Թուրքիայի ընտրված ազգայնամոլության թիրախում

Թուրքիայի ընտրված ազգայնամոլության թիրախում

Հայեր և Հայաստան

Թուրքիայի նախագահի ընտրությունը և հայերն ու Հայաստանը. ինչ կարող է լինել և ինչին պատրաստ լինել՝ կարծիքներ և դիրքորոշումներ չորս տարբեր անկյունից։ Պոլսում լույս տեսնող և հակադիր հայացքներով հայկական երկու թերթի խմբագիրները, պոլսահայ գործարարը և քուրդ լրագրողը ներկայացնում են Թուրքիան ներսից և ամենաուղիղ իրողությունները։

PanARMENIAN.Net - Այն, ինչ այս պահին կախված է Հայաստանի գլխին, այն, ինչ Թուրքիան պնդում և պահանջում է պատերազմից հետո և պատերազմի պարտադրանքով՝ թուրքերի, թուրանի, «Զանգեզուրի միջանցք» Հայաստանի տարածքով։

«Զանգեզուրի միջանցքը» միայն Հայաստանի խնդիրը չէ, «Զանգեզուրի միջանցքը» աշխարհի խնդիրն է։ Եթե Ամերիկան, Ռուսաստանը, Եվրոպան, Չինաստանը մանավանդ ընդունեն, որ Թուրանը միանա, մենք ոչինչ չենք կարող անել, բայց ես հավատում եմ, որ իրենց շահերից էլ չի բխում, որ Թուրանը միանա», նշում է պոլսահայ գործարար Տիգրան Ալթունը։

Ալթունը Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին հետևում և մասնակցում է դեռ առաջին փորձից։ Նա գլխավոր ապացույցն է, որ Թուրքիան մինչև այս պահը որևէ զիջում չի արել Հայաստանին։ Թուրքիայի նախագահից մինչև արտաքին ու ներքին գործերի, պաշտպանության նախարարներ փորձում են հայերին մեծագույն փոխզիջում ներայացնել Երևան - Ստամբուլ ուղիղ թռիչքները։ Բայց Տիգրան Ալթունի ջանքերով այդ թռիչները կային դեռ այն ժամանակ, երբ Էրդողանը Թուրքիայի նախագահը չէր։

«Մենք պետք է մեր դրացինների հետն ապրելու ձևը գտնենք, այդ ձևը չի նշանակում, որ պետք է հրաժարվես սկզբունքներիցդ, բայց առօրյա կյանքը շարունակելու համար սահմանները պետք է բացվեն», ընդգծում է Տիգրան Ալթունը։

Թուրքերն առաջ քայլ չարած, արեցին հետ քայլը։ Թուրքիայի օդային տարածքը փակեցին Հայաստանից տարանցիկ թռիչքների համար։ Երևանում Նեմեսիսի հուշարձանը տեղադրելը դարձավ պատրվակ թուրքերի համար՝ հուզված են, վրդովված են, պահանջում են ապամոնտաժել, հակառակ դեպքում սպառնում են դիմել այլ քայլերի ևս։

«Թուրքիան մեծացնում է հարցը, հավանաբար, ընտրությունների պատճառով։ Եթե այդ արձանի համար գանգատ պետք է ներկայացնեն, մենք էլ գանգատ պետք է ներկայացնենք՝ մեր ամենահոծ հայկական թաղերում Թալեաթ փաշայի փողոցը կա, Թալեաթ փաշայի դպրոցը կա։ Եվ ուրիշ տեղ չեն այդ փողոցը և դպրոցը՝ ուր որ հայերն են ապրում, հենց այնտեղ են», ասում է Տիգրան Ալթունը։

Վերջին 100 տարում Թուրքիայում փոխվել են նախագահներ, անգամ ոչ ընտրութուններով` ռազմական հեղաշրջումներով, բայց այդ երկրում Հայաստանի և հայկական հարցի մասով դիրքորոշումները երբեք չեն փոխվել։ Եղել են միայն մանևրումներ՝ առավելագույնը ստանալու նպատակով։ Ինչ սպասել հիմա, երբ իրար դեմ պայքարում են Էրդողանը, որը ծրագրում է անցնել Հայաստանի տարածով և Քըլըչդարօղլուն, որը բացահայտորեն հայտնեց, որ թուրքերի ճանապարհը շրջանցելու է Հայաստանի տարածքը և անցնելու է Իրանով։

«Ես չեմ կարծում, որ տարբերութուն կլինի՝ ով էլ ընտրվի Թուրքիայի նախագահ դա պետական քաղաքականություն է, և չեմ կարծում, որ այս կամ այն նախագահը կարողանա պետական քաղաքականությունը փոխել», նշում է Տիգրան Ալթունը և Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի մասին խոսելիս առաջարկում հիշել, թե որ կուսակցությունն է ներկայացնում նա։ Քեմալ Քըլըչդարօղլուն քեմալականների՝ թուրքերի հայր Աթաթուրքի հիմնած կուսակցության առաջնորդն է։

«Այդ կուսակցությունը, ըստ ինձ, «Իթթիհաթ վե թերաքիի» շարունակությունն է», ասում է Ալթունը։

«Իթթիհաթ վե թերիքին» երիտթուրքերի կուսակցությունն է, և պոլսահայ գործարարն ակնարկում է այն փաստը, որ երիտթուրք առաջնորդներն իրենց տապալումից հետո նախ անցան թուրքական քաղաքականության ընդհատակը, ապա հենց քեմալականների կուսակցության շարքերը։

Եվ այսքանից բացի Թուրքիայում կա Ադրբեջանի գործոնը, որը «մեկ ազգ, երկու պետություն» ասվածից ավելի ֆինանսական օղակ է Թուրքիայի շուրջը։ Միայն ՍՈՔԱՐ-ը՝ Բաքվի պետական նավթային ընկերությունը, 30-40 միլիարդ դոլարի ներդրում ունի Թուրքիայում։ Տիգրան Ալթունն ընդգծում է, որ.

«Ադրբեջանն այնքան ազդեցություն ունի Թուրքիայի վրա, այնքան շատ ներդրումներ, որ Թուրքիան այլևս չի կարող անտեսել Ադրբեջանին, վարել անկախ քաղաքականություն, ստիպված են հետևել Ադրբեջանի քաղաքականությանը»։

Թուրքիայում հայկական գործոնը, հայ համայնքի դիրքը և քաղաքական դիրքորոշումը։ Հայերի թիվը հստակ չէ՝ տարբեր շրջանակներ և անձեր նշում են 40 հազարից մինչև 70 հազար թիվը։ Թուրքիայի նախագահի թեկնածուներից ում օգտին են քվեարկում Թուրքիայի հայերը։

«Միայն մեկ դիրք չկա հայ համայնքում։ Մի մասը՝ մանավանդ հայկական հիմադրամների ղեկավարները, պատրիարքարանը ճիշտ են համարում լավ հարաբերություններ ունենալ այն քաղաքական ուժի հետ, որն իշխանություն կլինի։ Բայց ժողովուրդի դիրքորոշումն այլ է՝ մի մասն աջակցում է ընդդիմադիր կուսակցություններին, մի մասն ընդհանրապես չի խառնվում նման քաղաքական հարցերին՝ ասելով՝ մեզ ինչ, մյուս մասն էլ աջակցում է քրդամետ կուսակցությանը, որովհետև նրանք միակն են, որ ճանաչում են Ցեղասպանությունը», բացատրում է ազգայնամոլ թուրքի կրակոցից սպանված Հրանտ Դինքի հիմնած Ակոս շաբաթաթերթի խմբագիր Էդվարդ Տանձիկյանը։

Ակոսի խմբագիրը նկատում է, որ Թուրքիայում ապրող հայերի համար իսկական անակնկալ էր այն, որ Արցախում պատերազմի օրերին թուրքական հեռուստաալիքներից Հայաստանի դեմ թափվող ատելությունից հետո Հայաստանը և Թուրքիան հանկարծ սկսեցին կարգավորման գործընթաց. «Ես նման բան չէի սպասի, բայց հանկարծ Թուրքիայի և Հայաստանի մեջ հարաբերություններ սկսվեցին»։

Հիմա՝ կարճ ժամանակ անց, արդեն տեսնում են, որ այդ Փաշինյան - Էրդողան գործընթացն առաջ չի գնում։ Հատուկ բանագնացներն արդեն մեկ տարի է, ինչ չեն հանդիպել, և հակասությունները սկսել են ջրի երես դուրս գալ։ Ցուցիչը Նեմեսիսի հուշարձանի շուրջ թուրքական աղմուկն է։ Տեսնում են նաև որոշ հույսերը Հայաստանում, Էրդողանի պարտության և ընդդիմության թեկնածուի հաղթանակի պարագայում դրական փոփոխությունների սպասումը։

«Հայաստանում ակնկալում են, որ եթե էրդողանը պարտվի և Քըլըչդարօղլուն գա, Թուրքիա - Ադրբեջան հարաբերություններն ավելի վատ կլինեն և, հետևաբար, Հայաստանը կշահի դրանից։ Չեմ կարծում։ Եթե անգամ Քըլըչդարօղլուն հաղթի, Թուրքիա - Ադրբեջան հարաբերությունները չեն վտանգվի, որովհետև Քըլչդարօղլուի կողքին արդեն ազգայնամոլ կուսակցություններ կան, և Ադրբեջանի հետ այդ քաղաքականությունն էլ այստեղ պետական քաղաքականությունն է», նշում է Տանձիկյանը։

Պոլսի հայկական ամենահին՝ Ժամանակ օրաթերթի խմբագիրը, որը շփումներ ունի Թուրքիայի իշխանական՝ էրդողանական շրջանակի հետ, նախ խոսում է Նեմեսիսի հուշարձանի սկանդալի մասին և տալիս տեղին գնահատական։ Այն կարգավորման գործընթացը՝ եթե ոչ փակուղու, ապա առաջին լուրջ փորձության առաջ է դրել։ Ամեն ինչ կորոշի մեկ հարցի պատասխան։ «Հիմա կգտնեն կողմերը փոխադարձ ընդունելի և փոխադարձ հանդուրժելի մի եզր, թե չեն գտնի», նշում է Գոչունյանը։

Արձանն ապամոնտաժելուն դեմ է անգամ նա՝ եզր գտնելն ունի չափ և ունի սահման. «Չի կարելի ակնկալել, որ Երևանից այդ արձանը պիտի հանեն, որովհետև դա արդեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանում արդեն իսկ ցավոտ է ընկալվում, և կա արժանապատվության հասկացությունը։ Արձանը տեղադրելուց հետո ապամոնտաժելն արդեն աննկարագրելի բան է»։

Երբ Թուրքիայում նախագահի ընտրությունները կայանան, այս հարցը գուցե այսքան զգայուն չմնա, որովհետև այն առաջ տանողը Չավուշօղլուն է, իհարկե ոչ առանց Էրդողանի ցուցումների, բայց Էրդողանն ինքը նեմեսիսյան սկանդալին չի մասնակցում։

«Պետք է հաշվի առնել, որ նախընտրական տրամադրությունների մեջ եղավ արտգործնախարար Չավուշօղլուի այդ հակազդեցությունը, և ընտրությունների արդյունքով էլ պարզ դարձավ, որ Թուրքիայում ազգայնական տրամադրությունները վերելք են ապրում», նշում է Գոչունյանը։

Եվ Էրդողանական թիմը զգում է այս ազգայնամոլության զարկերակը՝ քվեները հավաքելու համար անելով անհրաժեշտը։

Ազգայնամոլության զարկի մասին Թուրքիայում ամենահամարձակը խոսում են քրդերը, որովհետև այդ զարկը նրանց գլխին հասնում է առավել հաճախ ու ավելի ծանր դրսևորումներով։ Արեն Յըլդըրըմը Թուրքայում առաջատար «Բիանեթ» մեդիահարթակի քրդերեն բաժնի խմբագիրն է։ Այս լրատվամիջոցի լրագրողները թուրքական բանտերում հայտնվում են պարբերաբար։

«Սրանից մոտ 1 ամիս առաջ ինձ ձերբակալել էին։ Երբ բռնել էին, փաստաթղթերն էին լրացնում, ոստիկանները հարցրեցիn` «հա՞յ ես, թե՞ քուրդ»։ Ասացի՝ «ձեզ համար ինչ տաբերություն»։ Հակառակը չասացին։ Սա է Թուրքիայում եղած մտածելակերպը։ Կարող եք տեսնել, թե ինչպես են վարվում քրդերի հետ, նույն վերաբերմունքը կա հայերի նկատմամբ», պատմում է Յըլդըրըմը։

Հայերի, քրդերի, բոլոր նրանց նկատմամբ, ովքեր թուրք չեն, Թուրքիայում կա թշնամանք և ատելություն։ Հետևաբար քուրդ լրագրողը չի հավատում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Թուքիայի իշխանությունների հայտարարություններին՝ ընդգծելով, որ պետք է տեսնել ավելի խորը, պետք է հասկանալ՝ ինչ են ուզում իրականում թուրքերի առաջնորդները. «Թուրքիայի և Հայաստանի միջև եղած կարգավորման այս գործընթացի մասին միայն կարող եմ ասել՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չեմ հավատա, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ գործընթաց է սկսվել։ Առանց Հայոց ցեղասպանության հարցի հետ առերեսվելու, առանց եղածը ընդունելու, չեմ հավատում, թե թուրքերն անկեղծ են Հայաստանի և հայեր հետ»։

Հայաստան - Թուրքիա, հայեր և թուրքեր հարաբերություններում անկեղծության իրական ցուցիչը հենց Ցեղասպանության գործոնն է, և սա պատմական փաստի շահարկում չէ։ Սա անվտանգության ամենաուղիղ հարց է։ Այն պարզ պատճառով, որ Ցեղասպանությունից 100 տարի անց հայերը տեսան թուրքերը կարող են նորից սպանել հայերին՝ հովանավորելով, դրդելով, զինելով «մեկ ազգ« երկու պետություն» հայտնի ֆրազից իրենց ցեղակիցներին։ Բաքվից ու Անկարայից ոչ ոք չի խոստանում, որ հայերին այլևս չեն սպանելու։ Ճիշտ հակառակը՝ խաղաղության մասին ձևակերպումների տակ սպառնալիք է՝ ակնարկներով, թե որն է խաղաղության հակառակ երեսը և «եղածից դաս քաղեք» ամենահայտնի ձևակերպումով, որը տեղին կհնչի բարեկամի շուրթերից, բայց ոչ թշնամու։

Թուրքիայի նախագահի և մեջլիսի ընտրության առաջին փուլից պարզ դարձավ, որ այդ երկրում ազգայնամոլության վերելքի մասին հայտարարություններն ուղղակի խոսակցություններ չեն։ Ամեն ինչ հիմա հաստատվեց թվերով, որի կողքին փաստն է՝ թուրքական ազգայնամոլությունը միշտ ունենում է թիրախներ։ Մեկը հայերն են։

Անի Ավետյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Դադիվանքի նոր աղոթողների անցյալը
Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ
«Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
Երբ Արցախում տանկերն են թխում Թիկունքի կամավորների փորձն ու գործը
---