Հայ-թուրքական սահմանի բացումը կսնանկացնի հայ ձեռնարկատերերին

PanARMENIAN.Net - «Միտք» վերլուծական կենտրոնը հանդես է գալիս հայ-թուրքական սահմանի բացման դեմ` ելնելով տնտեսական տրամաբանությունից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Միտք» ՎԿ փորձագետ Էդգար Հելհելյանը: «Մենք անհանգստացած ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների որոշակի դրույթների առնչությամբ, բայց առաջին հերթին մենք անհանգստացած ենք նրանով, որ սահմանի բացումը լուրջ վնաս կարող է հասցնել Հայաստանի տնտեսությանը»,- նշել է փորձագետը: Նրա տվյալների համաձայն, Հայաստանից Թուրքիա արտահանվում է 168 անգամ քիչ ապրանք, քան Թուրքիայից Հայաստան է ներկրվում:



«Թվերով դա արտահայտվում է մոտավորապես հետեւյալ կերպ. Թուրքիայից Հայաստան ներկրումների ծավալը կազմում է մոտ $178 մլն, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանումները` մոտ $1,8 մլն: Թվերն արդեն ամեն ինչ ասում են: Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ դիմակայել թուրքական ապրանքին»,- հայտնել է Էդգար Հելհելյանը:



Նա նաեւ նշել է, որ Թուրքիան, լինելով Համաշխարհային առեւտրական կազմակերպության (ՀԱԿ) անդամ, ի տարբերություն Հայաստանի օրենքով կարգավորված փաթեթ ունի: «Թուրքիայի օրենսդրության համաձայն, թուրքական ապրանքից մաքսային հարկերը 50%-ով պակաս են գանձվում: Բացի դրանից, միամտություն կարծել, որ Թուրքիան կարող է մատնել իր գործընկերոջը` Վրաստանին եւ թույլ տալ, որպեսզի վերջինիս դերը տարածաշրջանում նվազի»,- ընդգծել է փորձագետը:



Հաշվի առնելով իրադրությունը` Էդգար Հելհելյանը հայտնել է, որ սահմանի բացման դեպքում հայ ձեռնարկատերերը կսնանկանան, իսկ թուրքական ընկերությունները կկարողանան իրենց հսկողության տակ վերցնել Հայաստանի համար տնտեսության ամենակարեւոր եւ ռազմավարական ոլորտները:



Փորձագետի խոսքով, «Միտք» կենտրոնը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ իր նկատողությունները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---