Սինգապուրի ԱԳՆ ղեկավարը հայերի փոքր համայնքը համարում է «երկրի թագի զարդերից մեկը»

Սինգապուրի ԱԳՆ ղեկավարը հայերի փոքր համայնքը համարում է «երկրի թագի զարդերից մեկը»

PanARMENIAN.Net - Մարտի 25-28-ն աշխատանքային այցով Սինգապուրում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Սինգապուրում առաջին քրիստոնեական կառույցի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու 175-ամյակին նվիրված միջոցառումներին:

Մարտի 26-ի առավոտյան տիկին Հ.Հակոբյանն այցելեց Սինգապուրում հայկական համայնքի պատմությանն առնչվող տեսարժան վայրեր: Նույն օրը երեկոյան ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ռաֆլզ հյուրանոցում կայացած ընդունելությանը, որը եզրափակվեց հայ երաժիշտների կատարմամբ եվրոպական և հայ դասական երաժշտության համերգով:

Ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Ոսկան Արքեպիսկոպոս Կալպակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի թեմի առաջնորդ Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը, Սինգապուրի Ազգային պատմամշակութային արժեքների պահպանման խորհրդի նախագահ Թոմի Քոհը, Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամներ և այլք: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա էր ավելի քան 160 հայ` աշխարհի 14 երկրից, այդ թվում` շուրջ 40 ներկայացուցիչ` Սինգապուրի հայ համայնքից: Երեկոն արձանագրեց Սինգապուրում հայերի թերևս ամենամարդաշատ հավաքը:

Հաջորդ օրը` մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցում մատուցված պատարագին, որին, ի թիվս այլ մասնակիցների, ներկա էր նաև Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յոն: Պատարագից հետո հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յոն: Վերջինս, մասնավորապես, ընդգծեց, որ «հայերի փոքր համայնքը երկրի թագի զարդերից է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---