Բակո Սահակյան. Արցախը պատրաստ է և հարկ եղած դեպքում կարող է պաշտպանել իր անկախությունն ու անվտանգությունը

Բակո Սահակյան. Արցախը պատրաստ է և հարկ եղած դեպքում կարող է պաշտպանել իր անկախությունն ու անվտանգությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Միջազգային հարաբերությունների և ռազմավարական ծրագրերի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված «1994 թ. զինադադարից 17 տարի անց. ո՞ւր է հասել Լեռնային Ղարաբաղն այսօր» կոնֆերանսին և հանդես եկել ելույթով:

Երկրի ղեկավարն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի նախապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախում պետականաշինության գործընթացին, ինչպես նաև շոշափել է ԼՂՀ միջազգային ճանաչման և նրա արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Խոսելով հիմնախնդրի նախապատմության մասին` Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը պատմական Հայաստանի նահանգներից մեկն էր և միշտ կարևոր դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ` հանդիսանալով հայոց անկախ պետականության վերջին բեկորը և ազգային-ազատագրական պայքարի էպիկենտրոնը: Նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի ծագման սկիզբը համարել է 1918 թվականը, երբ Օսմանյան Թուրքիայի անմիջական միջամտությամբ Անդրկովկասում ստեղծվում է Ադրբեջան անունով պետություն, որը մինչ այդ պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել և կազմավորման առաջին իսկ պահից սկսել է տարածքային պահանջներ ներկայացնել բոլոր հարևան երկրներին` Օսմանյան կայսրության հետ ցամաքային սահման ունենալու և պանթուրքական տիրություն ստեղծելու նպատակով: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի կողմից Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու քայլն ուղղված է եղել Արևելքում բոլշևիզմի տարածմանը:

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է Ադրբեջանի հետ բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով և անմիջական երկխոսության միջոցով լուծմանը, միաժամանակ նշելով, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե Արցախը պատրաստ չէ և հաստատակամ հարկ եղած դեպքում պաշտպանել իր անկախությունն ու անվտանգությունը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության և նրա անվտանգության չնչին իսկ թուլացման մասին, որոնք մեր ժողովրդի համար բացառիկ արժեքներ են և ենթակա չեն սակարկության: Բանակցային գործընթացի ամենամեծ խոչընդոտը նախագահը համարել է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը և այնտեղ պետական ամենաբարձր մակարդակով տարվող ծայրահեղական ու ռազմատենչ հակահայկական քաղաքականությունը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բանակցություններին անհրաժեշտ է մոտենալ` գիտակցելով անցյալին վերադառնալու անհնարինությունը և նախապայմանների վրա հիմնված մոտեցումների անհեռանկարային լինելը:

Շոշափելով Արցախում ընթացող պետականաշինության գործընթացին վերաբերող հարցերը` նախագահը նշել է, որ Արցախի անկախ պետության ձևավորումը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին, և նրա հիմքում ընկած են անկախության, ինքնիշխանության ու ժողովրդավարության սկզբունքները: Բակո Սահակյանի խոսքով` մեր ժողովրդի կամքը, նրա մտավոր ներուժը, լավատեսությունն ու աշխատասիրությունը, երկրի անվտանգության հիմնական երաշխավորը հանդիսացող հզոր ու մարտունակ բանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մշտական աջակցությունը հանդիսանում են ԼՂՀ բոլոր ձեռքբերումների հիմքը:

Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման մասին` երկրի ղեկավարը նշել է, որ թեպետ այս գործընթացը սերտորեն փոխկապակցված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթացներ են: Ըստ Բակո Սահակյանի` կարելի է մտածել, որ մեր հանրապետությունը կհասնի իր միջազգային ճանաչմանը հակամարտության կարգավորումից հետո: Բայց նույն հաջողությամբ կարելի է ասել, որ հակամարտությունը կկարգավորվի Արցախի միջազգային ճանաչումից հետո: Նախագահը նշել է, որ վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տալիս, որ համանման հակամարտությունների կարգավորումն ընթանում է հենց այս տարբերակով, որի վառ օրինակն են Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան և Հարավային Սուդանը: Երկրի ղեկավարն ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաստակել է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու իրավունքը և քաղաքական, և իրավական, և բարոյական տեսանկյուններից: «Արցախի Հանրապետության գոյության երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է կառուցել ժողովրդավարական, կայուն զարգացող և ոչ մեկին վտանգ չներկայացնող երկիր: Իսկ նման երկիրը չի կարող չճանաչվել»,- եզրափակել է նախագահը:

Ելույթից հետո Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների հարցերին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---