Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

Հուլիսի 15-22-ին տեղի ունեցած մարզական գլխավոր իրադարձությունների ամփոփում

Ըմբշամարտ- Հուլիսի 21-ին Բուդապեշտում (Հունգարիա) ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ) դարձավ աշխարհի չեմպիոն: Նա հաղթանակ է տարել 5 ըմբշամարտիկների դեմ մենամարտերում և մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյ Յոլա Լինիին (Հարավային Կորեա): Մինչ այդ 60 ք/կ-ում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքայելյանը:

PanARMENIAN.Net - Բռնցքամարտ- Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերթեթև քաշային կարգում WBA, WIBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը (Գերմանիա) հուլիսի 17-ին պաշտպանեց իր տիտղոսները մեքսիկուհի Արելի Մուչինոյի հետ մենամարտում:

3-րդ ռաունդի սկզբում Մուչինոն և Քենտիկյանը բախում են գլուխները, որից հետո հայ մարզուհու մոտ արյունահոսություն է սկսվում, մենամարտը դադարեցվում է: Մարտն ավարտվում է առանց հաղթողի, այնուամենայնիվ Սյուզի Քենտիկյանը պահպանում է WBA, WIBF և WBO տիտղոսները, քանի որ մեքսիկուհին խախտել էր խաղի կանոնները:

Մենամարտից հետո Քենտիկյանն ասել է, որ առաջին ռաունդում նա վատ էր մենամարտում: «Հետո ես կարողացա կողմնորոշվել և սկսեցի ավելի արագ գործել: Ես շատ տխուր եմ և վշտացած, քանի որ ցանկանում էի դրսևորել իմ բոլոր հնարավորությունները»,-ասել է Քենտիկյանը, հաղորդում է boxing.de-ն:

Հոկտեմբերի 2-ին Մոնտե Կառլոյում (Մոնակո) «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում տեղի կունենա գերմիջին ք/կ-ում անցկացվող մենամարտը բրիտանացի Կառլ Ֆրոչի և Արթուր Աբրահամի միջև:

Աբրահամը մրցաշարը սկսեց ամերիկացի Ջերմեն Թեյլորին նոկաուտի ենթարկելով, բայց երկրորդ մարտում, հանդիպելով Անդրե Դիրելին, նա որակազրկվեց արգելված հարվածի համար, և նրա հաշվին գրանցվեց պարտություն, ինչը առաջինն էր Աբրահամի արհեստավարժ կարիերայում:

«Ես չեմ համբերում, թե երբ եմ ռինգ դուրս գալու: Պետք է նշեմ, որ հաճախ եմ հիշում Դիրելի հետ մարտում իմ որակազրկումը, և միայն Ֆրոչի հանդեպ հաղթանակը կհանգստացնի ինձ»,- ասել է Աբրահամը:

Ֆրոչը նույնպես մրցաշարը սկսել էր հաղթանակով և պարտության էր մատնել Դիրելին: «Ես հարգում եմ Աբրահամին` ընդունակությունների և ձեռքբերումների համար, բայց պատրաստվում եմ նոկաուտի ենթարկել նրան և վայր գցել նրա թագն ուղիղ նրա փրոմուոթերի ծնկներին: Ես լիովին գիտակցում եմ Աբրահամից եկող վտանգը: Բայց Մոնակոյում հաղթողը ես կլինեմ»,- ասել է Ֆրոչը:

Սամբո- Երևանում ավարտվեց սամբոյի միջազգային պատանեկան մրցաշարը, որը նվիրված էր ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին, ինչպես նաև Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին: Տղաների 10 քաշային կարգերում և աղջիկների 3 քաշային կարգերում անցած մրցաշարին մասնակցել է 143 մարզիկ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից ու Վրաստանից:

Ընդհանուր թիմային հաշվարկում առաջին տեղում է Հայաստանի հավաքականը 30 մեդալով` 7 ոսկե, 5 արծաթե և 18 բրոնզե: ՌԴ-ի հավաքականը երկրորդ տեղում է 12 մեդալով, Վրաստանի հավաքականը 3-րդ տեղում է 9 մեդալով: Մրցաշարը կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը, ինչպես նաև Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն:

Շախմատ- - Հուլիսի 19-ին Մարտունիում ավարտվեց «Սևանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին 9-րդ տուրում Արման Փաշիկյանը կիսեց միավորները Դավիթ Հարությունյանի (Վրաստան) հետ, իսկ Ավետիք Գրիգորյանը Մաքսիմ Մատլակովի (ՌԴ) հետ:

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Պավել Պոնկրատովին (ՌԴ), Տիգրան Պետրոսյանը` Ռոբերտ Հովհաննիսյանին, Լուկա Լենիչը (Սլովենիա)-Գոպալ Գիտա Նառայանանին (Հնդկաստան):

6 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Փաշիկյանը: Պետրոսյանը, որը նույնպես 6 միավոր էր հավաքել, գրավեց 2-րդ տեղը, 3-րդը զբաղեցրեց Մատլակովը` նա վաստակել էր 5 միավոր:

Միջազգային վարպետ Գրիգոր Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) և գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը հավաքել են 7,5 միավոր, իսկ Զավեն Անդրեասյանը` 6,5 միավոր:

Հունաստանի Ռետիմնո քաղաքում տեղի ունեցած միջազգային շախմատային մրցաշարում Գաբրիել Սարգսյանը հավաքել էր 7 միավոր և լրացուցիչ արդյունքներով գրավել է 2-րդ տեղը:

Ֆուտբոլ- Հուլիսի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում չեմպիոնների լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հանդիպել է «Պարտիզանի» հետ: Խաղն ակտիվ սկսեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները: 18-րդ րոպեին «Փյունիկը» կազմակերպեց վտանգավոր հարձակում: Հարձակվողների եռյակը` Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Գոհարյանը գեղեցիկ խաղ ցուցադրեցին, սակայն Պիզելիի հարվածից հետո «Պարտիզանի» դարպասապահը բռնեց գնդակը:

Մինչև առաջին խաղակեսի ավարտը «Փյունիկի» խաղացողները չկարողացան պահել հաշիվը: Ավելացված րոպեի ընթացքում «Պարտիզանի» միակ գոլը խփել է Կլեոն; Խաղն ավարտվել է 1:0 հաշվով` հօգուտ «Պարտիզանին»: Տեղի ունեցած երկու խաղերի արդյունքում 4:1 հաշվով հաղթել է «Պարտիզանը» և դուրս է եկել հաջորդ փուլ:

«Փյունիկի» գլխավոր տնօրեն Վարդան Մինասյանն ընդգծել է, որ նման խաղերում միշտ լարվածություն է լինում: «Մենք երկու խաղերում էլ չկարողացանք ցույց տալ մեր հնարավորությունները: Այդպիսի խաղերում հաղթանակի համար պետք է խաղան 11 ֆուտբոլիստ, այլ ոչ 7-8, ինչպես Հայաստանի առաջնությունում», - ասել է Մինասյանը:

Հետագա պայքարից հեռացավ նաև «Միկան», որը հուլիսի 22-ին Երևանում Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում խաղաց «Ռաբոտնիչկիի» (Մակեդոնիա) հետ: Խաղն ավարվեց 0:0 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքով` 1:0, Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ դուրս եկավ Մակեդոնիայի թիմը;

Հանդբոլ- Այս տարվա աշնան սկզբին Լոռու մարզում կկայանա հանդբոլի երկու մրցաշար: Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորի մարզապալատը կհյուրընկալի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարի մասնակիցներին: Զուգահեռ կանցկացվի նաև մինչև 16 տարեկան հանդբոլիստների և հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ փուլը:

Հայաստանի ներկայացուցիչներից բացի կմասնակցեն նաև Իրանի, Վրաստանի և Բելառուսի ընտրանիները: Մրցաշարին ներկա գտնվելու համար բարձրաստիճան հյուրեր են գալու Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայից և մասնակից երկրներից: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Էդիկ Օհանյանը, նրա ղեկավարությամբ հավաքականի հինգ թեկնածուներ Երևանում նախապատրաստական պարապմունքներ են անցկացնում: Եվս 9 խաղացողներ Ֆրանսիայից Հայաստան կժամանեն ավելի ուշ, և օգոստոսի 28-ից սկսած մինչև մրցաշարի մեկնարկը հավաքականը կմարզվի Վանաձորում, հաղորդում է հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Օլիմպիական խաղեր- - Սինգապուրում օգոստոսի 14-26-ին անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերի մասնակցի ուղեգիր ստացան նաև Հայաստանի երկու լողորդներ` Անահիտ Բարսեղյանը, որը կմրցի թիկնալողում (50մ և 100մ), և Սերգեյ Պևնեևը` ազատ լողաոճում (50մ և 100մ):

Նրանց մասնակցությունը հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն: Սինգապուր կմեկնեն Հայաստանի 14 մարզիկներ, ասվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում:

ՌԴ կառավարության փոխնախագահ, ՌԴ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 17-ին Երևանում երկկողմ համաձայնագիր են կնքել երկու երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների միջև:

Ինչպես համատեղ ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետը, ռուսական կողմի հետ քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ սոցիալական, առողջապահության, կրթության, սպորտի ու կենսաթոշակային բարեփոխումների ոլորտներում: Տիգրան Սարգսյանն ասել է նաև, որ երկկողմ հարաբերությոնների զարգացումն ուղղված է Հայաստանում մարզաբազաների օգտագործմանն ու կառուցմանը:

Իր հերթին ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում բարեփոխումների հետաքրքիր գործընթաց է տեղի ունենում: «Իմ այցի գլխավոր նպատակն առավել սերտ կապերի հաստատումն է սպորտի զարգացման համար»,-ասել է նա: Ժուկովը հավելել է, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից հայտնի է որպես մարզական ավանդույթներով երկիր և այժմ ակտիվ դերակատարություն ունի միջազգային սպորտում: Նա հավելեց նաև, որ մարզիկների նախապատրաստումը Հայաստանի լեռնային շրջաններում միշտ դրական արդյունք էր տալիս օլիմպիական խաղերում:

Ժուկովը հայտնել է նաև, որ հայկական կողմը հետաքրքիր առաջարկություն է արել` ներդրումային նախագիծ իրականացնել Սևանում մարզաբազա ստեղծելու համար: Նա հավելել է, որ այդ նախագիծը լավ լրացում կլինի արդեն գործող Ծաղկաձորի մարզաբազայի համար, որտեղ կմարզվեն ատլետները, լողորդները, դահուկորդները և այլ մարզաձևերի ներկայացուցիչները:

Թիավարում- Ակադեմիական թիավարման Հայաստանի երիտասարդական հավաքականը հուլիսի 23-ին կմեկնի Չեխիա` մասնակցելու մինչև 18 տարեկանների առաջնությանը: Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը, հավաքականը 12-օրյա ուսումնամարզական հավաքներ կանցկացնի:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ակադեմիական թիավարման Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Ադամյանն ասել է, որ առաջնությանը մասնակցելու է երկու մարզիկ: Նա նաև նշել է, որ սեպտեմբերի 12-15-ը Պորտուգալիայում անցկացվելու է Եվրոպայի առաջնություն, որին մասնակցելու են Մակար Սարգսյանը և Սարգիս Ղարաբաղցյանը: Իսկ երիտասարդ մարզիկները բայդարկայի և կանոեի վրա թիավարման ձևերում հուլիսի 29-31-ին կմասնակցեն մինչև 19 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---