Բակո Սահակյան. Արցախի հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության բանակն է

Բակո Սահակյան. Արցախի հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության բանակն է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 3-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն` իշխանության օրենսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են պաշտպանության բանակի հետ համագործակցության հարցեր:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության բանակն է, որի մարտունակության բարձր մակարդակը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման և հարևան պետությանը ապակառուցողական քայլերից զերծ պահելու կարևորագույն գործոններից մեկը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել բանակ-հասարակություն հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն ուղղված խնդիրներն ու միջոցառումները: Այս համատեքստում Նախագահը կարևորել է պաշտոնյաների և հասարակական հատվածի ներկայացուցիչների ավելի հաճախակի այցելությունները զորամասեր, տեղում հանդիպումները անձնակազմի հետ և անհրաժեշտ օգնության ցուցաբերումը՝ բանակի առջև ծառացած խնդիրների լուծման գործին նպաստելու համար:

Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքացիական պաշտպանության հիմնախնդիրներին:

Ելույթներով հանդես են եկել նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ շտաբի պետ Լևոն Մնացականյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---