Յաիր Աուրոն. Իսրայելի պետությունը երկակի ստանդարտներ է կիրառում ցեղասպանությունների հարցում

Յաիր Աուրոն. Իսրայելի պետությունը երկակի ստանդարտներ է կիրառում ցեղասպանությունների հարցում

PanARMENIAN.Net - Իսրայելի պետությունը մի կողմից շարունակում է Հոլոքոստի ժխտման դեմ պայքարը, բայց մյուս կողմից մասնակցում է մեկ այլ ցեղասպանության հերքմանը: Այդ մասին հայտնեց իսրայելցի պրոֆեսոր, պատմաբան Յաիր Աուրոնը` ելույթ ունենալով "Հայաստան-Թուրքիա. ինչպես կարգավորել հարաբերությունները" խորագրով սիմպոզիումի ժամանակ: "Իսրայելը երկակի ստանդարտներ է կիրառում: Նման քաղաքականությունն ամենայն հավանականությամբ կվնասի Հոլոքոստի ժխտման դեմ պայքարին: Յուրաքանչյուրը կհամաձայնի, որ Իսրայելն իրավունք չունի Հոլոքոստը սակարկության առարկա դարձնել, բայց և իրավունք չունի որևէ հանգամանքներում այդպես վարվել այլ ցեղասպանությունների հանդեպ: Իսկ ճիշտ այդպես Իսրայելն իրեն դրսևորում է Օսմանյան կայսրության 1915թ. Հայոց ցեղասպանության առնչությամբ",- ընդգծեց հրեա գիտնականը: Նա ավելացրեց, որ Իսրայելը, մասնակցելով Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, մատնում է Հոլոքոստի հիշատակը: Պրոֆեսորն անդրադարձավ 2007, 2008 և 2009 թվականներին Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման թեմային` ընդգծելով, որ ինչպես և անցյալում, այնպես էլ այս տարի բանաձևը ձախողվելու է, գրում է The California Courier թերթի հրատարակող Հարութ Սասունյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Հոլոքոսթ

Հոլոքոսթը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիստների կողմից միլիոնավոր մարդկանց համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրագությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին: 1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացության, որ Աղետի ժամանակ զոհվել է վեց միլիոն մարդ: Այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-6 միլիոն թվերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---