Արցախն անց է կացնում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ

Արցախն անց է կացնում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ

PanARMENIAN.Net - Ամենակարևորն այն է, որ ԼՂՀ ընտրությունները կայացան: Ահա արդեն որերորդ անգամ է, որ Արցախը անց է կացնում միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, անցած ընտրությունները հերթական անգամ գրանցեցին պետության ինքնուրույնությունն ու ժողովրդավարության առկայությունը: «Ես մի քանի անգամ եղել եմ Արցախում ընտրությունների ժամանակ և կարող եմ նշել, որ ԼՂՀ ընտրական համակարգը տարեցտարի կատարելագործվում է:

Մասնակցությունը ընտրություններին շատ մեծ էր, իսկ քվեարկությունն անցավ բարձր մակարդակով: Դա պայմանավորված է նրանով, որ Արցախի բնակչությունը լավ է գիտակցում, որ իր մասնակցությամբ նա առաջին հերթին ամրապնդում է պետության անկախությունն ու անվտանգությունը: Կարծում եմ, որ միջազգային կառույցները, տեսնելով դա, պետք է վերանայեն իրենց մոտեցումները»,-ասել է Ռուստամյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, նա նշել է, որ սխալ է համարում ընտրությունների անտեսումն որոշ միջազգային կառույցների կողմից: «Անկախ նրանից, ճանաչված է պետությունը թե ոչ, եթե որևէ միջազգային կառույց զբաղվում է նրա հարցով, նա պետք է դիտորդական առաքելությունը գործուղի և տեղում ծանոթանա իրավիճակին: Դա կարող է դառնալ համարժեք գնահատականների երաշխիք: Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի բանաձևին, ապա դրանով նա միայն իր սեփական անիրավասությունը բացահայտեց, ոչ թե վնասեց Լեռնային Ղարաբաղին, ինչպես ոմանք են կարծում»,-ասել է Ռուստամյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---