Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ոչ ՀԱՊԿ-ին, ոչ ՆԱՏՕ-ին

Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ոչ ՀԱՊԿ-ին, ոչ ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ոչ ՀԱՊԿ-ին, ոչ ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Նրա խոսքերով, քանի դեռ ՀԱՊԿ-ը բացատրություններ չի ներկայացրել Հայաստանի «ագրեսիվ քաղաքականության» առնչությամբ, Ադրբեջանը այդ կազմակերպության հետ քննարկելու առարկա չունի:

«Բացի այդ, 1992 թվականից ի վեր, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշտապես բանակցություններ են տարվում ռազմական համագործակցության վերաբերյալ: Սակայն մենք միշտ Մոսկվայի դիմաց դրել ենք ղարաբաղյան հարցի կարգավորման պայմանը: Ցավոք, մինչ այսօր այդ ոււղղությամբ ոչինչ չի արվել: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը գտնվել ՀԱՊԿ-ի կազմում, եթե այնտեղ կա Հայաստան»,- նշել է նա:

Ա. Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում անդմակցել ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ ՀԱՊԿ-ին այնքան ժամանակ, քանի դեռ այդ կազմակերպությունները չդատապարտեն Հայաստանին:

Նա նաև հիշեցրել է լրագրողներին, որ դեռ 1992-ին ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի միջև կնքվել է համաձայնագիր սովորական սպառազինության վերաբերյալ, ըստ որի կարգավորվում է սպառազինության չափը Հարավային Կովկասի երկրների համար: «Մենք գտնում ենք, որ Երևանի և Մոսկվայի միջև վերջին համաձայանգրի կնքումը կարող է խախտել վերոնշյալ փաստաթղթի կետերը»,- ընդգծել է նա:

Հասանովի խոսքերով, ԵԱՀԿ-ն ևս պետք է իր դիրքորոշումը հայտնի տվյալ հարցով: Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ադրբեջանը չի մտադրվում խառնվել Ռուսաստանի և Հայաստանի երկկողմանի հարաբերություններին, հաղորդում է 1news.az-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---