Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են

Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են

PanARMENIAN.Net - 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրա կատարած հարձակման արդյունքում զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում։ Այդ մասին ասել է «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը:

Նա նշել է, որ չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել, հայտնում է Արմենպրեսը։

Անդրադառնալով Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովի ՀՀ հասցեին հնչեցրած մեղադրանքներին, այն պնդումներին, թե Հայաստանը պատրաստակամ չէ համագործակցելու անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզաբանելու հարցում՝ Գասպարյանն ասել է, որ անթույլատրելի են Ախունդովի կողմից հնչեցված մեղադրանքները։

«Հարկ ենք համարում նշել, որ մեկ անգամ ևս հաստատում ենք հայկական կողմի պատրաստակամությունը հանդիպել և բովանդակային քննարկումներ ունենալ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորածների, պատանդառվածների և գերեվարվածների հարցերով զբաղվող ադրբեջա­նա­կան համապատասխան կառույցի հետ՝ նպատակ հետապնդելով մեկընդմիշտ լու­ծել ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած, պատանդառված, գերեվարված անձանց հետ կապված բոլոր հարցերը: Անհրաժեշտ է հիշեցնել, որ հայկական կողմը 1990-ականներից ունի 777, իսկ 2020 թ-ից հետո՝ 211 գտնվելու վայրն անհայտ անձ, ինչպես նաև պատանդառված և գերեվարված 23 անձ:

Միևնույն ժամանակ, անթույլատրելի է Ախունդովի կողմից հնչեցված մեղադրանքներն առ այն, թե իբրև 1990-ականներին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն իրականացրել է ահաբեկչական գործողություններ, ցեղասպանություն, էթնիկ զտումներ, իսկ դրանից հետո՝ էկոցիդ, վանդալիզմ, գերեզմանների նպատակաուղղված ոչնչացում: Նման մեղադրանքներով հանդես գալն անտրամաբանական է այնքանով, որ այս պահին ակնառու են Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի տեղահան­ան, ադրբեջանցիների կողմից այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային կոթողների և գերեզմանների ոչնչացման, պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների սպանությունների և ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի, քաղաքացիական անձանց գնդակահարությունների, դիակների խոշտանգումների վերաբերյալ բազմաթիվ փաստական տվյալները, այդ թվում ադրբեջանցիների կողմից համացանցում տարածված տեսանյութերը և լուսանկարները:

Ինչ վերաբերում է Ախունդովի այն պնդմանը, թե իբրև անհայտ կորածների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը գտնվում է հայկական կողմի մոտ և միայն համագործակցության միջոցով հնարավոր է պարզություն մտցնել երկու կողմերի անհայտ կորածների ճակատագրերում, ապա տեղին է հիշատակել, որ հունվարի 27-ին «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի պաշտոնական հայտարարությունը, որում հստակ նշված են ինչպես 1990-ականների, այնպես էլ 2020 թ. պատերազմի ընթացքում հայկական կողմում մնացած դիերի ու մասունքների վերաբերյալ հայկական կողմից Ադրբեջանին տրամադրված տեղեկություններ»,–ասել է նա։

Գասպարյանը նշել է նաև, որ բռնի անհետացած հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց վերաբերյալ առկա են ադրբեջանցի զինծառայողների կողմից արված տեսանյութեր, որոնք վկայում են նրանց գերեվարվելու և ողջ մնալու մասին, սակայն ադրբեջանական կողմը նրանց ամբողջ կամ գերեվարված լինելու վերաբերյալ հայտնում է, որ տեղեկություններ չունի, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում անհայտ կորած անձանց որոնման հարցերում ադրբեջանական կողմի իրական միտումները կասկածի տակ դնելու համար:

«Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է անդրադառնալ նրբորեն, գիտակցելով, որ ցանկացած մեղադրանք և հնչեցված ցանկացած միտք կարող է այս կամ այն կերպ ազդել այդ անձանց՝ արդեն իսկ հոգեբանական բարդ դրության մեջ գտնվող հարազատների և մտերիմների սպասումների ու ակնկալիքների վրա, ինչով պայմանավորված՝ ադրբեջանցի մեր գործընկերներին առաջարկում ենք լինել առավել կառուցողական, զերծ մնալ անհարկի մեղադրանքներից, իսկ առկա հարցերն ու խնդիրները լուծել բացառապես փոխըմբռնման մթնոլորտում»,–ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---