ՄԻԵԴ Մեծ պալատը քննության առավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ Մեծ պալատն այսօր` օրվա երկրորդ կեսին քննության առավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: Այս գործի դիմումատուն ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանն է: 2006 թվականին հանձնված գանգատով, ներկայացնելով հայրենի գյուղից հարկադրաբար հեռանալու հանգամանքները և տեղեկացնելով հայրենի տուն վերադառնալու իր պահանջն Ադրբեջանի կողմից մերժելու մասին, դիմումատուն վիճարկել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Դիմումատուն փաստարկել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), ինչպես նաև 8-րդ և 9-րդ հոդվածների (կրոնի ազատություն) խախտումը:

Դատարանում կայացած լսումներից հետո փաստաբան Նարինե Գասպարյանը հայտնեց, որ իրենց գործի առնչությամբ դատարանը հիմնականում հետաքրքրվել է Գյուլիստանում Ադրբեջանի իրավազորության և գանգատը ներկայացնելու ժամկետների մասին:

Լսումների ընթացքում բարձրացվեց Գյուլիստան գյուղի նկատմամբ Ադրբեջանի արդյունավետ վերահսկողության հարցը, սակայն պատասխանող կողմը, ի դեմս Ադրբեջանի շահերի պաշտպանների, չկարողացավ հիմնավորված հերքել դա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---