17  14.05.14 - «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխություն 2014

«Հայակ 2014»-ին ներկա էր նաև Ազնավուրը․ «Փարաջանով»-ը 4 մրցանակ է ստացել

«Հայակ 2014»-ին ներկա էր նաև Ազնավուրը․ «Փարաջանով»-ը 4 մրցանակ է ստացել

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել են Ազգային կինոյի «Հայակ» երրորդ մրցանակաբաշխության արդյունքները: Պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ում համաշխարհային կինոարվեստում ունեցած ներդրման համար ու ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ է շնորհվել:

Հայկական կինոարվեստում ակնառու վաստակի համար Համո Բեկնազարյանի անվան մրցանակ է ստացել ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը:

«Նռան գույնը» կինոնկարի բեմադրական աշխատանքներում իր ունեցած ներդրման համար և ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ է ստացել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:

Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը կինոակադեմիայի սահմանած հատուկ մրցանակ է շնորհվել Ուկրաինայի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ռոման Բալայանին:

Մրցույթին ներկայացված էր հայաստանցի ու սփյուռքահայ, ինչպես նաև հայկական թեմաներով օտարազգի ռեժիսորների նկարահանած 80 ֆիլմ։ Հավակնորդներն ընտրվել էին փակ գաղտնի քվեարկությամբ։ Մրցանակաբաշխության գեղարվեստական խորհրդի որոշմամբ «Հայակ 2014»-ը նվիրվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին, ինչի կապակցությամբ և սահմանվել է Փարաջանովի անվան «Հայակ» հատուկ մրցանակը։ Մրցութային հանձնաժողովը գլխավորել է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։ Անվանակարգերն այս տարի նույնպես 15 էին։

Այսպիսով, լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը։ Իմիջիայլոց, մրցանակաբաշխությունում ռեժիսորներին լավագույնն են ճանաչել։ Լավագույն օպերատոր է ընտրվել Թամմամ Համզան («Փուշը»), սցենարի հեղինակ` Շողիկ Թադևոսյանն ու Արեգ Ազատյանը («Ռոմանտիկները»), նկարիչ` Վլադիսլավ Ռիժիկով («Փարաջանով»)։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Լուսի Աբդալիան «Կաուչո» ֆիլմում դերի համար, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Նարինե Գրիգորյան («Անպոչ ճգնավորը»)։ Լավագույն դերասանի կոչմանն արժանացել է Սերժ Ավեդիքյանը արդեն հայտնի ֆիլմում Սերգեյ Փարաջանովին մարմնավորելու համար։ Երկրորդ պլանի լավագույն դերասան է դարձել Աշոտ Ադամյանը («Անպոչ ճգնավորը»): Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ընտրել են Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», վավերագրական՝ Աշոտ Սարգսյանի «Նամակ մորը» ֆիլմը։ Լավագույն անիմացիոն ֆիլմի համար մրցանակ է ստացել Վրեժ Քասունու «Արշալույս»-ը, լավագույն դեբյուտ է ճանաչվել Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ»-ը, իսկ արտասահմանյան ֆիլմ՝ Ռաֆֆի Աղեկյանի Kinshasa Mboka Te-ն։

«Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 2012-ին: Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով: Մրցանակաբաշխությունն իրականացնում է «Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը»՝ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայկական ազգային կինոակադեմիայի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---