Արդեն մոտ 70 տարի Ազնավուրը վայելում է ամբողջ աշխարհի սերն ու համակրանքը

Արդեն մոտ 70 տարի Ազնավուրը վայելում է ամբողջ աշխարհի սերն ու համակրանքը

PanARMENIAN.Net - Նայելով այս զարմանալի, փոքրամարմին մարդուն, չես էլ պատկերացնում, որ 10 օրից լրանում է նրա 90 տարին:

Այնուամենայնիվ, մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնա 90 տարեկան: Բայց մաեստրոն ինչպես միշտ լեփ-լեցուն դահլիճներ է հավաքում աշխարհով մեկ: Ընդհանրապես, երկար ու երջանիկ կյանք են ունենում մարդիկ, որոնք սիրած գործով են զբաղվում: Երևանյան համերգն առաջինն էր հոբելյանական համերգների շարքում: Մայիսի 15-ին նա համերգ կտա Փարիզում՝ «Անակո» զբոսանավի վրա: Համերգին կմասնակցի երգչուհի Ջոան Մենդիլն իր ջազ եռյակով:

Իր ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, շանսոնյեն «Լեգենդը վերադառնում է» խորագրով համերգ կտա Բեռլինի O2 World փակ մարզադաշտում: Գերմանիայում Ազնավուրի երկրորդ համերգը մայիսի 24-ին է` Մայնի Ֆրանկֆուրտում: Հունիսի 1-ին նա ելույթ կունենա Լոնդոնի Albert Hall-ում, իսկ հունիսի 26-ին՝ Բարսելոնայում:

Շառլ Ազնավուրը, կարծես, փայլուն կերպով հերքում է կարծիքը, որ այսպիսի պատկառելի հասակում դժվար է աշխարհով մեկ շրջագայել ու երգել: Նրա ձայնը նույնն է, ինչ 60 տարի առաջ:

Ազնավուրի նման մեծությունների մասին խոսելն ու գրելը միշտ դժվար է՝ բոլոր բառերն ավելորդ են թվում: Թվում է, թե Ազնավուրն արեց անհնարինը՝ արդեն մոտ 70 տարի է նա վայելում է ամբողջ աշխարհի սերն ու համակրանքը:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Ազնավուրը ծնվել է 1924-ի մայիսի 22-ին՝ Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Նրա հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Իզմիրից:

Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---