Նուրսուն Էրել.

Հայերն ու թուրքերը պետք է շփվեն բոլոր մակարդակներով

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունները վերջերս աշխուժացման միտում ունեն, թեկուզ փորձագետների եւ լրագրողների մասնավոր այցերի մակարդակով: Սակայն եղել են եւ կան հարցեր, որոնք չլուծելով, հնարավոր չի լինի նորմալ հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ: Դա Հայոց ցեղասպանությունն է, փակ սահմանը եւ Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում: PanARMENIAN.Net-ի խնդրանքով, թուրքական մամուլի դիրքորոշումը պարզաբանել է «The New Anatolian» գործակալության քաղաքական մեկնաբան Նուրսուն Էրելը:
Հայաստանի եւ Թուրքիայի համար արգելք է հանդիսանում Հայոց ցեղասպանությունը: Կարո՞ղ են արդյոք որեւէ փոփոխություններ լինել այդ հարցի հանդեպ Թուրքիայի մոտեցման առումով:

1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին խոսում են երկու կողմերը, ընդ որում դիրքորոշումներն, ինչպես միշտ հակադիր են: Յուրաքանչյուր կողմից բերվում են թվեր, փաստաթղթեր, հերքումներ կամ հաստատումներ: Հայերն ու թուրքերը պետք է հաղթահարեն բոլոր տաբուները եւ բաց երկխոսւթյուն սկսեն: «Ինչպես գիտեք, վերջերս Ստամբուլի համալսարանում Ցեղասպանությանը նվիրված գիտաժողով տեղի ունեցավ, որն անընդհատ հետաձգվում էր: Սակայն, ի վերջո, այն կայացավ: Այնտեղ հրապարկվեցին շատ հետաքրքիր փաստաթղթեր, որոնք վերաբերում են երիտթուրքերի կառավարմանը: Ես, օրինակ, կարդացել եմ հայերին բռնագաղթի ենթարկելու մասին ներքին գործերի նախարար Թալայաթ-փաշայի հրամանի երկու բոլորովին հակառակ վարկածները: Մեկում բերվում է «բոլոր հայերին, առանց սեռի եւ տարիքի խտրականության, ոչնչացնելու մասին» հեռագիրը, մյուսում` հատվածներ նրա օրագրերից, որտեղ նա գրում է, որ չէր կարող նման անմարդկային հրաման արձակել: Այնպես որ, հարկավոր է բացել բոլոր փաստաթղթերը:

Քաղաքական գործիչները խանգարում են երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Թուրքիայից Հայաստան եւ հակառակը մեկնել շրջանցիկ ճանապարհով, երբ կա Կարս-Գյումրի ճանապարհը, ճիշտ չէ: Մենք պետք է ավելի շատ շփվենք, ավելի շատ խոսենք: Գուցե, այդ դեպքում հարաբերությունները մեր երկրների միջեւ նորմալանան:

Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը անմիջականորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ: Որքանո՞վ է այն համապատասխանում ազատ եւ ժողովրդավարական մամուլի հասկացություններին:

Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը շատ սխալ է եւ այն պետք է փոփոխության ենթարկվի: Թուրքական մամուլը հիմնականում դեմ է այդ հոդվածին եւ ցանկանում է հասնել եթե ոչ նրա վերացմանը, ապա գոնե փոփոխությանը «ազգային արժանապատվության ոտնահարման» մասում: Ներկայումս կառավարությունը շատ ծանր կացության մեջ է գտնվում` նրա վրա ճնշում են գործադրում մամուլը, Եվրամիությունը, պահանջելով ուղղումներ կատարել կամ չեղյալ հայտարարել ՔՕ որոշ դրույթներ: Ես հուսով եմ, որ մենք կհասնենք մեր ուզածին: Առանց այդ հոդվածի փոփոխման լուրջ բաների մասին գրել Թուրքիայում ուղղակի անհնար է: Հիմնականում դա վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ 301-րդ հոդվածը չի խանգարում Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, սակայն դա այդպես չէ: Այն սահմանափակում է խոսքի եւ արտահայտվելու ազատությունը: Հենց այդ հոդվածով են տարբեր ժամանակ դատապարտվել հայտնի թուրք լրագրողներ, այդ թվում հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկը եւ շատ ուրիշներ: Սակայն ցանկանում եմ ասել հետեւյալը: Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը ֆրանսիական խորհրդարանի կողմից, իհարկե, Ֆրանսիայի ներքին գործն է, սակայն այդ օրինագիծը շատ վնաս հասցրերց թուրք-ֆրանսիական հարաբերություններին: Գուցե այն պետք է հայ սփյուռքին, չգիտեմ: Սակայն այնտեղից պետք է հանել այն դրույթն, ըստ որի պատասխանատվության են ենթարկվում նաեւ գիտնականները եւ պատմաբանները: Նրանք կարող են տարբեր կարծիքներ հայտնել եւ նրանց չի կարելի դատել դրա համար: Դա եւս խոսքի ազատության խախտում է:

ԵՄ բանակցությունները Թուրքիայի հետ կարող են դադարեցվել Կիպրոսի հարցի պատճառով: Ի՞նչ եք կարծում, փոփոխություններ հնարավոր են երկու կողմերի դիրքորոշումներում:

Եվրամիությունն ու Թուրքիան շատ են խոսում Կիպրոսի հարցի վերաբերյալ, սակայն խնդրի հնարավոր լուծման հույսը շատ աղոտ է: Կան որոշ հույսեր, կապված ՄԱԿ-ի ծրագրի հետ, որը կարող է շարժել բանակցությունները մեռյալ կետից: «Սակայն թուրքերի եւ կիպրոսցիների շրջանում արդեն ստեղծվել է անվստահության եւ հիասթափության մթնոլորտ: Մենք պետք է միասին քայլեր ձեռնարկենք իրավիճակի շտկման համար:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Թուրքիայի համար «եղբայրական երկիր է»: Չի խանգարում դա արդյո՞ք հարաբերությունների հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:

Թուրքիան չպետք է որեւէ դիրքորոշում ունենա «կռվախնձոր» դարձած Լեռնային Ղարաբաղի խնդրում: Դա շատ է խանգարում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանում: Ադրբեջանը խանդով է վերաբերվում հայ-թուրքական շփումներին: Օրինակ, երբ հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի խոսնակները, Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահը շատ «դժգոհ» էր: Ես կարծում եմ, որ հայերի հետ պետք է շփվել բոլոր մակարդակներով: Ի վերջո, նրանք մեծ հետք են թողել Թուրքիայի պատմության եւ մշակույթի մեջ` բավական է նշել միայն Ախթամարի վանքը, որը վերջերս վերականգնվեց Թուրքիայի հայազգի ճարտարապետի կողմից:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---