Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է ԱՄՆ պետքարտուղարին այցելել Հայաստան

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ընթացող այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ: Հանդիպման ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ որ ԱՄՆ շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդմամբ եւ զարգացմամբ, եւ նախագահ Օբամայի վարչակազմը հաստատակամ է ընդարձակելու երկու երկրների միջեւ փոխգործակցությունը: Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Վաշինգտոն այցելելու հրավերի համար, ընդգծեց, որ Հայաստանը, կարեւորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը եւ համագործակցության ընդլայնմանը:



Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ կատարվեց մայիսին Երեւանում կայանալիք հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին, քննարկվեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ: Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Պետքարտուղար Քլինթոնը որպես պատմական որակեց ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարությունը: Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը` շարունակել ամենայն աջակցության ցուցաբերումը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը:



Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը: Պետքարտուղար Քլինթոնն ընդգծեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը եւ նշեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռքբերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը, ինչը նրա բնորոշմամբ նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության եւ անվտանգության ամրապնդման համար: Նախարար Նալբանդյանը պետքարտուղար Քլինթոնին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:



Էդվարդ Նալբանդյանը Հիլարի Քլինթոնին հրավիրեց այցելել Հայաստան:



Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ ԱՄՆ փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղիները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---