Գումարով բոլորը կհամաձայնեն նվագել, բայց  էնտուզիազմը խումբն ավելի ամուր է դարձնում

Մերի Դոլմազյան.

Գումարով բոլորը կհամաձայնեն նվագել, բայց էնտուզիազմը խումբն ավելի ամուր է դարձնում

PanARMENIAN.Net - Այսօր՝ ժամը 19:00-ին, Հայաստանի գրողների միության Մեծ դահլիճում տեղի կունենա «Assonance» ժամանակակից երաժշտության անսամբլի դեբյուտային համերգը: Անսամբլը ձևավորվել է բոլորովին վերջերս, մենակատարները երիտասարդներ են՝ Գոհար Առաքելյան (ֆլեյտա), Արսեն Գրիգորյան (կլարնետ), Լուսինե Հարությունյան (ջութակ), Մերի Դոլմազյան (ալտ), Շողակաթ Վարդանյան (դաշնամուր): Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը: «Assonance» անսամբլի ստեղծման և վերջին օրերի Հայաստանի մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկի՝ «Նարեկացի» արվեստների փառատոնի մասին ենք զրուցել անսամբլի մենակատարներից Մերի Դոլմազյանի հետ: Մերին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորինան: Այժմ նորից այնտեղի ուսանող է. այս անգամ սովորում է կոմպոզիցիայի բաժնում: «Վարդանյան» լարային քառյակի ալտահարն է, որի կազմով էլ մասնակցել է մի շարք փառատոների: Վարպետության դասեր է ստացել աշխարհահռչակ հայազգի ալտահարուհի Քիմ Քաշքաշյանից, Դիմուտ Պոպենից, Սայմոն Ռոլանդ Ջոնսից, «Չիլինգիրյան» կվարտետից:
Այսօր որպես կատարող ձեզ հետաքրքրո՞ւմ է ժամանակակից ակադեմիական երաժշտությունը: Առհասարակ, ժամանակակից երաժշտությունը հետաքրքրո՞ւմ է մարդկանց:
Այն, ինչ կապված է ժամանակակից ակադեմիական երաժշտության հետ, մի քիչ ավելի բարդ է, որովհետև, չգիտեմ ինչու, երիտասարդների մեջ ավելի քիչ են մարդիկ, ովքեր ցանկություն ունեն շփվել նոր երաժշտության հետ:

Նաև կա այդ նոր երաժշտությունը ներկայացնելու խնդիր: Կան խմբեր, անհատներ, որոնք կատարում են ժամանակակից երաժշտություն, սակայն, ամեն դեպքում, դա քիչ է, և նոր խումբ ստեղծելու անհրաժեշտություն, որը 20-21-րդ դարերի, այդ թվում նաև երիտասարդ կոմպոզիտորների, ստեղծագործություններ կկատարի, այսօր իսկապես տեսնում եմ:

Ես նաև «Վարդանյան» քառյակում եմ նվագում արդեն երեք տարի, և այնտեղ էլ շատ ենք անդրադարձել ժամանակակից, մանավանդ հայ կոմպոզիտորներին, սակայն լարային քառյակի համար գրված դասական ռեպերտուարի շատ ավելի հարուստ լինելու պատճառով մենք հիմնականում նվագում ենք դասական երաժշտություն: Քանի որ հիմա սկսել եմ զբաղվել կոմպոզիցիայով, ժամանակակից ակադեմիական երաժշտությունն ինձ համար ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում և օգտագործում եմ կատարման բոլոր առիթները:

Վերջերս ծանոթացա երիտասարդ կոմպոզիտորների հետ, առիթ ունեցա կատարելու նրանց ստեղծագործությունները: Շատ ոգևորվեցի ու սիրեցի նոր երաժշտությունը: Երբ Հովիկ Սարդարյանն առաջարկեց ժամանակակից երաժշտության անսամբլ ստեղծել, անմիջապես համաձայնվեցի, քանի որ ինձ մոտ էլ հասունացել էր այդ պահանջը: Իհարկե, պետք է նշել, որ մի քիչ բարդ է խումբ ձևավորելը: Մեզ մոտ մի հիվանդագին երևույթ կա, բոլորը իրենց սոլիստ են զգում և չեն ուզում դառնալ որևէ խմբի անդամ և նվագել կամերային, մանավանդ ժամանակակից երաժշտություն: Սակայն մեզ հաջողվեց ստեղծել խումբը և ահա արդեն առաջին համերգն ենք տալու:

Ձեր կարծիքով ի՞նչ ապագա կունենա նոր անսամբլը:
Ես դեռ չգիտեմ, ինչպես կընթանա ամեն ինչ: Շատ քիչ ժամանակ է, որ փորձեր ենք անում, բայց ինձ խումբը շատ է դուր գալիս: Երբեմն գործընկերներս խոսում են, որ եթե ֆինանսավորում լիներ, խումբն ավելի հեշտ կկազմավորվեր: Բայց ես մտածում եմ, որ գումարով բոլորը կհամաձայնեն նվագել, մասնակցել, բայց այս դեպքում ամեն ինչ էնտուզիազմից ու ցանկությունից է կախված: Իմ կարծիքով էնտուզիազմով ու ցանկությունով կարելի է ավելի կայուն խումբ ստեղծել: Իհարկե, ֆինանսավորում գտնելը հետագայի համար անհրաժեշտություն է: Ես չգիտեմ, որքանով եմ ճիշտ, բայց դա է իմ կարծիքը: Մի քիչ անհանգստություն կա, որովհետև այնքան էլ չենք հասցրել ճանաչել իրար, բայց ես տեսնում եմ այն մեծ ցանկությունը ու լավ ներկայանալու ձգտումը, որ կա յուրաքանչյուրիս մեջ:

Ի՞նչ հանդիսատես կցանկանայիք տեսնել դահլիճում այսօր:
Մեծ ցանկություն ունենք, որ գան մարդիկ, ովքեր ծանոթ են 20-րդ դարի դասականների երաժշտությանը, քանի որ առաջին համերգի ծրագիրն ընդգրկում է նախորդ դարաշրջանի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: Քանի որ հրավիրել ենք նաև այնպիսի երաժիշտների, որոնք քաջատեղյակ են այդ ամենից, այդ պատճառով էլ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է: Իհարկե, լավ կլինի, որ նաև լինեն մարդիկ, որոնց համար սա նորություն կլինի:

Ամեն դեպքում բարդ գործ եք սկսել, ունե՞ք խորհրդատուներ:
Մենք լավ խորհրդատուներ ունենք՝ շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, կոնսերվատորիայի դասախոս Արթուր Ավանեսովը, որոնք մեզ օգնում են իրենց խորհուրդներով: Հաճախ ենք նրանց օգնությանը դիմում:

Արամ Հովհաննիսյանին առաջիկայում սպասում ենք այստեղ: Պատրաստվում ենք հուլիսին մասանակցել Ծաղկաձորում կայանալիք Արվեստի ակադեմիային, որի կազմակերպիչներից է նա: Ակադեմիայից հետո կլինի համերգ Երևանում, որտեղ «Assonance» անսամբլը կկատարի վարպետության դասերի արդյունքում ստեղծված գործերը:

Այսօր շատ երաժիշտներ հնարավորության դեպքում հեռանում են երկրից՝ նախընտրելով իրենց կարիերան ստեղծել դրսում: Ինչո՞ւ:
Երբեք չեմ աշխատել դրսում, բայց մտածում եմ, որ եթե այնտեղ մթնոլորտը լավ չլիներ, շատ մարդիկ չէին գնա, չէին աշխատի այնտեղ: Ես շատ ընկերներ ունեմ, որ դրսում են ապրում ու ստեղծագործում: Շատ կուզեմ՝ այնպես լինի, որ չգնան երկրից, մնան ու աշխատեն այստեղ: Երևի նրանց ուշադրությունն է պակասում: Այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է կազմակերպելը: Գիտեք, շատ բան բուհից է գալիս: Եթե այստեղ ուսանողներն իրենց նախաձեռնությամբ ինչ-որ բան չանեն, չնախաձեռնեն, ոչինչ չի կատարվի, ոչ մի համերգ չի կազմակերպվի: Երբ սովորում էի լարային բաժնում, որպես ալտահար, եթե ինքս կամ էլ ընկերներս որևէ բան չէինք կազմակերպում, ապա ամբողջ տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ բեմ բարձրանալու հնարավորություն կամ տրվում, կամ էլ չէր տրվում: Կոմպոզիտորների համար ամեն ինչ ավելի դժվար է: Շատ մեծ խնդիր է նրանց համար իրենց գործերը ներկայացնելը:

Որո՞նք են հիմնական խոչընդոտները, որոնց առնչվում է կոմպոզիտորը:
Ստեղծագործողը ստիպված է երաժիշտ կատարողներ գտնել գործը կատարելու համար, հետո դահլիճ վարձել կամ էլ համապատասխան համերգ գտնել տվյալ ստեղծագործությունը այնտեղ ներկայացնելու համար և այդ ամենի համար գումար գտնել: Շատ քիչ կազմակերպիչներ կան, որ զբաղվում են դասական համերգներ կազմակերպելով: Օրինակ, մեր քառյակը. մենք ենք դահլիճ գտնում, դահլիճի վարձը տալիս, մենք ենք կազմակերպում: Երևի կոմերցիոն առումով ձեռնտու չէ դասական համերգը, դրա համար չեն նախաձեռնում:

Այս օրերին որպես երաժիշտ մասնակցում էիք «Նարեկացի» արվեստների փառատոնին, ի՞նչ կասեք փառատոնի մասին:
Շատ լավ միտք էր նման փառատոն կազմակերպելը: Մի քանի օր առաջ փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ համերգ, որի ամբողջ ծրագիրը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից էր կազմված: Ցավոք, համերգն անցավ կիսադատարկ դահլիճում, չնայած համերգը բավականին լավ գովազդվել էր, մարդիկ տեղեկացած էին: Հուսամ, այս փառատոնը կունենա շարունակություն, և ես մեծ հաճույքով, հրավերի դեպքում, էլի կմասնակցեմ:

Նշենք, որ «Assonance» ժամանակակից երաժշտության անսամբլի դեբյուտային համերգի մուտքն ազատ է: Ծրագրում՝ Արնոլդ Շյոնբերգ (1874-1951) - Sechs kleine Klavierstücke (op. 19), Մորթոն Ֆելդման (1926-1987) - The Viola in My life III, Իգոր Ստրավինսկի (1882-1971) - 3 պիես կլարնետի համար, Դյորդ Կուրտագ (*1926) - Hommage á R. Sch. op. 15d, Էդգար Վարեզ (1883-1965) - Density 21.5, Վիտոլդ Լյուտոսլավսկի (1913-1994) – Partita:

Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
---