Հիլդա Չոբոյան.

Թուրքիայի քաղաքականությունը քրիստոնյա փոքրամասնությունների հարցում անփոփոխ է 200 տարի շարունակ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից հետո Եվրոպայի Հայկական ֆեդերացիան (EAFJD) համարվում է ամենաազդեցիկ հայկական լոբբիստական կազմակերպություններից մեկը: «Հայ Դատի» եվրոպական հանձնախումբը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, որը պետք է բխի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից: PanARMENIAN.Net-ի հարցերին է պատասխանում EAFJD ղեկավար Հիլդա Չոբոյանը:
Ըստ ԶԼՄ-ների Թուրքիան ակտիվացրել է պայքարը Ցեղասպանության ճանաչման դեմ ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ Եվրոպայում: Ինչի՞ց է վախենում Թուրքիան:

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը բուն Թուրքիայի, թուրքական հասարակության մեջ է: Եթե այդ երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանությունն, այն կդադարի գոյություն ունենալ որպես պետություն: Ողջ աշխարհի աչքերում Թուրքիան հանդես կգա որպես ցեղասպան պետություն, որը սպառնալիք է հարեւան երկրների, աառաջին հերթին, Հայաստանի համար: Շատ է խոսվում այն մասին, թե Թուրքիայի ներկայիս իշխանությունները պատասխանատու չեն 20 դարի սկզբի իրադարձությունների համար, որ Հայոց ցեղասպանությունը պետք է թողնել պատմաբանների դատին: Սակայն այդ տեսակետը ճիշտ չէ: «Հայ Դատի» հանձնախմբերը համոզված են, որ ներկայիս Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, քանի որ հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մերձավոր շրջապատը կազմում էին մարդիկ, որոնք մեղավոր էին հայ ազգի ոչնչացման համար: Այդ պատճառով է, որ նա պատասխանատու է Ցեղասպանության համար: Փաստորեն, Թուրքիայի քաղաքականությունը քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ անփոփոխ է 200 տարի շարունակ:

Կարո՞ղ է «Հայ Դատի» եվրոպական գրասենյակն ազդել Հայոց ցեղասպանության ճանաչման վրա բոլոր եվրոպական երկրներում, մասնավորապես, Գերմանիայում:

Ինչպե՞ս գիտեք, հենց Գերմանիան է բոլոր ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունման նախաձեռնողը, սակայն օրինագծի տեքստում չի հիշատակվում Հայոց ցեղասպանությունը: Մենք մտադիր ենք պնդել, որ դա անպայման արվի: Եվրոպական հանձնախումբն ակտիվորեն համագործակցում է այս հարցում` մենք 12 կոմիտեներ ունենք, որոնք ընդգրկում են տարբեր ազգերի ներկայացուցիչների եւ մեր ընդհանուր նպատակն է ցեղասպանությունների ճանաչումն ու կանխումը: Նշեմ, որ խնդիրն այս դեպքում Գերմանիան չէ, որն այդ օրենքի ընդունման կողմնակից է, այլ ԵՄ երկրների ընդհանուր տրամադրվածությունը: Մայիսի 19-ին կսկսվեն լսումները Եվրախորհրդարանում, եւ եթե օրինագիծը հավանության արժանանա, դա կնշանակի, որ այն պարտադիր է ԵՄ բոլոր երկրների համար` յուրաքանչյուր երկրի օրենսդրության հետ համաձայնեցնելուց հետո: «Հայ Դատի» հանձնախմբերը պետք է աշխատեն տարեբր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Եթե դա կատարվի, արդյունքում Հայոց ցեղասպանությունը կճանաչվի միջազգային հանրության կողմից:

Հայոց ցեղասպանությունը առաջինն էր 20-րդ դարում, սակայն չգիտես ինչու համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Հոլոքոսթի վրա:

Համաշխարհային հանրությունը չէ, որ այդպես է կարծում, իրենք հրեաներն են համոզված դրանում: Նրանք իրենց համարում են աստծո կողմից ընտրյալ ժողովուրդ եւ հայտարարում են, որ իրենցից բացի ոչ ոք չի ենթարկվել ոչնչացման: Դա խնդրի արմատապես սխալ մեկնաբանում է, եւ ես պետք է ասեմ, որ հրեա համայնքները սկսել են հասկանալ դա: Նրանք հիանալի հասկանում են, որ եթե ժամանակին գնահատական տրվեր Հայոց ցեղասպանությանը, Հոլոքոսթը գուցե եւ լիներ, բայց ոչ այդ մասշտաբով:

Համարվում է, որ «Հայ Դատի» հանձնաժողովները զբաղվում են միայն Հայոց ցեղասպանության հարցով: Դա իրո՞ք այդպես է:

«Հայ Դատը» զբաղվում է համահայկական խնդիրներով, որոնց թվում կարեւոր տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ զեկույցները ԵԽ-ում չափազանց միակողմանի էին` այնտեղ գերիշխում էր ադրբեջանական տեսակետը: Եվրոպական գրասենյակի ջանքերով, մասնավորապես, ԵԽ կառույցներում կատարած աշխատանքի շնորհիվ մենք հասանք նրան, որ զեկույցներն առավել հավասարակշիռ դարձան: Մեր ելույթներից եւ պարզաբանումներից հետո, զեկույցներում ընդգրկվում է նաեւ Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներից հայ փախստականների վիճակի հարցը: Մենք գտնում ենք, որ պետք է խոսել բոլորի մասին: Իսկ այն, որ Բաքուն իր փախստականներին 15 տարուց ի վեր պահում է վրանային քաղաքներում, պատիվ չի բերում նրան:

Ինչպե՞ս արձագանքեց սփյուռքը երկքաղաքացիության մասին օրենքի ընդունմանը:

Սփյուռքի համար դա շատ սպասված քայլ էր: Երբ հռչակվեց Հայաստանի անկախությունը, մեզնից շատերը հուսով էին, որ նոր հայկական պետությունը կճանաչի մեզ որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ: Սակայն այդպես չեղավ: Այն ժամանակ սփյուռքը շատ էր հիասթափված: Եվ այժմ մենք բարոյական գոհունակություն ստացանք, մենք հայրենիք ունենք, ուր կարելի է գալ եւ անել այն ամենն, ինչ հնարավոր է նրա բարգավաճման համար: Բնական է, ՀՀ «տեղացի» քաղաքացիները մտավախություն ունեն, որ սփյուռքն իր ձեռքը կառնի իշխանությունը, նախագահ կընտրի եւ այլն: Մենք նման ոչ մի բան չենք պատրաստվում անել, օրենքում հստակ նշված են մեր իրավունքներն ու պարտականությունները: Այդ օրենքի ընդունումը ես համարում են չափազանց կարեւոր, նույնիսկ որոշ չափով ուշացած քայլ:
---