Մոսկվայում ծաղկեպսակ դրեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի դիմաց

Մոսկվայում ծաղկեպսակ դրեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի դիմաց

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Մոսկվայի Սբ.Հարություն եկեղեցու տարածքում Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակ դնելու արարողություն` ի հիշատակ 1988թ.-ի փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների վայրագությունների արդյունքում զոհված անմեղ հայ բնակչության:

Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներն` արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչության աշխատակիցները, տեղի հայկական հասարակական կազմակերպությունների անդամները, մոսկովյան բուհերի հայ ուսանողներն ու Մոսկվայում բնակվող հայեր:

Հիշատակման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը` նշելով, որ 88-ին Սումգայիթում տեղի ունեցածը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է, և աշխարհասփյուռ հայությունն ու մայր Հայաստանը երբևէ չեն մոռանա կատարվածը: ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր խոսքը հղեց ներկաներին` նշելով, որ Սումգայիթում տեղի ունեցածը պետք է որակել որպես եղեռն` շարունակությունը 1915թ.-ի Մեծ Եղեռնի: Օլեգ Եսայանի խոսքով` Սումգայիթի ջարդերը նպատակ էին հետապնդում կասեցնելու Լեռնային Ղարբաղի` Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու հայերի ձգտումներն ու թևաթափ անելու պատմական արդարության վերականգնման ուղղված հայության արդարացի մղումները: «Այդուհանդերձ, ադրբեջանական իշխանությունների վայրագությունները չընկճեցին հայերին և Լեռնային Ղարբաղի Հանրապետության հռչակումն այլևս իրականություն է», - ամփոփեց դեսպանը:

Ելույթներից հետո ներկաները ծաղկեփսակներ և ծաղիկներ դրեցին Սումգայիթի նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև, հաղորդում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---