ԵՄ-ն ևս մեկ անգամ Հայաստանի ուշադրությունը հրավիրում է մարդու իրավունքների կարևորությանը

ԵՄ-ն ևս մեկ անգամ Հայաստանի ուշադրությունը հրավիրում է մարդու իրավունքների կարևորությանը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարությունը հրապարակել է «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» 2010 թվականի զեկույցը, որում հիշատակվում է նաև Հայաստանը: Զեկույցում նշվում է, մասնավորապես, որ ԵՄ-ն ևս մեկ անգամ Հայաստանի ուշադրությունը հրավիրում է մարդու իրավունքների կարևորությանը՝ որպես լիովին ժողովրդավարական հասարակություն ստեղծելու հիմնական տարր:

Հղում է կատարվում ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի զեկույցին, ըստ որի ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխությունները բավարար չեն ԶԼՄ-ների բազմակարծությունը ապահովելու համար, և ԵՄ-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը և օրենսդիրներին շարունակել սերտորեն համագործակցել քաղաքացիական հասարակության, Եվրոպայի և ԵԱՀԿ փորձագետների հետ, որպեսզի օրենքը նպաստի մամուլի ազատությանը և համապատասխանի եվրոպական չափանիշներին:

Անդրադարձ է կատարվում նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) զեկույցին, որը նշում է Հայաստանի արդարադատության համակարգի թերացումները, որոնք ի հայտ եկան 2008-ի մարտի հետընտրական բռնությունների դատական լսումների ժամանակ: Խորհուրդ է տրվում հաշվի առնել ԺՀՄԻԳ զեկույցը դատաիրավական համակարգի բարեփոխումներն իրականացնելիս:

ՄԹ Արտգործնախարարության զեկույցում նշվում է, որ տնտեսական և քաղաքական կյանքում հայ կանանց նկատմամբ շարունակվում է խտրական մոտեցումը, և մտահոգություն է արտահայտված Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով, ասվում է Երևանում բրիտանական դեսպանատան մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---