Գերմանահայ փաստաբան Շտեֆան Թաշջյանը պահանջում է, որ Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությանը և գերմանական կառավարության մեղսակցությունը

Գերմանահայ փաստաբան Շտեֆան Թաշջյանը պահանջում է, որ Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությանը և գերմանական կառավարության մեղսակցությունը

PanARMENIAN.Net - Գերմանահայ փաստաբան Շտեֆան Թաշջյանը դատի է տվել Գերմանիայի կառավարությանը` նպատակ ունենալով նրա կողմից հասնել 1915-16թթ. հայ ժողովրդի ջարդերի ճանաչմանը որպես Ցեղասպանության, ինչպես նաև հասնել այն փաստի հաստատմանը, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատասխանատու է այդ Ցեղասպանության համար, քանի որ Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանի համաձայն, հանդիսանում է Գերմանական Երկրորդ ռայխի (Կայզերական Գերմանիայի) իրավահաջորդը: Հունիսի 21-ին փաստաբանը համապատասխան հայց է ներկայացրել Բեռլինի վարչական դատարան:

«Ես պետք է հայց ներկայացնեի դեռևս այս տարվա ապրիլի 24-ին, սակայն շատ զբաղված էի: Բայց ես շատ ուրախ եմ, որ հայց ներկայացրեցի հենց այսօր, երբ Հայաստանի նախագահն այցով ժամանել է Գերմանիա: Ես հուսով եմ, որ երկու երկրների իշխանությունները կքննարկեն այս հարցը, քանի որ ինձ համար շատ կարևոր է Հայաստանի աջակցությունն այս հարցում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է Շտեֆան Թաշջյանը:

Նա ընդգծել է նաև, որ դեռևս 2007 թվականի մարտին ինքը Բունդեսթագի Կովկասի գործերով վարչությանը Հայոց ցեղասպանության իրագործմանը գերմանացի զինվորների անմիջական մասնակցությունը հաստատող փաստեր է տրամադրել: «Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ զրույցից հետո, ես գերատեսչությանը տրամադրեցի Գերմանիայի արտաքին գործերի նախարարության իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են գերմանացի զինվորները ջարդեր իրականացրել Ուրֆա և Զեյթուն քաղաքներում, ինչպես են բանակի հրամանատարները գերմանական գնդացիրներից կրակ բացել հայերի բնակելի տների ուղղությամբ, որպեսզի թուրքերին ավելի հեշտ լինի ներխուժել»,- նշել է Թաշջյանը` ավելացնելով, որ արդեն 2010 թվականի փետրվարին, երբ Գերմանիայի Ձախերի «Die Linke» կուսակցությունը նույն հարցերն ուղղեց գերմանական կառավարությանը, ինչ ինքը, ապա կառավարությունը պատասխանեց թուրքական ժխտողականության տեսակետից: «Նրանք ժխտեցին Ցեղասպանության փաստը` հայտարարելով, որ դա պատմաբանների գործն է: Դա խայտառակություն է Գերմանիայի կառավարության համար, քանի որ անվիճելի փաստ է այն, որ Հայոց ցեղասպանություն չէր լինի, եթե Գերմանական Ռայխն իր համաձայնությունը չտար»,- ընդգծել է փաստաբանը:

Գործը 2 շաբաթվա ընթացքում կքննվի Բեռլինի վարչական դատարանում, այժմ այն քննարկման նպատակով գտնվում է Գերմանիայի կառավարությունում: Դատական լսումները կկայանան մոտ կես տարի անց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---