Յարոսլավլում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքում, որտեղ աշխատանքն է սկսել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը:



Մինչ նիստի սկիզբը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի առանձնազրույցը: Այնուհետեւ համանախագահները մասնակցել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ` լիագումար նիստի բացմանը:



Նիստը բացելէ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ով ողջունել է նիստի մասնակիցներին: Նա հատկանշական է համարել այն, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի է ունենում Յարոսլավլում, քանզի օրեր առաջ նույն քաղաքում կայացել է միջազգային ֆորում, որտեղ քննարկվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու նոր միջազգային տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարի` գլոբալ տնտեսության կայունությունը լուրջ փորձություններ է կրում:



Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում ՀՀ վարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը, նախ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանի Հանրապետության պատվիրակության ջերմ ընդունելության եւ Յարոսլավլ քաղաքի 1000-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերի համար: Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը կառավարության ղեկավարը նշել է. «Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցած գործընթացները նման են Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցողներին: Դա պատահական չէ: Մեր տնտեսական համակարգերը փոխպայմանավորված ու ինտեգրված են: Հայաստանի Հանրապետությունում ռուսական կապիտալով 1000-ից ավելի ընկերություն է աշխատում: Էներգետիկ համակարգերն ու տրանսպորտային հաղորդակցությունն ինտեգրված են ռուսաստանյան տնտեսության հետ»: ՀՀ վարչապետը նշել է, որ առաջին կիսամյակում ճգնաժամը բավական ուժեղ է հարվածել տնտեսությանը, սակայն այսօր, զգուշավոր լավատեսությամբ, կարելի է նկատել տնտեսության աճի միտումներ: Դա նշանակում է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդյունքեր է տալիս եւ շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կառավարությանն ու Վլադիմիր Պուտինին` աջակցության համար, որն ուղղվել է հակաճգնաժամային միջոցառումներին:



Անցնելով օրակարգի հարցերին, նիստի մասնակիցները քննարկել եւ որոշումներ են ընդունել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 2008թ. հոկտեմբերի 20-ին կայացած տասներորդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային հիմքի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված ձեռնարկությունների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցության մասին:



Նիստի մասնակիցները դրական են գնահատել էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի, կրթության եւ այլ բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---