Դեգան, Սարյանն ու ՈւրարտունՄշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով Ֆրանսիացի իմպրեսիոնիստի «Ռուս պարուհիներ» կտավը վերանվանվեց «Ուկրաինացի պարուհիներ»-ի և աշխարհը կրկին երկու բևեռի բաժանելու առիթ դարձավ: Ոմանք Լոնդոնի ազգային պատկերասրահի այս որոշումը համարում են այնքան աբսուրդային, որքան արևմտյան որոշ համալսարաններում Դոստոևսկի արգելելն էր, մյուսներն էլ պնդում են, որ վերականգնվեց պատմական անարդարությունը: 5 ապրիլի 2022 PanARMENIAN.Net - Կա մարդկանց մի խումբ էլ, որ վստահ է՝ ճշմարտությունը, ինչպես շատ հաճախ, երկու ծայրահեղության մեջտեղում է: Էդգար Դեգայի կտավը և պատկերասրահի որոշումը թարմացրին տարբեր դարերում մշակութային յուրացման մասին խոսակցությունները: «Ռուս պարուհիներ»-ը դարձան «Ուկրաինացի պարուհիներ» պատկերասրահի ղեկավարների թեթև ձեռքով և սոցցանցերում ուկրաինացիների կոչերի ու ակցիաների ֆոնին: Իրականում ոչ թեման է նոր, ոչ էլ անհամաձայնությունները: Կտավի անվանումը տարիներ շարունակ քննարկումների թեմա է եղել, իսկ սա հարմար առիթ էր՝ վերջնական որոշում կայացնելու:
20-րդ դարասկզբի ֆրանսիացի իմպրեսիոնիստի «Ռուս պարուհիները» պաստելային ստեղծագործությունների շարքը 1899-ին է ստեղծվել: Դեգան ոգեշնչվել է հյուրախաղերով Փարիզ մեկնած ռուսական կայսրության պարուհիներից: Այս շարքի կտավներից կան նաև Նյու Յորքի Մետրոպոլիտենում, Լոս Անջելեսի Գեթի թանգարաններում: Ուկրաինացիները նամակներ են ուղարկել նաև այս թանգարաններին: Սպասում են արձագանքի: Լոնդոնի ազգային պատկերասրահում ասում են, թե կտավի նոր վերնագիրն ավելի լավ կարտացոլի դրա սյուժեն: Իրականում, կտավն ուսումնասիրելիս անհնար է չնկատել պարուհիների մազերին հյուսված ուկրաինական դրոշի գույներով ժապավենները: Արվեստաբանները նաև պնդում են, որ ռուսական և ուկրաինական ազգային հագուստը համեմատելու դեպքում նաև պարզ կդառնա, որ պարուհիներն ուկրաինական տարազ են կրում: Եվ այս համատեքստում մասնագետները հիշեցնում են ռուսական իմպերիալիզմի «զոհ դարձած» արվեստի գործերի մասին, որոնք մեխանիկորեն ներկայացվել են որպես ռուսական նմուշներ և այդ փաստը երկար ժամանակ նույնիսկ կասկածի տակ չի դրվել: Կտավում ուկրաինական էլեմենտների ներկայությունը չեն ժխտում նույնիսկ ռուսները, բայց պնդում են, որ նույնիսկ եթե պարը կամ հագուստն ուկրաինական են, պարուհիները կարող էին ռուս լինել: Ոմանք նույնիսկ առաջարկում են «ուկրաինացի պարուհիներ»-ի փոխարեն օգտագործել «ուկրաինական տարազով պարուհիներ» կամ «ուկրաինական պար» կամ «ուկրաինական պարի կատարողները» անվանումները: Մշակութային յուրացումը, իհարկե, ռուսական իմպերիալիզմի մենաշնորհը չէ: Հսկայական փաստագրություն կա այն մասին, թե ինչպես են մեծ երկրները կամ գաղութային կայսրությունները յուրացրել իրենց տիրապետության տակ գտնվողների մշակույթը: Ամբողջ աշխարհում կայսրությունների նմանություններից մեկը նրանց հակումն էր՝ յուրացնելու իրենց նվաճած ժողովուրդների ավելի առաջադեմ մշակույթները և քաղաքակրթությունները: Հետազոտություններից մեկը նշում է, որ եվրոպական իմպերիալիզմը և գաղութատիրությունն արևմտյան արվեստի վրա ազդեցին երեք հիմնարար ձևերով: Նախ, կայսերական տերություններն ու միապետերը պահանջում էին ստեղծել կտավներ, քանդակներ և ճարտարապետական գլուխգործոցները, որոնք փառաբանում էին կայսրությունների իմպերիալիստական, ծավալապաշտական նկրտումները: Երկրորդ, եվրոպական ազդեցության ընդլայունումն արևմտյան մշակութային ավանդույթները տարածեցին նաև Աֆրիկայի և Ասիայի գաղութներում: Եվ երրորդ, արվեստի տասնյակ հազարավոր բացառիկ նմշուներ գաղութներից հայտնվեցին Եվրոպայում և դրանցից շատերը պարզապես յուրացվեցին կամ էլ միաձուլվեցին արևմտյանի հետ: Քիչ չեն նաև դեպքերը, երբ կայսրությունները պարզապես ոչնչացրել են արտեֆակտերը: Պատմական դեպքերն ու դեմքերն ուսումնասիրելու և նոր դիտանկյունից քննարկելու համար արվեստաբաններն առաջարկում են պատմությանը մշակութային խոշորացույցով նայել: Գաղութային երկրներից արվեստի նմուշների յուրացումն ու բռնագրավումն իշխանություն հաստատելու ևս մեկ գործիք էր: Իսկ այսօր սերունդներն արևմուտքի համար անհարմար հարցեր են տալիս, պահանջներ ներկայացնում: Հարցականի տակ են դնում եվրոպական թանգարանների ամենաքննարկված բնօրինակների և արվեստի գործերի ծագումը: Պահանջատեր աֆրիկյան երկրները, օրինակ, հերթով հայցեր են ներկայացնում իրենց մշակութային ժառանգությունը տուն վերադարձնելու համար: Ի դեպ, արևմտյան թանգարանների աֆրիկյան մշակութի մասին ևս ավելի մանրամասն խոսել ենք ու պատմել, թե օրինակ ինչպես Մակրոնը Բուրկինա Ֆասոյում խոստացավ վերադարձնել Բենինին պատկանող մշակութային ժառանգությունը: Հայկական մշակույթն ու հայ արվեստագետները ևս բախվում են այս խնդրին: 2012 թվականին Մարտիրոս Սարյանի «Արագածի լանջերին» կտավը Լոնդոնում 623.7 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվեց Sotheby’s-ի ռուսական արվեստի աճուրդի շրջանակում: Սարյանի կտավներն այսօր էլ ներկայացվում և վաճառքի են հանվում որպես ռուսական արվեստի նմուշ: Հայկական մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու թուրք-ադրբեջանական տանդեմի մոլուցքը ևս բոլորին հայտնի է: Այս առումով փոքրիկ հաղթանակ ունեցանք 2015-ին, երբ Բրիտանական թանգարանում հին հայկական գտածոներ ցուցադրող սրահի «Հնագույն Թուրքիա» անվանումը փոխարինվեց «Անատոլիա և Ուրարտու» անվանումով: Փոփոխությունը կարևոր էր, բայց Մեծ Բրիտանիայում բնակվող հայերի, դեսպանության և մշակութի նախարարության համատեղ ջանքերի արդյունքը միայն կաթիլ էր օվկիանոսում: Այս հարցը մեր երկրի համար հատկապես հրատապ է դարձել Արցախի հայկական մշակութը ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնվելու ֆոնին: Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Բաժնի այլ նյութերը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը Մշակութային ճակատը Ինչպես է արվեստի աշխարհն արձագանքում ռուս-ուկրաինական պատերազմին | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |