Վահրամ Աթանեսյան. Արցախի համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը չի արտահայտում առկա իրողությունները

Վահրամ Աթանեսյան. Արցախի համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը չի արտահայտում առկա իրողությունները

PanARMENIAN.Net - Իր հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և որ այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով երեք սկզբունքների հիման վրա, որոնք հնչեցվեցին 2009-ին Ակվիլայում, իսկ կողմերին էին ներկայացվել 2007 թվականին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Ըստ նրա, այս իրավիճակում արդեն կարևոր է Ադրբեջանի արձագանքը: «Հայաստանն արդեն բազմիցս է հայտարարել, որ ընդունում է Մադրիդյան սկզբունքները որպես հիմք հետագա բանակցային գործընթացի համար, այժմ Ադրբեջանի արձագանքից կախված կլինի բանակցային գործընթացի ճակատագիրը»,-ասել է Աթանեսյանը:

«Արցախի համար, այդ հայտարարությունը չի արտահայտում իրողությունները, քանի որ ԼՂՀ-ն արդեն կայացել է որպես պետություն և նպատակահարմար կլիներ, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները գտնեին առկա իրողությունների քաղաքական և իրավական ձևակերպման տարբերակ` այսինքն, հնարավոր լիներ ԼՂՀ անկախությունը, որպեսզի Արցախն Ադրբեջանի հետ հավասար կարողանա պաշտպանել իր իրավունքները»,-ասել է Աթանեսյանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ G8 գագանթաժողովում, որն անցնում է Կանադայում:

Հայտարարության մեջ ասվում է. «Մենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներս, հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հիմնարար սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնագիր մշակելու հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան ակտի դրությների վրա և 2009 թ. հուլիսին Ակվիլայում արված հայտարարության վրա, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը անվտանգության և ինքնավարության երաշխիքով, միջանցքի առկայությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավաբանական կարգավիճակը կսահմանվի ավելի ուշ` ժողովրդի կամքի արտահայտման միջոցով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---