Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան

Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան

PanARMENIAN.Net - Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրուցում հայտարարել է, որ քիչ անց նախատեսում են Կիրանցից քայլերթով շարժվել դեպի Երևան: Նախատեսում են մայիսի 9-ին արդեն հասնել Երևան ու մեծ ակցիաների շնորհիվ հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման:

«Այս գործընթացը պետք է դադարեցվի, մեր պահանջը շատ հստակ է», - նշել է Բագրատ սրբազանը, հայտնում է «Ազատությունը»։

Նա նշել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշել է, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի։

«Տեղ կա ոտքով կգնանք, տեղ կա ավտոբուսով կգնանք, թե մետրոն աշխատեց մետրո կնստենք, մեքենայով կգնանք, կպառկենք, կքնեն, մի 3 մ հետ կգանք, մի 6 մ առաջ կգնանք, ինչպես ուզենք այնպես էլ կգնանք»,

Հարցին՝ արդյոք դա հնարավոր են համարում այն դեպքում, երբ ակցիաներին զուգահեռ տեղի է ունենում սահմանազատման և ականազերծման գործընթացը, Բագրատ սրբազանը պատասխանել է՝ «այո, կկանգնեցնենք»՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է դա տեղի ունենալու։

Նա ընդգծել է, որ եթե «սահմանագծման, սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենան ՀՀ օրենքների համաձայն և միջազգային պայմանագրերի հիմունքների ու սկզբունքների վրա»:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---