Մահմուդ Ահմադինեժադը վերընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Համաձայն պաշտոնական տվյալների` Մահմուդ Ահմադինեժադը հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում: Քվեաթերթիկների 2/3-րդը ստուգելուց հետո պետության այժմյան ղեկավարը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 66 տոկոսը: Ահմադինեժադի հիմնական մրցակից նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավին ստացել է ձայների շուրջ 32 տոկոսը: Վերջնական արդյունքները հրապարակվելու են օրվա ընթացքում:



Մուսավին եւ նրա կողմնակիցները մտադիր են վիճարկել քվեարկության արդյունքները: Նրանք պնդում են, որ հրապարկված տվյալները հնարավոր են միայն զանգվածային կեղծիքի դեպքում: Ավելի վաղ Մուսավին հայտարարել է իր հաղթանակի մասին: Նրա հայտարարությունը հնչել էր մինչեւ ընտրատեղամասերի փակումը: Նրա օգնականներից մեկն ասել է, որ Մուսավիի օգտին քվեարկել է ընտրողների 65 տոկոսը:



Ընտրողների քանակի վերաբերյալ սկզբնական կանխատեսումներում սպասվում էր բնակչության 70 տոկոսի ներկայություն, որոնք ընտրելու իրավունք ունեին: Այդ մասին հայտարարել է Հսկիչ խորհրդի մամլո քարտուղար Աբբասալի Կյատխուդայնը, սակայն, համաձայն վերջին տվյալների, այդ թիվը կազմել է 82 տոկոս, հաղորդում է IRNA տեղեկատվական գործակալությունը:



«Ընտրությունների ընթացքում գրանցվել են քվերակության գործընթացի եզակի խախտումներ: Ներկա ընտրություններում նկատվել է Իրանի քաղաքացիների ակտիվ մասնակցություն, որոնք ապրում են արտասահմանում. այս տարի քվեարկողների թիվը երեք անգամ շատ է` համեմատած նախորդ ընտրությունների հետ: 2005-ի նախագահական ընտրությունների հետ համեմատած` Թեհրանում ընտրողների թիվը ավելացել է 50 տոկոսով, այլ քաղաքներում` 20 տոկոսով: Այն դեպքում, եթե նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը չի հավաքի 50 տոկոս, ընտրողների առավելագույն ձայները ստացած թեկնածուները կանցնեն ընտրությունների երկրորդ փուլ»:



Իրանի նախագահի պաշտոնում առաջադրվել են գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, նախկին վարչպետ Միր Հոսեյն Մուսավին, մեջլիսի նախկին խոսնակ, բարեփոխումների կողմնակից Մեհդի Կարուբին եւ իսլամական հեղափոխության Պահակազորի կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---