Calgary Herald. «Թուրքիան միշտ էլ հերքել է Օսմանյան կայսրությունում հայերի պարբերական սպանությունները»

PanARMENIAN.Net - Նրանք, ովքեր ուզում են, որ իրենց վատ անցյալը ի հայտ չգա, թող հիստերիայի մեջ չընկնեն, երբ նրանց հիշեցնում են այդ անցյալի մասին: Կգա ժամանակ, որ Թուրքիան այդ դասը կսերտի: Աշխարհի ամենաազատ, զարգացած եւ ժողովրդավարական` հիմնականում իսլամական ազգաբնակչություն ունեցող երկրի պահոցում մի մեծ կմախք կա: Վերջերս հենց նա համընդհանուր ուշադրությունը հրավիրեց դրա վրա, թեեւ կնախընտրեր, որ այդ մասին բոլորը մոռանային: Խոսքը Հայերի ցեղասպանության մասին է , գրում է կանադական Calgary Herald թերթը:

«Թուրքիան միշտ հերքել է պարբերական սպանությունները եւ նախընտրում էր այդ սպանությունները վերագրել Օսմանյան կայսրության վերջին օրերին երկրում տիրող քաոսին, սակայն պատմական փաստերը հակառակն են վկայում: Նախկինում պատմական արդարությունը պաշտպանում էին տարբեր երկրներ եւ կազմակերպություններ: Վերջին տարիներին դրանց թիվը նկատելիորեն ավելացել է: Երեք շաբաթ առաջ Ցեղասպանությունը ճանաչել է Կատալոնիայի խորհրդարանը: Երկու շաբաթ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկ ձայնի տարբերությամբ ընդունել է բանաձեւ, որը տեղի ունեցած իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Վերջապես, անցյալ շաբաթ Ցեղասպանությունը ճանաչեց նաեւ Շվեդիայի Ռիկսդագը: Թուրքիան դրանց արձագանքեց ինչպես միշտ` հետ կանչեց իր դեսպաններին այդ երկրներից, հետաձգեց միջազգային բոլոր միջոցառումները եւ մռայլորեն ակնարկում էր այն վնասի մասին, որ իբր կրելու են բոլոր այդ երկրները Թուրքիայի հետ հարաբերություններում: Շվեդիայի եւ Մ.Նահանգների կառավարությունները, որ հավանություն չեն տվել իրենց երկրների խորհրդարանների գործողություններին, կարծես հավատում են Թուրքիային: Նրանցից մեկը քվեարկությունը համարում է սխալ, իսկ երկրորդը` ի դեմս Սպիտակ տան, խոստացել է թույլ չտալ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը: Շատերն ասում են, թե իբր Թուրքիային անկյուն մղելով` սարսափելի բաներ կարող են տեղի ունենալ: Ամենաքիչը դա կարող է վնասել Հայաստանի հետ նրա նոր-նոր լավացող հարաբերություններին, ինչը վերջերս, միեւնույն է, փակուղի էր մտել: Այս ամենը դատարկ բաներ են:



Կանադան պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր 2004 թ.` առանց հետեւանքների, եւ դեռ երկու տասնյակից ավելի պետություններ, նաեւ Հարպերի կառավարությունը հարկ է, որ աշխարհին կոչ անեն իրենց օրինակին հետեւել: Ինչքան ուզում են գոռգոռան թուրքերը, միեւնույն է նրանք իրենք իրենց չեն վնասի` սոսկ պատմությունը խեղաթյուրելու համար իրենց դեմ տրամադրելով ամենահզոր դաշնակիցներին:

Ի դեպ, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու ցանկությունը միայն փքված ազգայնամոլության եւ թույլ գիտակցության արդյունքը չէ: Թուրքերը վախենում են, որ ստիպված են լինելու հսկայական փոխհատուցում վճարել զոհերի ժառանգներին: Սակայն այդ առումով նրանք կարող են չանհանգստանալ: Ոչ ոք Թուրքիայից ոչինչ չի պատրաստվում պահանջել: Այնպես որ ամեն ինչ ավարտվելու է գրկախառնությամբ եւ ձեռք սեղմումով», - գրել է թերթի մեկնաբան Թիմոթի Ջանուցին:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---