Ամենեւին էլ ակնհայտ չէ, որ հենց Ադրբեջանը կհաղթի այդ պատերազմում

PanARMENIAN.Net - Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հասցեին, որ արվել են Մյունխենում անմիջապես երկու նախագահների հանդիպման նախօրեին, թվում է, թե լրջորեն արգելակեցին Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Այդ մասին գրում է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Արեշեւը «Ղարաբաղյան կարգավորումը կրկին փակուղում է» հոդվածում:



«Ես միշտ ասում եմ հայկական կողմին` այնպես արեք,որ մենք գոհ մնանք համաձայնագրից»,-հայտարարել է Ալիեւը: Նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ «քաղաքականապես կոռեկտ» միջնորդները, որոնք սովորել են ուշադրություն չդարձրել ռազմաշունչ հռետորության նման բռնկումների վրա, այս անգամ թույլ տվեցին իրենց մեկնաբանել հակամարտող կողմերից մեկի նախագահի արտառոց պատկերացումները փոխզիջման էության մասին: Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն խնդրել է երկու կողմերին «ձեռնպահ մնալ կտրուկ հայտարարություններից բանակցությունների այս բարդ փուլում»: «Կցանկանայի նաեւ հնչեցնել մեր մայրաքաղաքների դիրքորոշումը, թվարկում են այբբենական կարգով` Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն` պատերազմը ոչ մի դեպքում չի կարող այլընտրանքային տարբերակ համարվել, դա անընդունելի է: Հարցի ուժային լուծման տարբերակը չի կարելի քննարկել ոչ մի դեպքում»,-ասել է Ֆասիեն: Բոլոր այդ հայտարարությունները, ինչպես եւ բանակցությունների ավանդաբար փակ բնույթը, ասեկոսների նոր ալիք բարձրացրեցին եւ Կովկասում հնարավոր պատերազմի նոր սցենարներ առաջացրեցին: Սակայն, ամենեւին էլ ակնհայտ չէ, որ հենց Ադրբեջանը կհաղթի այդ պատերազմում: Այդ պատճառով է, որ փորձագետների մեծամասնությունը բավական հոռետեսորեն է մոտենում Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների ծավալմանը»,-գրում է ռուս քաղաքագետը:



Ըստ Արեշեւի, Ադրբեջանի արտաքին քաղաքականության ռազմավարությունը, որի անկյունաքարը մաքսիմալիստական պահանջներն են, Արեւելքում եւ Արեւմուտքում աջակցություն ստանալու լիակատար վստահության հետ հանդերձ, որոշակի խափանումներ է տալիս, եւ, հնարավոր է, դա է ստիպում Բաքվին լրջորեն նյարդայնանալ: Փորձագետը գտնում է, որ Ալիեւի ռազմաշունչ ճարտասանությունը հատկապես ցուցադրական էր ինչպես Սերժ Սարգսյանի հետ Մյունխենում կայանալիք բանակցություններից, այնպես էլ` Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցություններից առաջ: «Դա, անշուշտ, ոմանք կարող են մեկնաբանել որպես «հաջող» դիվանագիտական քայլ` Բաքուն կրկին համաշխարհային եւ տարածաշրջանային մայրաքաղաքների ուշադրության կենտրոնում է, այնտեղ է մեկնում ՌԴ աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նառիշկինը, տարբեր քաղաքական գործիչներ համոզում են չանել կտրուկ շարժումներ` առիթ տալով հերթական անգամ բարձր պահանջներ ներկայացնել: Սակայն նման «դիվանագիտության» արդյունավետությունն այնուամենայնիվ կասկածելի է թվում, եւ ամեն դեպքում, դա ոչ մի կերպ չի նպաստում բանակցությունների հաջող ընթացքին: Շուրջ մեկ տարի առաջ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները ստորագրեցին այսպես կոչված Մայնդորֆի հռչակագիրը, որտեղ գրանցվեց վիճահարույց հարցերը քաղաքական ճանապարհով լուծելու կողմերի ձգտումը: Չնայած նրան, որ այս փաստաթուղթը կողմերից մեկի ջանքերով էապես չեզոքացվեց, այլ ճանապարհ, ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի ստորագրումից եւ հետագայում փոխզիջումների դժվարին եւ տեւական լուծումներից բացի, գոյություն չունի: Այլ կերպ, բանակցությունների հերթական փուլը, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում, եւս ձախողվեց»,-ասվում է հոդվածում, հաղորդում է «Նոր քաղաքականություն» ամսագիրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---