Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է «Լիբենսկի Բրիխտովա. քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է «Լիբենսկի Բրիխտովա. քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը` ներկայությամբ չեխ արվեստագետ Յարոսլավա Բրիխտովայի: «Այս ցուցահանդեսը մեկ անգամ ևս վկայում է հանրաճանաչ չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող հոգևոր կապի մասին», - ասել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

1988 թ. բնության ավերիչ ուժը ցնցեց Հայաստանի հյուսիսային շրջանները` փլատակների վերածելով գյուղեր ու քաղաքներ: Լիբենսկի Բրիխտովա զույգի «Քաղաքի ուրվագծերը» քանդակները արվեստագետների արձագանքներն են այդ արհավիրքին, որը հազարավոր կյանքեր խլեց:

«Լիբենսկի Բրիխտովա. քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսով երևում է չեխ արվեստագետ զույգի ստեղծագործական մտքի անսահմանությունը և ապակու կերպափոխումը իրականության ներդաշնակ տարածությունների: Ստանիսլավ Լիբենսկին (1921-2002) և Յարոսլավա Բրիխտովան (ծնվ. 1924 թ.) վերաիմաստավորեցին ապակու կիրառումը` որպես գեղարվեստական արտահայտչամիջոց, ստեղծագործական նոր հորիզոններ բացահայտելով վերջինիս համար: «Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի այս յուրահատուկ գործերը ոչ միայն կազմում են Գաֆեսճյան հավաքածուի հիմքը, այլև Հայաստանի համար Գաֆեսճյան ջառանգության նախատեսած կարևորագույն արժեքներ են», - ասել է «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամի հոգաբարձու Օթո Թոյերը:

«Լիբենսկի Բրիխտովա. քաղաքի ուրվագծերը» չեխ արվեստագետ զույգի երկրորդ ցուցադրությունն է Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Առաջին ցուցահանդեսը բացվել էր 2009 թ. նոյեմբերին: Երկու ցուցադրություններն էլ ընդամենը մի քանի դրվագ են ներկայացնում ամբողջ Գաֆեսճյան հավաքածուից, որում տեղ են գտել հանրահայտ զույգի հարյուրից ավելի գործեր:

«Լիբենսկի Բրիխտովա. քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը գործում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---