Վիկ Դարչինյանը երրորդ անգամ անընդմեջ աշխարհի չեմպիոն է դարձել տարբեր քաշային կարգերում

Մայիսի 20-27-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Բռնցքամարտ. Մայիսի 20-ին Ավստրալիայում թեթևագույն քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաղթեց ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնային: Բռնցքամարտիկները պայքարում էին թեթևագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Մենամարտի ընթացքում Բարսելոնան երեք անգամ նոկդաունի ենթարկվեց. երկու անգամ հինգերորդ ռաունդում և մեկ անգամ 11-րդ ռաւոնդում: Նա նաև զրկվեց 2 միավորից գոտուց ցածր հարվածների համար: Մենամարտն ավարտվեց Դարչինյանի միանշանակ հաղթանակով 120-103, 118-105 և 116-108 հաշվով:

PanARMENIAN.Net - Այդպիսով, 34-ամյա Վիկ Դարչինյանը դարձավ աշխարհի չեմպիոն երրորդ քաշային կարգում անընդմեջ (մինչ այդ նա աշխարհի չեմպիոն է դարձել առաջին թեթև քաշում` մինչև 52,2կգ և թեթևագույն քաշային կարգում` մինչև 50,8 կգ): Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Բարսելոնայի հետ մենամարտը Դարչինյանի համար հեշտ չէր: «Վիկի ձախ ձեռքի բութ մատը ջարդված էր, բայց նա այդ մասին ոչինչ չէր ասել բժիշկներին, քանի որ ցանկանում էր անցկացնել մենամարտը և նվաճել IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Բադալյանը: Հաջորդ մենամարտը Դարչինյանը կանցկացնի օգոստոսի 21-ին Ռաֆայել Մարկեսի (Մեքսիկա) հետ:

Իսկ բրիտանացի բռնցքամարտիկ Կառլ Ֆրոչը գտնում է, որ «Super Six» մրցաշարի երրորդ շրջանի Արթուր Աբրահամի դեմ մենամարտը պետք է անցնի Նոթինգհեմում և վստահ է, որ իր փրոմոութեր Միկ Հեննեսին կկարողանա հոգալ այդ մասին: Ֆրոչն ասել է, որ եթե համաձայնության չգա Աբրահամի հետ, դա չի նշանակի, թե նա լքելու է մրցաշարը: «Ուղղակի մենամարտը պետք է անցնի չեզոք տարածքում` Ամերիկայում կամ Անգլիայում: Այլ տարբերակներ ես չեմ դիտարկում: Ես չեմ մեկնի Գերմանիա կամ Շվեդիա կամ Նոթինգհեմից դեպի արևելք, քանի որ այնտեղ ես հնարավորություն չեմ ունենա հաղթելու ըստ միավորների: Իսկ Աբրահամի փրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլենդը պնդում է, որ մենամարտը անցկացվի տնտեսապես առավել շահավետ վայրում և աննպատակահարմար է համարում մեկնել ԱՄՆ, որտեղ երկրպագուներն այնքան էլ չեն ձգտում տեսնել երկու եվրոպացի բռնցքամարտիկների մենամարտը:

Ֆուտբոլ. Մայիսի 20-ին Տալինում «Կադրիորգ» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2011-ի Եվրոպայի առաջնության երկրորդ խմբում հանդիպեց էստոնիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվեց 2:3 հաշվով Հայաստանի հավաքականի հաղթանակով: Երկու գոլի հեղինակ դարձավ «Փյունիկի» հարձակվող Գևորգ Ղազարյանը: Հայաստանի հավաքականի երրորդ գնդակը խփեց Դավիդ Մանոյանը: Հակառակորդի թիմում աչքի ընկան Կայմար Սաագը, որը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ գնդակը 81-րդ րոպեին խփեց Կեն Կալաստեն, սակայն հաղթեց Հայաստանի հավաքականը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է Երևանում օգոստոսի 11-ին Վրաստանի հավաքականի հետ: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը գոհ է իր սաների խաղից և ուրախ է, որ հայ ֆուտբոլիստները հաղթեցին` ցույց տալով գեղեցիկ ու արժանի խաղ: «Խաղը մեզ համար շատ կարևոր ու բարդ էր: Ի տարբերություն էստոնացիների, մենք հարձակողական ֆուտբոլ ցույց տվեցինք և կարճ պասերով խաղացինք: Մխիթարյանն ու Բադալյանը գնդակը խաղարկում էին դաշտի կենտրոնում, իսկ Ղազարյանն ու Մալաքյանը` ֆլանգերով: Եվ նման փոխգործակցությունը գերազանց արդյունք տվեց»,- ասել է Սերիցլևը:

Իսկ Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հանդիպեց Ուզբեկստանի ֆուտբոլի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց հայ ֆուտբոլիստների հաղթանակով` 3:1 հաշվով: Առաջին գնդակը խփեց Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, իսկ Էդգար Մանուչարյանը դարձավ կրկնակի գոլի հեղինակ: Հյուրերի թվում աչքի ընկավ Ալեքասնդր Հենրիխը:

Խաղից հետո ՀՀ հավաքականի գլխավոր մազրիչ Վարդան Մինասյանը, որի ղեկավարությամբ հավաքականն իր առաջին խաղն անցկացրեց, ասել է, որ գոհ է խաղից: «Առաջին խաղակեսում մենք գերազանց խաղացինք, սակայն երկրորդ խաղակեսում ինչ-որ բան չստացվեց: Այսօրվա դրությամբ մեզ համար կարևոր է խաղի արդյունքը, սակայն առջևում մենք դեռ շատ աշխատանք ունենք»,- ասել է Մինասյանը:

Մայիսի 26-ին FIFA-ն (Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան) հրապարակեց մարտ ամսվա ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Վերջին վարկանիշի հետ համեմատած, որը ներկայացվել էր ապրիլին, Հայաստանի հավաքականը իջել է 1 հորիզոնականով: Հիմա հավաքականը 311 միավորով 100-րդ տեղում է:

Ծանրամարտ. Ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որը տեղի է ունեցել մայիսի 17-23-ը Վալենսիայում (Իսպանիա): Հայաստանի հավաքականի վերջին երկու մեդալները նվաճել են Միշա Մուրադյանը և Գոռ Մինասյանը +94 քաշային կարգում: Մինասյանը «երկամարտի» արդյունքում, բարձրացնելով 340 կգ, նվաճել է արծաթե մեդալ, իսկ Մուրադյանը, բարձրացնելով 321 կգ, զբաղեցրել է 3-րդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել Լաշա Տալախաձեն (Վրաստան) (354 կգ):

Այսպիսով, Հայաստանի հավաքականի 8 ներկայացուցիչներից 5-ը մեդալներ են նվաճել: Սմբատ Մարգարյանը (56 ք/կ) և Վլադիկ Կարապետյանը (62 ք/կ) դարձել են Եվրոպայի չեմպիոններ, իսկ Իզաբելլա Յալյանը (53 ք/կ) նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչում:

Րաֆֆի Մելիքյանը և Արեն Ներսիսյանը (77 ք/կ) ԵԱ-ում զբաղեցրել են համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը, իսկ Համլետ Պողոսյանը` (94 ք/կ) 5-րդ տեղը: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով երկրորդ տեղը զբաղեցրեց` զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին:

Մայիսի 23-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելու ժամանակ սրտի կաթվածից հանկարծամահ եղավ Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ, գյումրեցի 51-ամյա Աշոտ Մխիթարյանը: Նա 2006 թվականից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձավ երեք բրոնզե մեդալով: Ա. Մխիթարյանի ղեկավարությամբ հայ ծանրորդները տասնյակ հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային բարձրագույն կարգի այլ մրցաշարերում:

Ըմբշամարտ. Մայիսի 18-23-ին Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվեցին ազատ և հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան միջազգային մրցումներ, որի ընթացքում խաղարկվեցին սինգապուրյան Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հունահռոմեական ըմբշամարտում 85 քաշային կարգում Վարոս Պետրոսյանը դարձավ արծաթե մրցանակակիր, իսկ Արտակ Հովհաննիսյանը 46 կգ ք/կ-ում արծաթ է նվաճել ազատ ըմբշամարտում:

Օգոստոսի 14-26-ին երկու մարզիկներն էլ մասնակցելու են Սինգապուրում տեղի ունեցող օլիմպիական պատանեկան խաղերին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Գևորգ Համբարձումյանը (76 կգ ք/կ) գրավել է 3-րդ տեղը:

Շախմատ. Մայիսի 24-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում շախմատի տղամարդկանց Գրան պրիի վերջին` 13-րդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդիպեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ, պարտիան ավարտվեց ոչ ոքի: Հակոբյանը 5,5 միավորով զբաղեցրեց վերջին տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ Յակովենկոն 7 միավորով 3-րդ տեղում է: Գրան պրիի հաղթող դարձավ Պավել Էլյանովը 8 միավորվ, 2-րդ տեղում է Ռուսլան Պոնոմարյովն Ուկրաինայից 7 միավորով:

Իսկ մայիսի 24-ին շախմատի ԱՄՆ առաջնությունում Վարուժան Հակոբյանը 5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը, Մելիքսեթ Խաչիյանը և Լևոն Ալթունյանը` 3.5 միավորով համապատասխանաբար 20-րդ և 21-րդ տեղերը: Չեմպիոն դարձավ Գատա Կամսկին:

Հանդբոլ. Հայաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականն Բելգրադում մասնակցել է մինիչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: 8-րդ խմբում, որտեղ հանդես են գալիս հայ հանդբոլիստները, ընդգրկված են նաև Սերբիայի, Բուլղարիայի ու Հունաստանի հավաքականները: Բոլոր 3 խաղերում Հայաստանը զիջեց մրցակիցներին: Սերբիայի հավաքականի հետ խաղն ավարտվեց 52:9 հաշվով, իսկ Բուլղարիայի ու Հունաստանի հավաքականներին հայ հանդբոլիստները զիջեցին համապատասխանաբար 12:3 և 8:38 հաշվով:

Այդպիսով, ՀՀ հավաքականն առանց միավորի վերջին տեղն է զբաղցենում 8-րդ խմբում: Առաջին տեղում է Սերբիայի հավաքականը, որն էլ իրավունք ստացավ շարունակել պայքարը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:

Հոկեյ. Կայացավ Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF-ը) կոմիտեի նիստը, որում որոշվել է որակազրկել Հայաստանի հոկեյի հավաքականին անորոշ ժամանակով, հաղորդում է IIHF պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում հանդես է գալիս 3-րդ դիվիզիոնում: Այս տարի աշխարհի առաջնության ժամանակ թիմի կազմում հանդես էին գալիս մի քանի ամերիկահայ մարզիկներ: Հայաստանի Հոկեյի ֆեդերացիան նրանց մասին ոչ ստույգ տվյալներ էր հաղորդել: Որակազրկման ժամկետը կորոշվի ավելի ուշ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---