Շվեյցարիայում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Շվեյցարիայում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Ժնեւում, Տրուանեի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն, որին մասնակցում էին` Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, հայկական համայնքի, Ժնևի և Տրուանեի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման և պսակադրության արարողություն, ելույթներով հանդես եկան համայնքի և Տրուանեի իշխանությունների ներկայացուցիչները:

Առաջիկա օրերին Շվեյցարիայում նախատեսվում են նաև Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված այլ միջոցառումներ.

ապրիլի 23-ին Բեռնում տեղի է ունենալու Շվեյցարիայի հայկական ընկերակցության մամլո ասուլիսը` հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի անդամների մասնակցությամբ,

ապրիլի 24-ին նախատեսվում է Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգ` Բեռնի մեծ համերգասրահում, որտեղ կատարվելու է Վերդիի Missa da Requiem-ը Լյուկ Բաղդասարյանի խմբավարությամբ: Ներկա են լինելու Շվեյցարիայի Ազգային խորհդի խորհրդականները, Բեռնում հավատարմագրված դեսպանները ,

ապրիլի 24-ին Ժնևի հայկական եկեղեցում մատուցվելու է հիշատակի Սուրբ պատարագ,

ապրիլի 25-ից նախատեսվում է “Նարեկացի” համույթի հիշատակի համերգների շարքը Ժնևում, Ցյուրիխում, Լուգանոյում, Լոզանում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---