Ֆանի Արդան. Իմ հայկական արմատների հարցը ընտանեկան գաղտնիք է, ոչ թե լրագրողների գործը

Ֆանի Արդան. Իմ հայկական արմատների հարցը ընտանեկան գաղտնիք է, ոչ թե լրագրողների գործը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Երևանում է գտնվում աշխարհրհռչակ ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը: Հուլիսի 10-ին նա հանդիպեց իր հայաստանյան երկրպագուների և լրագրողների հետ, պատասխանեց նրանց հարցերին: Այն հարցին, թե ճիշտ են նրա հայկական ծագման մասին ասեկոսեները, դերասանուհին ասաց. «Ունե՞մ արդյոք հայկական արմատներ, դա ընտանեկան գաղտնիք է, ոչ թե լրագրողների գործը»:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվելու են նրա հեղինակած երկու «Մոխիր և արյուն» (2009) և «Բացակա երազանքեր» (2010) ֆիլմերը: Դերասանուհու խոսքով նա սկսել է զբաղվել ռեժիսուրայով, երբ սցենար էր գրում: «Երբ սցենար էի գրում, ամբողջ նյութը իմ աչքի առաջ գալիս էր պատկերների տեսքով: Իմ կարծիքով ռեժիսուրայով զբաղվելս դա սցենար գրելու տրամաբանական շարունակությունն էր», - ասաց Արդանը:

Ֆանի Արդանը ծնվել է 1949թ-ին, Ֆրանսիայում: 1976-ից ի վեր նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում: Հեծելազորի սպայի` զինվորական կցորդի դուստր է, հասակ է առել Մոնակոյում, որտեղ հոր դիրքը թույլ էր տալիս մոտ հարաբերությունների մեջ լինել արքայական ընտանիքի հետ: Իշխանուհի Գրեյսին կատարած հաճախակի այցելություններով դրոշմված դաստիարակությունից հետո տեղափոխվել է Էքս-ան-Պրովանս` քաղաքագիտություն ուսանելու: Բայց հետզհետե տարվել է դերասանությամբ և դրամատիկական դասեր առնելուց հետո` 1974-ին առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ բարձրացել Կոռնեյլի «Պոլիեկտես՚» բեմադրության մեջ: Առաջին ճանաչումը Արդանին բերել է «Հարևանուհիները» հեռուստադրաման: Քիչ անց սկիզբ է առել նրա ծանոթությունը Ֆրանսուա Տրյուֆոյի հետ: Այդ ծանոթությունը հանգեցրեց «Հարևանուհին» և «Կիրակին շուտ գար» գործերին և սիրային կապի, որը շարունակվեց մինչև Տրյուֆոյի մահը: Ի սկզբանե նրան համբավ էր բերել թարմ գեղեցկությունը, բայց ժամանակի ընթացում դերասանական վարպետությունը Արդանին դարձրեց Ֆրանսիայի ամենասիրված դերասանուհիներից մեկը: Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը անցկացվելու է հունիսի 10-17-ը: Փառատոնը բացվելու է իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմով:

5  11.07.11 - Ֆանի Արդանը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
8  11.07.11 - Ֆանի Արդանը այցելեց Փարաջանովի տուն-թանգարան
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---