Անկարայի հայտարարությունները Կարսի պայմանագրի մասին կարող են պառակտել հայ հանրությունը

PanARMENIAN.Net - «Իրավական տեսակետից Կարսի պայմանագիրը շատ խոցելի է եւ կոպտորեն խախտվել է Թուրքիայի կողմից»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, Կարսի պայմանագիրը կնքել են քեմալական Թուրքիան մի կողմից, եւ Անդրկովկասի խորհրդային հանրապետությունները մյուս կողմից: «Ըստ պայմանագրի, Թուրքիան ճանաչում էր Նախիջեւանի մարզը, որը հետո հռչակվեց Ադրբեջանի հովանավորության տակ գտնվող ինքնավարություն»,-հիշեցրել է Դեմոյանը:



Նրա խոսքերով, Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է նոր միջպետական պայմանագիր կնքեն: «Եվ Կարսի պայմանագրի մասին խոսք լինել չի կարող: Նման հայտարարություններն, որ հնչեցնում է թուրքական կողմը, վտանգավոր են եւ միտված են հայ հանրության պառակտմանը»,-ընդգծել է նա:



Անդրադառնալով Երեւանի ու Անկարայի միջեւ միջպետական համաձայնագրի ստորագրման հնարավորությանը` Հ.Դեմոյանը նշել է, որ լավ կլիներ, որ փաստաթղթում ընդգծվեր, որ Թուրքիան պատրաստակամ է վերացնել Հայոց ցեղասպանության հետեւանքները:



«Համաձայնագրում պետք է ամրագրվեն Թուրքիայի տարածքում հայ մշակութային ժառանգությունը փրկելու եւ նրանց կարգավիճակի որոշման հարցերը: Ըստ Լոզանի պայմանագրի, Թուրքիան պարտավորվել է հարգել երկրի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային եւ կրոնական իրավունքները»,-ասել է հայ պատմաբանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---