Սերժ Սարգսյան. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ

Սերժ Սարգսյան. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ

PanARMENIAN.Net - Ամերիկահայությունը հատկապես վերջին տասնամյակներում դարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործի ամենաեռանդուն ու ամենահետևողական օղակներից մեկը, հայտարարել է Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի մայր տաճարում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո: "Ես համոզված եմ, որ այսուհետ նա ևս ջանալու է բազմապատկված ճիգերով: Ոչ ոք չի կարող կասեցնել անխուսափելին",- նշել է նա:

"Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին ոմանք մտավախություն ունեին, թե դրանով կդանդաղեցվեն կամ ժամանակավորապես կսառեցվեն ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը: Ժամանակը ցույց տվեց, որ այդ մտավախություններն անհիմն են և անհիմն կլինեն այնքան ժամանակ, քանի մենք բոլորս պատրաստ ենք առավել ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի",- հայտնել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով, անցած ամիսներին բոլորն ականատես եղան Թուրքիայի դատապարտված փորձերին` պառակտելու Հայաստանն ու Սփյուռքը, իրավիճակը ներկայացնելու այնպես, թե իբր գոյություն ունի երկու տարբեր կարծիք Հայաստանում և Սփյուռքում: "Այսօր մենք միասին կրկին անգամ հերքում ենք նման սին պատրանքները: Չկա Հայաստանի հայության և Սփյուռքի հայության կարծիքների տարբերություն. կա միասնական հայ ժողովուրդ, և նա տեր է իր արդար դատին: Այո', մենք պատրաստ ենք և ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ: Այս առավոտ ես հանդիպեցի Թուրքիայի վարչապետի հետ: Մեր դիրքորոշումը եղել և մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա: Մենք չենք պատրաստվում որևէ ձևաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձևացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետև մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է բռնելու նաև այս քննությունը",- նշել է Սարգսյանը:

Դիմելով հայրենակիցներին` Հայաստանի նախագահը հայտնել է, որ նրանք` որպես արտերկրում ապրող, բայց հայության ցավերով ու շահերով տոգորված հավաքականություն, անխորտակելի ուժ են. նրանք Հայաստանի միջազգային քաղաքական կշռի կարևոր բաղկացուցիչն են: "Սա գիտակցում են թե' մեր բարեկամները, թե' մյուսները: Դուք ձեր կեցվածքով ու վճռականությամբ ապացուցում եք, որ սխալ են եղել բոլոր այն հաշվարկները, ըստ որոնց հայությանը կարելի է փոշիացնել ու ոչնչացնել` ցրելով աշխարհով մեկ: Յուրաքանչյուր հայ, որ մայրցամաքում էլ լինի, պետք է դառնա այն կաթիլը, որը քար է ծակում: Մենք հենց այդ ճանապարհին ենք: Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել: Եվ մենք բարգավաճելու ենք, մենք ծակելու ենք անտարբերության, ցինիզմի ու երկերեսանիության քարը: Դրա համար մենք ունենք բավականաչափ համբերություն, հավատ և նպատակասլացություն",- ընդգծել է նա:

Ամփոփելով իր խոսքը` Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել "մի երկրի ու մի ժողովրդի, որ ծնել է դեսպան Մորգենթաուի և նախագահ Վիլսոնի պես գործիչներ: Հայությունն ուժեղ է և կարողանում է ինքնարտահայտվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դա անշուշտ ձեր արժանիքն է, բայց ձեր արժանիքը լինելուց զատ, ամերիկյան ազատության արժանիքն է: Մենք շնորհակալ ենք այս մեծ ու հզոր երկրին, որ այսօր էլ իր զգալի դերակատարությունն ունի հայ ժողովրդի կյանքում",- հայտնել է Հայաստանի նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---