Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բրազիլիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բրազիլիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

PanARMENIAN.Net - Հունվարի սկզբին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ գտնվում էր Լատինական Ամերիկայում: Հայաստանի ԱԳ նախարարը հունվարի 1-ին Բրազիլիայում մասնակցեց երկրի նորընտիր նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությանը եւ փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:

Հունվարի 2-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բրազիլիայի նորանշանակ ԱԳ նախարար Անտոնիո դե Ագիար Պատրիոտայի հետ: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ իր երկրի կողմից Հայաստանին տրվող կարեւորության եւ նրա հետ համագործակցության զարգացման մտադրության մասին է վկայում այն փաստը, որ Կովկասում առաջին դեսպանությունը Բրազիլիան հիմնել է Երեւանում եւ գոհունակություն հայտնեց, որ 2010 թվականին Հայաստանը եւս դեսպանություն հիմնեց Բրազիլիայում:

Նախարար Նալբանդյանը շնորհավորելով ԱԳ նոր նախարարին` նշանակման կապակցությամբ` համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով Հայաստանի հարաբերությունները բարեկամական Բրազիլիայի հետ ավելի ամրապնդվեն եւ կխորանան: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանն ու Անտոնիո դե Ագիար Պատրիոտան հանգամանալից զրույց ունեցան երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ: Նախարարները քննարկեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, քաղաքական խորհրդակցությունների անցկացման, տնտեսական կապերի խորացման, իրավապայմանագրային դաշտի ստեղծման, մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի եւ Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը այցելեց նաեւ Բրազիլիայի կառավարության կողմից ՀՀ դեսպանության կառուցման համար տրամադրված տարածք, ուր մոտ ապագայում սկսվելու է դեսպանության շենքի կառուցումը:

Հունվարի 2-ին Էդվարդ Նալբանդյանը այցելեց Սան Պաուլո, ուր ազգային առաջնորդարանում հանդիպեց բրազիլահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը Տիրուհի Հիլդա Բուրմայանին հանձնեց Սան-Պաուլոյում ՀՀ գլխավոր պատվո հյուպատոսի վավերագիրը /պատենտը/:

Սան-Պաուլոյում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---