Ամերիկայի հայ ազգային կոմիտեն հրաժարվում է մասնակցել Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը

PanARMENIAN.Net - ԱՀԱԿ-ի ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը նամակ է ուղարկել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որով անհանգստություն է արտահայտում Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ հանդիպում անցկացնելու պետքարտուղարի որոշման առիթով:



«Մեր կազմակերպությունը եւ մեր համայնքի ներկայացուցիչները վաղուց ենք ուզում հանդիպել Ձեզ հետ նաեւ ԱՄՆ նախագահի հետ: Մենք Ձեզ հետ հանդիպել էինք ուզում, որպեսզի քննարկենք այն խոստումները, որ դուք տվել էիք Ամերիկայի հայ համայնքին», - ասված է Քեն Խաչիկյանի նամակում:



ԱՀԱԿ-ի նախագահը նշել է, որ Հիլարի Քլինթոնի նախաձեռնած հանդիպումն այսպիսի զգայուն պահին նպաստավոր չի լինի «առողջ երկխոսություն» վարելու համար, այլ հակառակը, կարող է անարդյունավետ լինել: «Այս միջոցառումը, որը միտումնավոր բացառում է մեր համայնքի շատ ակնառու անդամների եւ հոգեւոր առաջնորդների մասնակցությունը` միայն իրենց հայացքների եւ հոգեւոր արժեքների պատճառով, կարող է դառնալ ծայրահեղորեն վատ նախադեպ: Մեր հանդիպումն այսպիսի սահմանափակումների պայմաններում, անիմաստ կլինի», - ընդգծված է Քեն Խաչիկյանի նամակում:



Փետրավարի 9-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների քննարկման համար Հիլարի Քլինթոնը խորհրդակցություններ է անցկացնելու Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ: Պետքարտուղարի հետ խորհրդակցություններին հրավիրված են` Ամերիկայի հայկական համայնքը, Համահայկական բարեգործական միությունը, ԱՄՆ-ում Հայ Առաքելական եկեղեցու Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի առաջնորդները, «Վարդանի դյուցազուններ» կազմակերպությունը, Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը:



2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---