Լեհ փորձագետները թերահավատ են «Արևելյան գործընկերության» հաջողության հարցում

Լեհ փորձագետները թերահավատ են «Արևելյան գործընկերության» հաջողության հարցում

PanARMENIAN.Net - Լեհական Հասարակական գործերի ինստիտուտի (Instytut Spraw Publicznych, ISP) փորձագետները Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետությունների բարդ համագործակցություն են կանխատեսում Euronest Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: «Առայժմ «Արևելյան գործընկերության» պետությունների մոտեցումը Euronest-ին հույսի առիթ չի տալիս, որ համագործակցությունը դյուրին է լինելու: Նրանք բազմիցս հետաձգել են առաջին հանդիպումը, դժգոհություն հայտնել Եվրոպական խորհրդարանի առաջարկների վերաբերյալ»,- նշել են փորձագետները: Նման դիրքորոշումը, փորձագետների գնահատմամբ, հանգեցրեց նրան, որ եվրոպական կողմը նույնպես կորցրեց այդ նախագծի իրականացման հանդեպ հետաքրքրությունը: Ագնեշկա Լադան, որը եվրոպական ծրագիր է ղեկավարում ISP-ում, նշել է, որ Euronest-ը լուրջ իրավասություններ չի ունենալու, այլ կկարողանա միայն ընդունել խորհրդատվություն տրամադրել ու բանաձևեր ընդունել: Նրա խոսքով, նման ձևաչափը նույնպես չի ուժեղացնում «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների հետաքրքրվածությունն այդ նախագծով:

«Euronest-ի առաջին նիստը լակմուսի թուղթ կդառնա` արդյոք արևելյան պատգամավորներն իսկապես ընդհանուր լեզու կգտնեն եվրոպական քաղաքական գործիչների հետ»,- նշել է արևելյան քաղաքականության հարցերի ISP փորձագետ Էլժբետա Կացան:

Նա ավելացրել է, որ այդ նախաձեռնության շրջանակներում համագործակցության ակտիվացման հարցում պետք է առաջին հերթին հետաքրքրված լինեն «Արևելյան գործընկերության» պետությունները, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---