Սեյեդ Ալի Խամենեին դատապարտել է «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը

PanARMENIAN.Net - Գազայի հատվածի ափամերձ տարածքում «Ազատության նավատորմի» նավերի Իսրայելի կողմից բռնագրավման միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին: PanARMENIAN.Net ի ՀՀ-ում Իրանի դեսպանատնից ստացված հայտարարության մեջ մասնավորապես, ասված է. «Մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի վրա հանցավոր եւ դաժան հարձակումը այն մեծ ոճիրների շղթայի օղակն է, որոնցով լցված է չար եւ ոճրագործ իշխանության նենգ գոյության յոթերորդ տասնամյակը: Սա այն հանդուգն եւ անգութ վերաբերմունքի օրինակն է, որին տասնյակ տարիներ արժանանում են տարածաշրջանի եւ հատկապես Պաղեստինի կեղեքված երկրի մահմեդականները եւ պայքարում դրա դեմ: Այս հանցավոր հարձակումը բոլորին ապացուցեց, որ սիոնիզմը ֆաշիզմի նոր եւ ավելի կոպիտ դրսեւորումն է եւ վայելում է ազատության ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող պետությունների, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության օժանդակությունն ու աջակցությունը»:

«ԱՄՆ, Անգլիան, Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրները, որոնք ի ծնե ոճրագործներին քաղաքական, ինֆորմացիոն, ռազմական եւ տնտեսական աջակցություն են ցուցաբերել եւ մշտապես կանգնած են նրանց աղետածին գործողությունների հետեւում, լրջորեն պետք է պատասխանատվություն կրեն: Համայն աշխարհի սթափ խղճերը պետք է լրջորեն մտածեն, թե մարդկությունը այսօր ի±նչ վտանգավոր երեւույթի հետ է բախվում Միջին Արեւելք կոչվող լարված տարածաշրջանում: Պաղեստինը այլեւս ոչ միայն արաբական եւ անգամ իսլամական հարց է, այլեւ արդի աշխարհի մարդու իրավունքների կարեւորագույն հարցն է:

Ծովային շարասյուն` Գազա ուղարկելու խորհրդանշական եւ հրաշալի քայլը պետք է կրկնվի բազմաթիվ անգամներ, տասնյակ այլ ձեւերով ու եղանակներով: Սիոնիստական դաժան իշխանություններն ու նրանց հովանավորները, հատկապես ԱՄՆ եւ Անգլիան, պետք է զգան եւ իրենց առջեւ տեսնեն համաշխարհային հանրության խղճի զարթոնքն ու կամքի անհաղթահարելի ուժ:

Արաբական պետությունները հայտնվել են դժվար փորձության առջեւ: Արաբական արթուն ժողովուրդները նրանցից պահանջում են կտրուկ եւ վճռական քայլեր: Իսլամական կոնֆերանսն ու Արաբական լիգան չպետք է բավարարվեն ոչ պակաս, քան Գազայի շրջափակման ամբողջական վերացմամբ, Արեւմտյան ափում պաղեստինյան տների ու տարածքների նկատմամբ ոտնձգությունների ամբողջական դադարեցմամբ եւ Նեթանյահուի եւ Էհուդ Բարաքի պես ոճրագործներին դատարանի առջեւ կանգնեցնելով:

Իսկ Պաղեստինի մարտնչող եւ Գազայի ժողովուրդն ու ժողովրդական կառավարությունը էլ գիտենան, որ այժմ իրենց չարագործ թշնամին առավել քան երբեւէ թույլ եւ խոցելի է: Նախորդ տարիներին Լիբանանի, այնուհետեւ Գազայի հատվածի վրա հարձակումները այս խելագար քայլերից էին, որ սիոնիզմի գահին բազմած ահաբեկիչներին մոտեցրեց վերջնական անկման անդունդին», ասվում է Խամենեիի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---