Գագիկ Բեգլարյանը կմասնակցի Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 30-րդ գլխավոր վեհաժողովին

PanARMENIAN.Net - Փարիզում տեղի է ունենալու Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 30-րդ գլխավոր վեհաժողովը, որին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի մայրաքաղաք կմեկնի Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը: Այցը կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը:



Ինչպես հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը, սեպտեմբերի 24-ին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը քննարկեցին այցի մանրամասները եւ համագործակցության հնարավոր եզրերը: Դեսպանն ասաց, որ առկա է փորձի փոխանակման հնարավորություն` քաղաքային կառավարման խնդիրների ընդգրկմամբ: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նկատի ունենալով երկու մայրաքաղաքների համագործակցության հաջող փորձը, վստահություն հայտնեց, որ այցը կլինի աշխատանքային ու արդյունավետ:



ՀՀ դեսպանությունը նախապատրաստում է Երեւանի եւ Փարիզի քաղաքապետների հանդիպումը:



Ծրագրված է նաեւ Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության մասնակցությունը տեղեկատվական ժողովին, որն իրականացվում է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական ժողովների նախապատրաստության շրջանակում: Ժողովին ողջույնի խոսքով հանդես կգա Երեւանի քաղաքապետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---