ռուսական քաղաքականության պարզունակ ձեւակերպում, հատկապես հնարավոր նախաձեռնությունների մասին ամեն տեսակ խոսակցությունների հանդեպ պաշտոնական «ալերգիայի» տասնամյակից հետո: «Այնուհետեւ` Մայնդորֆյան հռչակագիրը, որը, ըստ իս, վերջնականապես արձանագրեց հակամարտության ձեւաչափը` Ղարաբաղի հարցում ամրագրելով օբյեկտի, այլ ոչ թե դիմադրության սուբյեկտի կարգավիճակը, եւ ոչ թե 90-ականների սկզբի համաձայնագրերի, այդ թվում` 1994թ. մայիսի 12-ի` կրակի դադարեցման մասին Համաձայնագրի նմանությամբ: Երրորդը այն թեթեւությունն է, որով այսպես կոչված «պատմական» հանձնաժողովի ստեղծման հարցը թափանցեց հայ-թուրքական ապագա համաձայնագրերի սեւագրերի մեջ: Այդ հարցը մեջբերվում է ամենատարբեր երկրների ԶԼՄ կողմից եւ փաստացիորեն չի հերքվում Հայաստանի կառավարության կողմից` իր ընդդիմախոսների տեսակետից ստեղծելով պաշտոնական Երեւանի դիրքորոշման զգալի ենթարկվելիության տպավորությունը: Այս պայմաններում Ադրբեջանի եւ թուրքական ընդդիմության` լավ բեմադրված «անհամաձայնությունը» պաշտոնական Անկարայի հետ եւս մեկ գոլով է սպառնում մեր ռեֆլեքսիվ եւ պնդաճակատ դիվանագիտությանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա առաջին հարվածի համար հնչեցնելով մեկնարկային սուլիչը, նա հույս ուներ, որ իր հսկողության ներքո ճեղքումը հայ-թուրքական հարաբերություններում իր համար ողջ տարածաշրջանում կապահովի քաղաքական եւ տնտեսական բարիքներ, հատկապես վրացական ռազմաճակատում տարած հարաբերական մարտավարական հաջողությունից հետո: Սակայն Օբամայի մի քանի պարզունակ քայլերն ապահովեցին գործընթացի «հեռակառավարման վահանակի» լիարժեք բռնագրավումը ԱՄՆ կողմից: Բնականաբար, Մոսկվան արդեն կոպիտ կերպով դիմակայելու է տարածաշրջանը «բացելու» ամեն տեսակ փորձերին, ինչի մասին ուղղակի տեքստով խոսում են Կրեմլին մոտ փորձագետները: Այդպիսով, վերադարձը նախնական վիճակին այն մտքին է բերում, որ հայկական կողմից խաղը ավելի քան վատ էր հաշվարկված, եւ պետք չէր դրա մեջ մտնել լեյգիտիմության բոլորին հայտնի բեռով, ինչը բացի ավելորդ խոցելիությունից ոչինչ չէր կարող խոստանալ: Եւ երբ աստիճանաբար ուրվագծվող հսկայական բարոյական վնասի պայմաններում լսում ես, որ ցանկացած ելքի դեպքում Հայաստանը խաղից ամրապնդված դուրս կգա, ապա դա տխուր մտքերի է բերում: Անգամ անհարմար է նայել «ցուցանակին»...»,- ընդգծել է Ռուբեն Մեհրաբյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---