Ցանկացած ազատություն նախօրոք պլանավորած ինքնասահմանափակում է

Տիգրան Համասյան.

Ցանկացած ազատություն նախօրոք պլանավորած ինքնասահմանափակում է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին եվրոպական որոշ երկրների ժամանակով ժամը 19.49-ին կկայանա ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի 6-րդ՝ «Ստվերների թատրոնը» (Shadow Theater) ձայնասկավառակի շնորհանդեսը, որում 12 երգ է ներառված: Երաժիշտը մեզ բացեց անվանման գաղտնիքը, պատմեց՝ ինչքան ժամանակ է պահանջվել այն պատրաստելու համար, ինչ երգեր են ներառված, ինչպես նաև խոսեց հայկականի ու ջազի խառնուրդի, Հայաստանում ջազի վատ վիճակի մասին ու ոչ միայն:

Ստվերների թատրոնը

Այս ալբոմին միանգամայն նոր մոտեցում եմ ցուցաբերել: Մոտ չորս տարի է՝ ուզում էի այն ձայնագրել, բայց անընդհատ հետաձգվում էր։

Երգերի մեծամասնությունն ինքս եմ գրել, վերջին վեց տարվա ընթացքում։ Մի քանի հայկական երգ կա, մեկ եկեղեցական շարական: Որոշ երգեր հենց ձայնագրությունից առաջ եմ գրել, կամ ընթացքում որոշ բաներ փոփոխել, նորություն ավելացրել։ Ստացվեց, որ տարիների ընթացքում ինչ-որ նոր բաներ փոխել-ավելացնելով ալբոմը եկավ, հասավ այս վերջնակետին ու ստացվեց այն, ինչ ստացվեց։ Այն զուտ ջազային չէ: Մեծ դեր ենք հատկացրել պրոդյուսինգին:

Լավ անուն էի փնտրում, չէի կարողանում գտնել։ Այդ անունը եկավ մտքիս ու հետագայում պարզվեց, որ Հայաստանում էլ կա ստվերների թատրոն. ինձ շատ դուր եկավ։ Ու որոշեցի, որ հենց այդպես էլ կկոչեմ ալբոմը: Ասեմ, որ դրանում ներառված երգերը ինչ-որ մի բան չեն նշանակում, ոչինչ չեն բնութագրում...

Այստեղ կան օրկեստրային ձայներ, ռոք, էլեկտրո ու փոփ՝ խառնված ջազի ու հայկականի հետ։ Երաժշտությունը բարդ է։ Առաջինն է, որի ձայնագրման վրա այդքան ժամանակ եմ ծախսել: Ջազի աշխարհում սովորաբար գնում են ստուդիա ու չորս օր անց ալբոմն արդեն պատրաստ է, ինչ-որ մանրակրկիտ աշխատանք չի արվում։

Ընդհանուր առմամբ 1 տարի ենք աշխատել, որոշ ընդհատումներով, իհարկե։ Երբ սկսեցինք աշխատել՝ չէի ուզում, որ լինի այն մոտեցումը, թե Տիկոյի երաժշտությունն է, մի քանի լավ երաժիշտներ գտնենք, մի քանի փորձ անենք ու ձայնագրենք։ Դա տիպիկ ջազային մոտեցում է, որը բենդ, խումբ հասկացողությունից շատ հեռու է։ Իսկ ինձ համար խումբ հասկացողությունն ու նույն երաժիշտների հետ երկար ժամանակ նվագելը շատ կարևոր է: Մի քանի փորձ արեցինք 2012-ի փետրվարին, հետո մինչև հունիս չենք տեսնվել, օնլայն կապի մեջ էինք։ Հունիսին մի շաբաթ աշխատեցինք Ֆրանսիայում, ինչից հետո մի շաբաթ ձայնագրվեցինք ստուդիայում։ Դրանից հետո ևս մի քանի օր ստուդիայում մենակ եմ ձայնագրվել, հետո՝ ևս մեկ շաբաթ Դավիթ Գիլեջյանի հետ աշխատեցինք երեք երգի վրա։ Եվս երկու շաբաթ միքս արեցինք Ադամ Սեմյուելսի հետ։ Կյանքում ոչ մի ջազ-երաժիշտ իրեն թույլ չի տա երկու շաբաթ աշխատել նման նախագծի վրա, բայց ինձ համար դա էլ շատ քիչ էր՝ մոտ երկու ամիս էր պետք տրամադրել։

Հայկական ժողովրդականը

Հայկական ժողովրդական երաժշտությունն իմ արվեստագետ, դաշնակահար, երաժիշտ լինելուս, բառապաշարիս մի մասն է։ Ինձ համար հայկականությունը բնական է, ու իմ գրած երգերի մեջ շատ է։

Մարդիկ ամբողջ կյանքում փորձում են հասկանալ՝ ինչն է բնորոշում կոնկրետ ազգին, բայց շատ քչերի մոտ է ստացվում դա պարզել: Տարբեր շրջաններում, մարզերում ազգին բնորոշ տարբեր բաներ կան։ Բայց ինչ-որ մի բան կա, որը բոլորին կապում է իրար։

Ինձ համար հայկական երաժշտության լավագույն ներկայացուցիչը ժողովուրդն է։ Շատ քիչ մարդիկ են մնացել, որ իրենց մեջ դեռ կրում են ազգայինը, հայկական ժողովրդականը, ովքեր ծնվել են՝ իրենց տատերից այդ երգերը լսելով, երգելով, պարեր պարելով… իրանք են ազգային երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչները։ Կոմիտասի անունը չեմ տալիս, որովհետև նա ևս գնացել ու նույն ժողովրդից է լսել այն երգերը, որոնք երգել է։

Երբ հայկականն ու ջազը խառնվում են

Հայկականն ու ջազը խառնելու համար տարիների աշխատանք է պահանջվում: Չեմ կարող բացատրել, թե ինչպես է ինձ մոտ այդ խառնուրդը եկել ու հասել այն կետին, որը հիմա կա։ Ջազն իր մեջ ինչ-որ էթնիկ բնորոշ մշակույթ չի կրում։ Դրա հետ հնարավոր է համատեղել տարբեր մշակույթներ։ Ես ինքս չեմ փարձում ջազին ինչ-որ բան խառնել՝ ինչ-որ նոր բան ստանալու համար. ուղղակի փորձում եմ լսել այն երաժշտությունը, որն իմ մեջ զարգացել է, փորձում եմ այն էլ ավելի զարգացնել։ Ամենակարևորը նորություն ստանալն է։ Ջազն ինձ համար գործիք է, տարածություն, որտեղ ես կարող եմ ազատ իմպրովիզ անել։

Ինձ համար ազատությունն այն չէ, որ կարելի է ազատ անել ամեն ինչ։ Ես դա նախօրոք պլանավորում եմ։ Հորեղբորս ընկերը մի անգամ հետաքրքիր բան ասաց՝ ազատությունն այն չէ, որը մենք պատկերացնում ենք. չկա կատարյալ ազատություն։ Ցանկացած ազատություն նախօրոք պլանավորած ինքնասահմանափակում է։ Այսինքն՝ պետք է ինքնասահմանափակվես, որ կարողանաս այդ տարածությունում ազատ լինել։ Եթե դու ընդհանրապես չգիտես՝ ինչ ես անելու, չես կարող ազատ լինել։ Չմտածել՝ ինչ պետք է նվագես, լավ բան է, բայց բոլորն ինչ-որ տեղից սկսում են։ Լինեն իմ իմպրովիզներն ինչ-որ թեմայի, գաղափարի կամ ակորդների շուրջ, դրանք նախօրոք մտածված են, բայց միևնույն ժամանակ նորություն են։ Մարդիկ տասնյակ տարիներ աշխատում են, որ կարողանան վարպետորեն իմպրովիզներ անել. կան հատուկենտ երաժիշտներ, ովքեր իմպրովիզ անելու տաղանդ ունեն։

Հայաստանի ջազը շատ վատն է, ահավոր է։ Այստեղ ընդամենը մի քանի երաժիշտ կա, ովքեր կարող են համեմատվել դրսի հետ։ Տխուր երևույթ է… Տաղանդավոր երիտասարդներ կան, պարզապես պայմաններ չկան, որ նրանք զարգանան։ Ամեն ինչ գալիս է առօրյայից՝ ինչպես է մարդն ապրում, ինչքան վաստակում։ Այստեղ հաճախ մարդիկ գնում են ինչ-որ տեղ նվագելու, որ կարողանան ընտանիք պահել, բայց կա նաև հակառակը, երբ ֆինանսականն է դուրս գալիս առաջին պլան՝ մարդիկ մոռանում են, որ արվեստագետ են ու սկսում են մտածել միայն փող աշխատելու մասին։ Այդ երևույթն արտասահմանում էլ կա. կան բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ, բայց նրանք այն արվեստագետները չեն, ովքեր մտածում են ինչ-որ բանի հասնելու մասին։ Նյու Յորքում, օրինակ, երազում են նվագել Սթինգի խմբում, հասնում են դրան։ Իրենց մասին ոչ ոք չի լսում: Շատերը գիտեն, որ ինքը շատ լավ մասնագետ է, բայց նա չունի իր ինքնությունն ու նրա մասին ոչ ոք չի հիշելու։ Նրա համար կարևոր է փող աշխատելը։ Այո, այդ մոտեցումը դրսում էլ կա, ուղղակի Հայաստանը փոքր է, մարդիկ ու երաժիշտները քիչ են, ու եղածների մեջ էլ շա՛տ քչերն են մտածում ստեղծելու մասին, նորը ստեղծելու, իսկ արվեստագետի համար դա ամենակարևորն է։ Եթե արվեստագետը չի ստեղծում, ուրեմն նա արվեստագետ չէ։

Հանգստանալու համար ինձ լռություն է անհրաժեշտ. լիարժեք։ Լինում է՝ ականջներիս մեջ խցան եմ դնում, որ ոչինչ չլսեմ։ Կարող եմ 2-3 ժամ առանց կանգ առնելու նվագել, բայց դա շատ վատ է, դրա համար հիմա 15-25 րոպեն մեկ գոնե 1 կամ 2 րոպեով փորձում եմ դադար տալ։ Բայց երաժշտությունն անընդհատ ուղեղումս է։ Մեկ-մեկ շատ վատ երաժշտություն է գլուխս ընկնում, չեմ կարողանում հանել։ Շատ է լինում, որ համերգից հետո վերջին նվագածս դեռ երկար ժամանակ պտտվում է գլխումս։ Լինում է՝ արդեն պառկել եմ քնելու, բայց ինչ-որ մեղեդի դեռ գլխիս մեջ է, կապ չունի՝ վերջին նվագածն է, թե առաջին։

Դասախոսություններն ու արցախցիները

Արցախի Նարեկացի արվեստի միությունում դասախոսություններ անցկացնելու գաղափարն իմն էր։ Առաջնային խնդիրն էր հասկանալ՝ ովքեր են նոր սերունդը ներկայացնող երաժիշտները, որտեղ են իրենք ու ինչով են զբաղվում։ Գտա։ Հիմա նրանց հետ կապի մեջ եմ, կան տաղանդավոր երիտասարդներ, որոնց հետ շարունակելու եմ շփվել, որովհետև պետք է օգնել նրանց զարգանալ։ Շատ երիտասարդներ կան, ովքեր պետք է պարզապես զբաղվեն, ուսումնասիրեն, հինը տեսնեն ու ուղղակի խորանան։ Այդ ամենը չպետք է լինի մակերեսային։ Ամենակարևորը՝ խոչընդոտներից հեռու մնան (աստղայինը, փողային «գռդոններ»), որովհետև շատ հեշտ է միջից ուռչելը։ Քանի որ տարածությունը փոքր է, չկա մրցակցություն, մարդիկ շատ արագ աճում են ու վերջ. աճը կանգ է առնում, սկսում են իրենց աստղ համարել ու չեն էլ մտածում զարգանալու մասին։

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo, Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
Partner news
 Ամենաընթերցվողը բաժնում
Դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին համաշխարհային ճանաչում վայելող մեցցո-սոպրանո Մարինա Դոմաշենկոն Երևանում...
Թատրոնի ու կինոյի դերասանուհի Աննա Մուգլալիսը ծնվել է Ֆրանսիայի հարավում, հետագայում տեղափոխվել Փարիզ: Հայրը հույն է, մայրը` ֆրանսուհի: Մուգլալիսը հայտնի է` որպես...
Ռեժիսոր Օթար Իոսելիանին ծնվել է 1934-ին Թբիլիսիում, Մոսկվայի Լոմոնոսովի պետհամալսարանում աստղագիտություն սովորել ու կարող էր դառնալ Վադիմ Աբդրաշիտովի...