ԵԱՀԿ-ում համանախագահող Աստանան կարեւոր նշանակություն է տալիս հակամարտությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Աստանա կատարած այցի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար եւ արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի հետ:



Ինչպես ասվում է Ղազախստանի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, Աստանան առաջին իսկ օրվանից պատրաստակամություն հայտնեց համակողմանի աջակցություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ-ին, որի շրջանակներում դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկի Լեռնային Ղարաբաղում հակամարտության դրությունն ու կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ ԵԱՀԿ խաղաղ ջանքերին ու Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքերի մերձեցման գործընթացին աջակցելու հնարավոր ճանապարհները:



«Տվյալ այցը կարեւոր նշանակություն ունի այս տարվա փետրվարի կեսին Հարավային Կովկասի երկրներով ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջանային ուղեւորության նախապատրաստության ենթատեքստում»,- նշվում է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:



Ինչպես հանդիպման ընթացքում հայտնեց Ղազախստանի ԱԳ նախարարը, ԵԱՀԿ-ում ղազախստանյան ներկայացուցչությունը առաջնահերթ նշանակություն է տալիս ԵԱՀԿ տարածքում չլուծված հակամարտությունների կարգավորմանը եւ առանձնահատուկ ուշադրություն դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը:



«Մենք հաշվարկում ենք, որ պարոն Սաուդաբաեւի առաջիկա ուղեւորության ընթացքում կկարողանանք կողմերին առավել հասանելի դարձնել մեր երեք միջնորդ երկրների (ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի) ու ԵԱՀԿ նախագահի դիրքորոշումները, որոնք կայանում են Լեռնանին Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուտափույթ համաձայնեցման անհրաժեշտության մեջ»,- ասաց Ռուսաստանից Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Յուրի Մերզլյակովը:



Նրա խոսքով, Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին իրադրության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների իրենց տեսությունը: «Մենք շատ հետաքրքիր ու բովանդակալից զրույց ունեցանք: ԵԱՀԿ գործող նախագահը աջակցություն հայտնեց միջազգային միջնորդ համանախագահների ջանքերին»,- նշեց նա:



Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: 65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:



ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:



Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):



«Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթնաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---