// IP Marketing video - START// IP Marketing video - END
Արևմուտքն Իրանի հարցում նախանձելի համառությամբ, որով արևելքում աչքի է ընկնում մի տնային կենդանի, գնում է ակնհայտ ռազմական ընդհարման

Նիկոլայ Կոլչուգին.

Արևմուտքն Իրանի հարցում նախանձելի համառությամբ, որով արևելքում աչքի է ընկնում մի տնային կենդանի, գնում է ակնհայտ ռազմական ընդհարման

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը, Արևմուտքի պատժամիջոցներն իրանական նավթի առաքումների վերաբերյալ, բանկային փոխանցումների արգելափակումն արդեն մի քանի ամիս շարունակ աշխարհը մշտական լարվածության մեջ են պահում: Հարևանների հետ հարաբերություններում լարվածությունը, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, ավելի շատ են հեռացնում Իրանի հետ պայմանավորվելու հնարավորությունը: «Իրանական խնդրի» վերաբերյալ իր տեսակետն է հայտնել Մերձավոր Արևելքի և Միջին Արևելքի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նիկոլայ Կոլչուգինը:

Ո՞վ ում համար ավելի մեծ նշանակություն ունի՝ Իրանը Հայաստանի համար, թե Հայաստանն Իրանի:
Բարդ հարց է, որը միանշանակ պատասխան չունի: Չէ որ ցանկացած համակրանք կամ հակակրանք դրսևորվում է որոշակի ժամանակում և կոնկրետ իրավիճակում: Պետությունների միջև հավերժ բարեկամությունը, ինչպես հայտնի է, հազվադեպ երևույթ է, և ոչ Հայաստանը, ոչ Իրանը նման երջանիկների թվին չեն դասվում: Բայց կա նաև ընդհանուր բան: Երկու երկրներն էլ, ըստ էության, գտնվում են պատերազմական իրավիճակում, թեև առայժմ դրա սառը փուլում:

Արևմուտքն Իրանի հարցում նախանձելի համառությամբ, որով արևելքում աչքի է ընկնում մի տնային կենդանի, գնում է ակնհայտ ռազմական ընդհարման: Այս տարվա սկզբին ԱՄՆ-ը բացահայտ կերպով հայտարարել է, որ բանը միայն ժամկետների մեջ է:

Սակայն չեմ կարծում, որ հիմա պատերազմ կսկսվի, մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները դրա հավանականությունն աննշան է:

Սակայն ԱՄՆ հաջորդ նախագահը, ով էլ որ նա լինի, պետք է լուծի «իրանական հարցը»: Չէ որ ԱՄՆ-ը, տարվելով ամերիկացիների համար անցանկալի իրանական իսլամական ռեժիմը ճնշելով, կորցրեց այդ երկիրը, որտեղ 33 տարվա ընթացքում 1979-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հակաամերիկյան գաղափարախոսության վրա դաստիարակվել է իրանցիների նոր սերունդ, այդ թվում նաև նրանցից, ովքեր հիմա քաղաքական, պետական և ռազմական դիրքեր են զբաղեցնում իրանական ղեկավարությունում: Խաղաղ ճանապարհով Թեհրան վերադառնալու Սպիտակ տան հույսերը գրեթե հավասար են զրոյի: Իրանում իսլամական ռեժիմը չի ցանկանում «կռանալ», այն կարող է միայն «կոտրվել»:

Իրանն, ըստ էության, ապրում է Արևմուտքի հետ դիմակայության ռազմական «թեժ» փուլի սպասումով: Սովորական են դարձել միջազգային մեկուսացումը և երկրի միջուկային ծրագրի հասցեին մեղադրանքները, դիվերսիաները և գիտնական միջուկաբանների սպանությունները, տնտեսական էմբարգոն և իրանական նավթի վրա մորատորիում սահմանելը, ֆինանսական սահմանափակումները և ՍՎԻՖՏ վճարումների համաշխարհային համակարգից անջատումը: Սպառնալիքների ցուցակը, որոնց հետ Թեհրանը պայքարում է ամեն օր, կարելի է շարունակել: Այդ պայմաններում Իրանն իր համակրանքը տվել է Հայաստանին և իր տարածաշրջանային քաղաքականության մեջ չի կողմնորոշվում դեպի մահմեդական Ադրբեջանը քրիստոնեական Հայաստանի հետ հակամարտության պայմանում: Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը վերջերս այցելել է Իրան, որտեղ հանդիպել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ: Վերջինն ասել է, որ Իրանում բարձր են գնահատում հարևան բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունները:

Իսկապես, հայ-իրանական սահմանը, չնայած 35 կմ ոչ մեծ երկարությանը, Թեհրանում չեն դիտարկում որպես ԻԻՀ տարածքի վրա հարձակում գործելու հնարավոր միջանցք: Հարավային Կովկասում հիմնական դաշնակցի ընտրությունն իրանական դիվանագիտության կողմից ճիշտ էր, թեև տվյալ պահին խոսքն ավելի շուտ գնում է Թեհրանի և Երևանի գործընկերության մասին, որն ավելի շատ է, քան սովորական դրական չեզոքությունը:

Իրանը Հայաստանի համար Վրաստանի հետ միասին երկրորդ «պատուհան է դեպի աշխարհ», այլ ուղղություններում երկիրը շրջափակված է ոչ բարեկամական Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: 2008-ից Թավրիզ-Արարատ գազատարով Հայաստան է մտնում իրանական գազը, ինչն այս տարվա մարտին Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարման մեջ տեղ գտած խափանումների պայմաններում ռազմավարական նշանակություն ունի: Թեհրանը կարևոր ներդրող է հայկական տնտեսության մեջ, այդ թվում՝ Հայաստանի էնեգետիկ ոլորտում:

Ենթադրություններն այն մասին, որ հարվածի դեպքում Իրանը կփակի Հայաստանի հետ սահմանը, ես չեմ կիսում: Այդպես կարող են կարծել այն փորձագետները, ովքեր չեն եղել Մեղրիում և չեն տեսել Հայաստանի հետ իրանական սահմանը: Իսկ Իրանից Հայաստան իրանցի փախստականների զանգվածային հոսքի մասին կանխատեսումներն առնվազն զարմանք են հարուցում: Դժվար է պատկերացնել, որ ԻԻՀ հարևան նահագներում բնակվող էթնիկ ադրբեջանցիները փրկություն կորոնեն Հայաստանում, թեև ոչ ոք, ինչպես ցույց է տվել իրանաիրաքյան պատերազմի փորձը, ընդհանրապես ոչ մի տեղ չի փախչի: Իմ կարծիքով, հիմա երկու պետությունները շահագրգռված են միմյանց մեջ, և հետագայում Թեհրանում զերծ կմնան ցանկացած միակողմանի, Երևանի հետ չհամաձայնեցված միջոցների ընդունումից:

Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում իսրայելական միջուկային մարտագլխիկների մասին, դրանք, կարծես, 400 հատ են:

Դա հետաքրքիր թեմա է: Այն ամենը, ինչ կապված է դրա հետ, պարուրված է անհայտության մշուշով: Իսրայելական ղեկավարներ իրենց հրապարակային ելույթներում և հայտարարություններում չեն խոսում այդ մասին: Իսրայելը երբեք պաշտոնապես չի հաստատել և չի ժխտել իր մոտ միջուկային զենքի առկայությունը, թեև արտասահմանյան վերլուծաբանները կարծում են, որ նա նման զենք ունի:

Նման պնդումների համար հիմքերը բավական շատ են: Դեռ 1960-ականներին ԱՄՆ ԿՀՎ-ը հանգել է եզրակացության, որ Իսրայելը բոլոր պաշարներն ունի միջուկային ռումբի արտադրության համար: Հետաքրքրիր է, որ այդ ժամանակ Իսրայելի վարչապետ Լևի Էշքոլը ԱՄՆ նախագահ Լ. Ջոնսոնի ուղերձին պատասխանել է, որ Իսրայելը երբեք չի դառնա Մերձավոր Արևելքի առաջին երկիրը, որն ատոմային զենք կկիրառի: Իսրայելի վարչապետի պաշտոնում նրա բոլոր հետնորդները կրկնել են այդ միտքն այս կամ այն ձևով: Այսինքն, «չի կիրառի» ձևակերպումը, ըստ էության, նշանակում է, որ միջուկային զենք կա:

ԽՍՀՄ ԱԳՆ մերձարևելյան բաժնի նախկին ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Օլեգ Գրինևսկին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ «մեր հետախուզությունը դեռ 60-ականների կեսերին հուսալի տեղեկություններ ուներ Իսրայելի միջուկային պոտենցիալի մասին»: Ոչ մի վկայություն չկա, որ Իսրայելը երբևէ փորձարկել է միջուկային զենք, թեև շատ փորձագետներ ենթադրում են, որ Հնդկական օվկիանոսի հարավային մասում 1979-ին տեղի ունեցած միջուկային պայթյունը նման փորձարկում էր: Ամեն դեպքում, ԽՍՀՄ-ն իր մերձարևելյան քաղաքականության մեջ միշտ հենվել է նրա վրա, որ Իսրայելը միջուկային զենք ունի:

Մեր օրերում նույնպես այդ մասին խոսում են: Օրինակ, մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ Իսրայելն ունի 250-300 միջուկային մարտագլխիկ և վրդովմունք հայտնել, որ ոչ ոք չի խոսում այդ մասին և չի ցանկանում քննարկել: Լավ կլիներ նա այդ թեման քննարկեր իր ամերիկյան դաշնակից նախագահ Օբամայի հետ, հնարավոր է, որ համաշխարհային հանրությանը հասնեին իսրայելական միջուկային զենքի մասին տեղեկատվության մասնիկներ: Առայժմ ողջ աշխարհը գրավված է իրանական միջուկային ծրագրով, որի ռազմական նպատակները կասկած են հարուցում, քանի որ ոչ ոք չի ներկայացրել համապատասխան ապացույցներ:

Ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումն ադրբեջանաիրանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

Պատասխանելով այդ հարցին, իսկույն նշեմ, որ այդ երկրների միջև հարաբերությունների փաստացի դրությունը տվյալ պահին թույլ է տալիս խոսել Թեհրանի և Բաքվի առճակատման մասին: Իհարկե, Ադրբեջանի համար Իրանի հետ հարաբերություններում ամենակարևոր հարցը մնում է ղարաբաղյան խնդրում Թեհրանի դիրքորոշումը: Այնպես է ստեղծվել, որ Բաքվի քաղաքականության մեջ գրեթե ամեն ինչն ուղղված է Լեռնային Ղարաբաղի վրա իր վերահսկողությունը վերադարձնելու մասին հարցի լուծմանը, իսկ գործընկերների միջև հարաբերությունները դիտարկվում են ղարաբաղյան պրիզմայի միջով, և Թեհրանը չի արժանացել ադրբեջանական վստահությանը:

Օրինակ, պաշտպանության նախարար Աբիևի վերջին այցի ժամանակ Իրանը հրաժարվել է փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, որին ի պատասխան մի քանի օր անց Ադրբեջանը բացահայտել է իրանական լրտեսական ցանցը, ինչը հանգեցրել է հերթական դիվանագիտական սկանդալին ադրբեջանական դեսպանին ԻԻՀ ԱԳՆ կանչելով և նրան բողոքի նոտա հանձնելով: Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Իրանի ցանկացած նոր սկզբունքային որոշում կարող է թույլատրվել միայն Իրանի գերագույն ղեկավարության կողմից: Առայժմ Իրանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը և հիմքեր չկան սպասելու Թեհրանի կողմից Ադրբեջանի ղեկավարությանն աջակցությանը:

Իրանը տեսնում է, որ Բաքվում Հայաստանի հետ հակամարտությունը չեն համարում «սառեցված հակամարտություն»:

Ադրբեջանը ձեռք է բերում ժամանակակից սպառազինություն, որպեսզի հնարավորություն ունենա, չնայած Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին, հարցը ուժային ճանապարհով լուծելու համար: Այս տարի Իսրայելի կողմից Իրանի օբյեկտների վրա հարվածներ հասցնելու իսրայելական սպառնալիքների ֆոնին Ադրբեջանը, անտեսելով իրանական հարևանությունը, Թել Ավիվի հետ ձևակերպել է իր պատմության մեջ խոշորագույն ռազմատեխնիկական գործարքը՝ 1,6 մլրդ դոլար աննախադեպ արժողությամբ:

Հենվելով Իսրայելի հետ ռազմատեխնիկական միության վրա և հանուն դրա զոհաբերելով Իրանի հետ նորմալ հարաբերությունները, Ադրբեջանը, երևում է, ռազմավարական սխալ է թույլ տվել: Մինչև այժմ նույնիսկ ԱՄՆ-ը թույլ չի տվել իր ռազմարդյունաբերական համալիրին նման խոշոր պայմանագրեր կնքել Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու հարցում՝ զգուշանալով Բաքվի և Երևանի միջև նոր պատերազմ սադրելուց:

Չի կարելի մոռանալ, որ Իրանը գլխավորում է գերագույն շիիթական հոգևորականությունը, որը բաժանում չի կատարում շիիթ-պարսիկների և տեղի շիիթ-ադրբեջանցիների միջև: ԻԻՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, հետևելով «Իմ թշնամու (Իսրայելի) ընկերն իմ թշնամին է» սկզբունքին, Թել Ավիվի և Բաքվի ռազմական դաշինքի ստեղծման հեռանկարի ֆոնին ավելի միանշանակ է դասում հարևան Ադրբեջանին իր տարածաշրջանային հակառակորդների թվին:

Բաքվի և Թեհրանի հարաբերություններն առճակատման մակարդակ վերադարձնելն իսկույն արժանացել է Վաշինգտոնի հավանությանը: ԱՄՆ պետդեպարտամենտը բարձր է գնահատել Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությունը:

Սպիտակ տան նման հայտարարություններից հետո Իրանի մոտ կասկածներ չեն մնում, որ Բաքվին կարող են մանիպուլյացիայի ենթարկել Վաշինգտոնից՝ ցուցումներով տալով հեռախոսով: Դրանից ելնելով՝ Իրանը չի բացառում Բաքվի կողմից ԱՄՆ և Իսրայելի համար իր տարածքը տրամադրելու հնարավորությունը: Արևմուտքի կողմից Իրանում ագրեսիա սանձազերծելու դեպքում այդ հանգամանքներն Իրանին իրավունք կտան պատասխանել՝ ոչնչացնելով ադրբեջանական նավթագազային օբյեկտները որպես թշնամական: Իրադարձությունների նման զարգացումը շատ հավանական է, հաշվի առնելով այն փաստը, որ Բաքվի հետ Թեհրանի հարաբերություններն անշեղորեն վատանում են: