Հայ եմ ծնվել, հայ էլ կմահանամ

Սերժ Ավեդիքյան.

Հայ եմ ծնվել, հայ էլ կմահանամ

PanARMENIAN.Net - Վերջապես Սերժ Ավեդիքյանն էլ մականուն ունեցավ` «Փարաջանով նկարողը»: Մարդ, ում մինչ այս շատերը ճանաչում էին «Մայրիկ» ֆիլմով, հետո մոտավորապես տեղը բերում որպես Կաննում ինչ-որ բան հաղթած (բայց հաստատ ոչ գրան-պրին) ռեժիսորի, այնուհետև` բեմադրիչի, ով ոմանց համար «թաղեց» Անուշին, մյուսների` վերակենդանացրեց: Մենք նրան ճանաչում ենք որպես Սերժ Ավեդիքյանի, ով լուսանկարվեց` հանվելով PanARMENIAN Photo-ի համար ու «մերկացրեց» հոգին PanARMENIAN.Net-ին:

Փարաջանովը` 12 բառով

Ազատ, ստեղծագործող, հրապուրիչ, մեծ ինտուիցիա ունեցող, մեծ արվեստագետ, իր լեզուն գտած, ունիկալ, քիչն իր տեսակում, օրիգինալ, սիրում էր Պազոլինիին, Ֆելինիին, Տարկովսկուն ու Փելեշյանին. յուրահատուկ մարդկանցից, ում կյանքումս հանդիպել եմ:

Փարաջանովը

1983-ի ձմռանը եկել էի վավերագրական ֆիլմ պատրաստելու: Իմանալով Հայաստան մեկնելուս մասին, Իվ Սեն Լորանը հագուստներ էր տվել` նվեր, որ փոխանցեմ Փարաջանովին: Հանդիպեցինք, նվերը հանձնեցի, ինքն էլ Սեն Լորանի համար փոխադարձ նվեր տվեց: Մի ամբողջ օր անցկացրինք միասին, շատ «խիտ» օր:

Փարաջանովը, կարծես, իմ մեջ ինչ-որ բան տեսավ, ճանաչեց: Գիտեի իր ֆիլմերը, իր անձնավորությունը, Ֆրանսիայում պայքարել էինք նրա բանտից դուրս գալու համար: Ինչ-որ մտերմիկ կապ ստեղծվեց մեր միջև, հետո նորից անակնկալ հանդիպեցինք Երևանում, այնուհետև երկար ժամանակ չհանդիպեցինք` ինձ արգելում էին գալ Սովետական միություն հենց այն պատճառով, որ հանդիպել էի Փարաջանովի հետ, 88-ին արդեն ինքը եկավ Ֆրանսիա: Մեր միջև ինչ-որ մտերմություն առաջացավ. երևի նա հասկացավ, որ իմ երիտասարդ տարիքում ոչ միայն պաշտում էի իրեն, այլև արդեն հասցրել էի շատ խորն ըմբռնել իր արվեստը: Ու հասկացա, որ Փարաջանովը որպես երիտասարդ արվեստագետի գնահատում է ինձ:

Ռիսկը մեծ է, բայց քննադատվելուց չեմ վախենում

Իկոնա դարձած մարդու կերպարը մարմնավորելիս ռիսկեր միշտ էլ կան: Ֆելինիի մասին, օրինակ, ֆիլմ չկա, Պազոլինիի, Տարկովսկու մասին ևս մինչ օրս ֆիլմեր չկան: Վտանգավոր է, շատ մեծ ռիսկ է, ու ես գիտեմ դա: Բայց չնկարել նման ֆիլմ` ինչ-որ բանից խուսափելու պատճառով… նոր, եկող սերունդները չպետք է մոռանան Փարաջանովի հանուն ազատության, մշակույթի ազատ արտահայտման պայքարը: Չպետք է մոռանան, որ խորհրդային կարգրերի ժամանակ այդ մարդը համարյա բոլորի համար կարողացավ միայնակ կռվել ու վճարեց դրա համար` բանտ նստեց, չթողեցին աշխատել… Հիմա, կարծես, հիշվում են միայն Փարաջանովի գործերը, կոլաժները, թանգարանը: «Մուզեյացված» վիճակ է ու, ըստ իս, պետք է նաև նրա կերպարը բացահայտել: Ոչ միայն այն կերպարը, ում մենք ֆոտոյով ու հեռուստատեսությամբ գիտենք, այլ այդ մարդու ներաշխարհը, որը կարելի էր մաքսիմալ զարգացնել: Սա գեղարվեստական ֆիլմ է, ոչ դոկումենտալ, ու կարելի էր պատկերացնել` ինչպիսինն էր այդ մարդը, երբ մենակ էր, տխուր էր… Որքանով է այն ստացվել` ժողովուրդը կասի: Դժվարություններ էլ կլինեն, քանի որ իրական պատկերը կա: Ուղղակի հիշեցնեմ` այս մարդն արժանի էր հենց գեղարվեստական ֆիլմի, ոչ` դոկումենտալի:

Մեկը գոհ կլինի, մյուսը` ոչ

Երբ քննադատությունը հիմնավորված է, զգում եմ` տեղ ունեն, այն հանգիստ եմ ընդունում: Մեկը պիտի գոհ լինի, մյուսը` ոչ: Չի կարող պատահել, որ նույն բանը բոլորին դուր գա: Մի գործ, որը միաժամանակ բոլորին դուր է գալիս` մի քիչ կասկածելի է` կամ շատ հանճարեղ է ու բոլորն են այն հանճարեղ գնահատում, կամ էլ ինչ-որ կասկածելի բան կա` ինչո՞ւ է բոլորին դուր գալիս: Ու, կարծում եմ, որ «Փարաջանովը» ոչ բոլորին դուր կգա, որովհետև ամեն մարդ իր ճաշակն ունի, բայց ամենակարևորն է, որ ֆիլմը հասնի լայն հանդիսատեսին` տարբեր խավերին, սերունդներին, տարբեր երկրներում:

Կադրից դուրս մնացած պատմությունը

Մի արտահայտություն կա, որ ֆիլմում հայերեն էի ասում. վերջին պահին որոշեցի հանել այն: Դա այն կադրում էր, երբ Երևանում` ստուդիայում, Փարաջանովն աշխատում է Լաերտ Վաղարշյանի հետ: Նա ստորագրել է տալիս, որ Սոֆիկո Ճիաուրելին կատարի Սայաթ-Նովայի դերը. շատ հակասական է ստացվում, որովհետև Ճիաուրելին կին է, վրացի, Սայաթ-Նովան` տղամարդ, հայ… Այնուամենայնիվ Փարաջանովն ապացուցում է, որ հենց նա պետք է մարմնավորի Սայաթ-Նովային, համոզում է, Լաերտը ստորագրում է: Եվ ահա թե ինչ է ասում. «Լաերտ ջան, չվախենաս` այս ստուդիայի հոգիները մեջտեղ եմ հանելու, մեկա գիտես` հայերը լա՛վ թաղում շինել գիտեն»…

Հետո հասկացա, որ գուցե չհասկացվի… Փարաջանովն իրականում ասել է այդ արտահայտությունը, ինձ էլ է ասել: Մի անգամ միասին էինք, բարձրությունից Փարիզին էինք նայում, շուռ եկավ, չգիտեմ` ինչու, ինձ հայերեն ասաց. «Հայերը լա՛վ թաղում շինել գիտեն»: Նա իր մահից դեռ 2.5 տարի առաջ գիտեր, որ Հայաստանում` Պանթեոնում կթաղվի, թանգարան կունենա…

«Փարաջանովի» ճանապարհորդությունը

Ֆիլմի պրեմիերան Կառլովի Վարիի կինոփառատոնում էր, ու հիմա արդեն իրավունք չունենք «Ա» դասի փառատոնների մասնակցել, օրինակ` Վենետիկ կամ Բեռլին: Այժմ ֆիլմը պիտի մասնակցի ավելի բարձր կարգի փառատոնների` այստեղից անմիջապես մեկնելու ենք Օդեսա, այնտեղ մասնակցելու ենք և համաշխարհային, և ազգային ֆիլմի մրցույթների. շատ փառատոններ կան. տեսնենք` ինչպես այն կճանապարհորդի:

Նորը

Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել եմ: Լիամետրաժ ֆիլմ է. «Վերջին ռաունդը»: Ռոմանեսկ սցենար է, անիմացիոն կատարելագործված ձևով եմ անելու, նույն իմ էսթետիկայով, ինչպես և «Շների պատմությունը», բայց էլ ավելի կատարելագործված: Կարծում եմ` մոտ տարի ու կես դեռ կաշխատեմ, ժամ ու քսանհինգ րոպե տևողությամբ գործ է: Մի քիչ ազատվեմ «Փարաջանովից», «Անուշից»` այն ծանր գործերից, որոնք վերջերս արեցի, ու կշարունակեմ:

«Վերջին ռաունդը» ևս կապված է մեր պատմության հետ, բայց ավելի գեղարվեստական կերպով: Գործողությունը կատարվելու է Ադիս-Աբեբայում, Ջիբութիում ու Ստամբուլում: Երկու որբ հայերի պատմություն է` քրոջ ու եղբոր, որոնք Ադիս-Աբեբայից ճամփորդում են դեպի Ստամբուլ: Այժմ փորձնական տարբերակն ենք անում, կարծում եմ` սեպտեմբեր-հոկտեմբերից արդեն կանցնենք ֆիլմի արտադրությանը:

Երջանկությունը

Երևի համաձայնությունը քո արածի ու քո զգացածի միջև երջանկություն է: Անում ես այն, ինչ զգում ես` դա է ճիշտը: Ի դեպ, ոչ միայն ստեղծագործական միջավայրում, այլև կյանքում: Երջանկությունը, երևի, փոքր բաներից է բաղկացած, ոչ թե շատ մեծ հաջողություններից: Իմիջայլոց, մեծ հաջողության մեջ էլ վտանգավոր բան կա` կարող ես տարվել դրանով ու ուրիշ մարդ դառնալ:

Երջանկություն է լինել մտերիմ մարդկանց հետ ու զգալ, որ արժի ապրել: Իմ կյանքում կան վայրկյաններ, որ երջանիկ եմ, կան վայրկյաններ, որ տխրում եմ, վախենում: Մի խոսքով, կյանքը մի երկար ուղիղ ճանապարհ չէ: Պետք է ապրել` ձգտելով, որ երջանիկ պահերն ավելի շատ լինեն:

Ընտանիքս

Ընտանիքը ինչ-որ բան շարունակելն է, բայց պետք է զգույշ լինել` չստացվի, որ քեզնից կախված լինեն, ամեն ինչ դու որոշես: Ընտանիքի անդամները պետք է ազատ լինեն, ինքնուս: Ընտանեկան հարստությունն այն է, որ կարողանաս կիսվել, խոսել, համաձայն չլինել, բայց մտերմանալ, ընկերանալ քո երեխաների հետ, ոչ թե միշտ «պապայություն» անել, որ միշտ վախենան քեզնից, կամ միշտ որոշես իրենց փոխարեն:

Կինն ու տղամարդը

Շատ դժվար են զույգի հարաբերությունները` տղամարդ ու կին, երկար տարիներ միասին ապրելը: Սերը դառնում է մտերիմ ընկերություն, վստահություն, կիսվելու ունակություն… պետք է հարաբերություններում միշտ հետաքրքրություն լինի, դրանք «նորոգվեն», որ սերը կարողանա զարգանալ, ուրիշ բան դառնալ: Դժվար է…

Հայ եմ ծնվել, հայ էլ կմահանամ. հաստատ

Կա քաղաքացիություն, կա ներքին զգացմունք, պատկանելություն մշակույթին, կա լեզու… չեմ կարող ասել` որն է իմ հայրենիքը: Հայրենիք հասկացությունը բարդ է: Կարելի է ապրել այստեղ` աշխատել այնտեղ, կարելի է լինել քաղաքացի, բայց զգալ, որ ուրիշ տեղ ես ուզում ապրել: Ամեն մարդ պետք է գտնի իր տեղը. դա կարող է լինել իր հայրենիքում (ու դա շատ լավ կլինի), կարող է լինել հայրենիքից դուրս, բայց , որ այդ տեղն իրեն մտերիմ լինի: Բոլորս պատկանում ենք այն ազգին, որից ծնվել ենք. ես հայ եմ ծնվել, հայ էլ կմահանամ: Հաստատ: Շարունակում եմ խոսել հայերեն` քիչ թե շատ, լավ թե վատ, բայց այդպես էլ կշարունակեմ: Ապրում եմ սփյուռքում` կարծում եմ, այնտեղ էլ պիտի շարունակեմ ապրել, որովհետև այդպես եմ ճիշտ համարում` ճիշտ տարածություն գտնելու համար հենց հայրենիքի, մշակույթի ու օգտակարության միջև: Երևանն ու Հայաստանն ինձ հարազատ են, բայց, կարծես, ես իրենց գիտեմ: Ինձ հետաքրքրում է ճանապարհորդելը, հայտնաբերելը: Ֆրանսիան էլ արդեն լավ գիտեմ, ինձ հիմա նոր երկրներ են հետաքրքրում…

Սերժ Ավեդիքյանը` 12 բառով

Երևի ինձ լավ եմ ճանաչում. այնքան ընթացքի մեջ եմ, որ, կարծես, միշտ ճանապարհին եմ: Ինձ պակասում է զսպվածությունը, մի քիչ առանձնանալը: Ուզում եմ ժամանակից մի քանի շաբաթ գողանալ, որ հանգստանամ, բայց արդեն անհամբեր եմ` ուզում եմ շարունակել աշխատանքները: Ժամանակը շուտ է անցնում, գիտեմ` անսպառ չեմ, ինչպես և բոլորը, անմահի պես չեմ ապրում: Ոչ էլ մահից եմ, ճիշտն ասած, վախենում. վախենում եմ, ինչպես բոլորը: Իմիջայլոց, կինոն արվեստ է, որը «շոշափում» է ժամանակը: Այդ առավելությունը, օրինակ, չունի գրականությունը, չունեն գեղանկարչությունը, ֆոտոն: Միայն կինոն ունի, որովհետև այն շարժապատկեր է, այն ինքն իր մեջ ժամանակ է հորինում` կա ֆիլմի տևողությունը, կա ֆիլմում նկարագրված ժամանակաշրջան և կա ֆիլմի «տեմպառիթմ»: Այդ հարցը մտել է իմ մեջ. մարդու պրոֆեսիոնալ թերությունն է, որ ինքը` մարդը, դարձել է իր պրոֆեսիան: Բայց միշտ հայտնաբերելու տեղ կա, այնպես որ ոչ թե ուզում եմ մնալ պիոներ (այդ բառի մեջ լավ բան կա` հայտնաբերող է), այլ, ինչպես Փելեշյանն ասաց` նորարար: Ես, կարծես, ծնվել եմ ոչ թե առաջինը լինելու համար` դա կապ չունի, բայց միշտ նորարարություն անելու, այդ ռիսկին գնալու, նորը փնտրելու, գտնելու` հնի մեջ, անցյալի մեջ, դեպի ապագան ձգտելու, տալու, փոխանցելու: Մեկ-մեկ ստացվում է, մեկ-մեկ` ոչ: Դա էլ է ինձ նկարագրում` արվեստագետի մոտ միշտ չի ստացվում ճիշտ ժամանակին տեղ հասնել: Ֆիլմ կա` կարող է գնահատվել տասը տարի հետո: Կան մարդիկ, որ մահացած են, բայց դեռ չգիտեն այդ մասին, ու կան ֆիլմեր, որ մահացած են ծնվում, որովհետև արվել են արվելու համար, իսկ կան ֆիլմեր, որոնց ժամանակը չի ճնշում, հակառակը` «բացում է»: Չեմ ասում, որ ես հասցրել եմ այդ ամենն անել: Մեկ-մեկ պատահում է` ստացվում է… ինձ այդ մտահոգությունների մեջ կնկարագրեմ:

Չգիտեմ` լավ հայր եմ եղել, թե` ոչ, չգիտեմ` լավ ընտանիքի տեր եմ եղել, թե` ոչ… Կարծես ինչ-որ բաներ ստացվել են, ինչ-որ բաներ` ոչ, որովհետև դրա բաղադրատոմսը չկա:

Եկող սերունդներն են մեզ դաստիարակում: Չեմ կարծում, որ ես եմ իրենց դաստիարակում: Նույնը երեխաները` դու իրենց ինչ-որ բաներ ես տալիս մինչև 10-15 տարեկանը, հետո զգում ես` ինքն է քեզ վրա ազդում իր նոր տեսանկյունով, աշխարհայացքով: Ուզում եմ լսել երիտասարդների դիտողությունները, իրենց տեսանկյունը: Ես պատրաստ եմ դրան:

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo, Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
---