Տիգրան Սարգսյան. ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանը կկարողանա նոր թափ հաղորդել բարեփոխումներին

Տիգրան Սարգսյան. ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանը կկարողանա նոր թափ հաղորդել բարեփոխումներին

PanARMENIAN.Net - Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Փիթերս Դանիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-բելգիական երկկողմ կապերի հետագա ակտիվացման հնարավորությունները, գործակցության հնարավոր հեռանկարները։

Հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարն, անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին նպաստող համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորման հարցին, նշել է, որ Հայաստանի ընդհանուր բարեփոխումների մեջ կարևոր մաս են կազմում հարկային և մաքսային ոլորտները։ «Հասկանալի է, որ ԵՄ-ից ակնկալում ենք տեխնիկական աջակցություն և փորձի տրամադրում։ Հանձնարարական է տրված բոլոր կառույցներին՝ քննարկել հնչած առաջարկները, որպեսզի ԵՄ-ի աջակցությամբ կարողանանք նոր թափ հաղորդել մեր բարեփոխումներին»,- նշել է ՀՀ վարչապետը։

Երեկ՝ մարտի 15-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի հանդիպման ժամանակ քննարկվել են մուտքի արտոնագրերի` հեշտացված տարբերակով տրամադրման գործընթացին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ կողմից առաջարկված Ասոցացման, Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրերին վերաբերող հարցեր:

Ֆյուլեի խնդրանքով` ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը և վերջինիս վրա ազդող գործոնները: Շթեֆան Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ի կողմից պատրաստակամություն է հայտնվում տրամադրել փորձագետներ, ովքեր կգան ու կօգնեն Հայաստանին կատարել ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի նախապայմանները։ Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ն կրկին իր աջակցությունն է հայտնում Հայաստանին։ Վարչապետ Սարգսյանն ի պատասխան նշել է, որ Հայաստանն ունի կամք և պատրաստակամություն` կատարելու բոլոր անհրաժեշտ քայլերը։

Նշենք նաև, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրեն Ժան Լյուկ Դեմարթիի հետ, որի ընթացքում քննարկվել են տնտեսական ոլորտում համագործակցության` առաջիկայում իրականացվելիք քայլերի մանրամասները, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---