// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ապագային լավատեսությամբ ենք նայում

Անդրեյ Մկրտչյան.

Ապագային լավատեսությամբ ենք նայում

PanARMENIAN.Net - Ի՞նչ է սպասվում ՀՀ բանկային համակարգին 2016 թվականին, բացվում են արդյոք նոր հնարավորություններ դժվար իրավիճակներում,և ինչու է չափն այդքան կարևոր բանկի համար՝ այս ամենի մասին իր հարցազրույցում ներկայացրեց Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը: Առիթն Ամերիաբանկի կողմից երկու խոշորագույն միջազգային ֆինանսական հաստատությունների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ գործարքների կնքումն է: Մասնավորապես՝ ՎԶԵԲ-ի $40 մլն-ի ներդրումը Բանկի կապիտալում, և IFC-ի՝ $50 մլն-ի ստորադաս փոխառության տրամադրումն Ամերիաբանկին:
Հաճախ ասում են, որ ճգնաժամը նոր հնարավորությունների ժամանակ է: Ըստ Ձեզ, որքանո՞վ է ներկայիս ճգնաժամը նոր հնարավորություններ ստեղծում:
Չէի շտապի ներկայիս ժամանակահատվածը բնորոշել որպես ճգնաժամ: Սակայն, կասկած չկա, որ այժմ, իրոք, շատ ծանր ժամանակաշրջան է Հայաստանի, տարածաշրջանի, և արդեն ակնհայտ է, որ նաև ամբողջ աշխարհի համար: Նման իրավիճակը մոբիլիզացնում, կենտրոնացնում և ստիպում է բոլորին՝ թե՛ տնտեսվարող սուբյեկտներին, և թե՛ տնային տնտեսություններին հանգամանքները դիտարկել, գնահատել քննադատորոն, «գույքագրել» ստատուս քվոն, հրաժարվել ոչ այնքան կարևոր բաներից, դժվար որոշումներ կայացնել, որոնք նախկինում հետաձգվում էին: Սա, իրոք, հնարավորությունների պատուհան է՝ «մաքրվելու», ավելորդ բեռից ազատվելու, արդյունավետությունը բարձրացնելու, ընկերությունը վերակառուցելու՝ առկա մարտահրավերներին առավել ադեկվատ պատասխան ունենալու համար: Միևնույն ժամանակ դա նաև ընկերությունների համար հնարավորություն է՝ պրոակտիվ և շուկայական մասնաբաժինն ագրեսիվ ավելացնելու, մուտք գործելու ընկերության համար նոր նիշաներ, ինչպես նաև միաձուլումների և ձեռքբերումների գործարքների հավանականության բարձրացման հնարավորություն է, քանի որ դժվար ժամանակներում կառավարման կամ ոչ արդյունավետ կամ խնդրահարույց համակարգեր ունեցող ընկերությունները կանգնում են դժվարությունների առջև, չեն կարողանում դիմակայել դրանց և, ի վերջո, ավելի ճկուն դառնում կարևոր ռազմավարական որոշումների կայացման հարցում:

Տնտեսական և քաղաքական անկանխատեսելիության այս ժամանակաշրջանում որքանո՞վ է տեղին ՎԶԵԲ-ի և IFC-ի հետ գործարքների կնքումը:
Չեմ կարծում, որ իրավիճակն անկանխատեսելի է: Տնտեսական տեսանկյունից այն բարդ է, բայց կանխատեսելի: Քաղաքական տեսանկյունից, առհասարակ, հանգիստ շրջան կամ հարաբերականորեն կանխատեսելի տարի չի լինում, առավել ևս, որ բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում ենք գտնվում: Ինչ վերաբերում է ՎԶԵԲ-ի և IFC-ի հետ գործարքներին, ապա դրանք չենք կնքել առավել կայունության համար, առանց այդ էլ ամենակայուն բանկերից մեկն ենք: Այդ գործարքները մեզ հնարավորություն են տալիս կապիտալն օգտագործել մեր գործունեության ընդլայնման` և' օրգանական և' ոչ օրգանական աճի համար: Մտադիր ենք մեր միջոցներն օգտագործել ինչպես միաձուլումների և ձեռքբերումների գործարքների, այնպես էլ լրացուցիչ ռեսուրսների ներգրավման համար: Երկարաժամկետ հեռանկարում այդ ներդրումները մեզ կօգնեն բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխմանը (IPO) նախապատրաստվելու ժամանակ:

Ամերիաբանկի ակտիվներն արդեն հատել են $1 մլրդ-ի շեմը, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր բանկային համակարգի համար: ՎԶԵԲ-ի և IFC-ի հետ գործարքների կնքումից հետո կապիտալի ավելացումն աճի նոր հնարավորություններ է տալիս: Բիզնեսի զարգացման ի՞նչ ծրագրեր եք կապում այդ գործարքների հետ:
Այն, որ Ամերիաբանկի ակտիվները գերազանցել են $1 մլրդ-ի շեմը, մեր բանկային համակարգում պատմական իրադարձություն եմ համարում. Հայաստանի անկախության 25 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ հայկական բանկը հասնում է նման ցուցանիշի: Դա շատ կարևոր և խորհրդանշական է մեզ համար: ՎԶԵԲ-ի և IFC -ի հետ գործարքների կնքման արդյունքում Ամերիաբանկի նորմատիվային կապիտալը կրկնապատկվել է, ինչը մեր առջև աճի նոր հնարավորություններ է բացում, նախ և առաջ նրանով, որ այժմ կարող ենք վարկավորել խոշոր կորպորատիվ նախագծեր, ինչը նախկինում ոչ մի հայկական բանկ միայնակ ի վիճակի չէր իրականացնել: Մոտակա մի քանի տարվա ընթացքում կարող ենք կրկնապատկել բանկի ակտիվները: Ինչպես արդեն ասացի, մեզ համար ակտուալ է ոչ օրգանական աճի ռազմավարությունը, և այժմ, կապիտալի ավելացման շնորհիվ, հույս ունենք այս տարի կնքել միաձուլման և ձեռքբերման գործարքներ, որոնց արդյունքում Ամերիաբանկի կապիտալն էլ ավելի կաճի: Մեր հավակնությունների, IPO-ի մեր ծրագրերի տեսանկյունից սա հերթական կարևոր քայլն է: Պետք է գիտակցել, որ աշխարհում ինստիտուցիոնալ շատ ներդրողների համար, անկախ երկրի կամ տարածաշրջանի նկատմամբ նրանց վերաբերմունքից, ընկերության չափը կարևոր է: Բանկի չափը նշանակություն ունի նաև միջազգային ֆինանսական շուկաներին առավել հասանելի լինելու տեսանկյունից: Մեզ համար սա կարևոր է, չնայած, որ միշտ էլ ակտիվորեն գործակցել ենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ և այժմ Հայաստանի բանկային համակարգի առաջատարն ենք օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ:

Միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել ենք մոտ $500 մլն, մի շարք խոշոր խաղացողներ մեզ համար բացել են վարկային գծեր, և հատկապես կարևոր է, որ րանք բացվել են առանց ապահովության միջոցի: Ի դեպ, առաջին հայկական բանկն ենք, որը եվրոպական և ամերիկյան բանկերի հետ աշխատում է գործնականորեն առանց ապահովության միջոցի: Ապահովություն չունեցող հարյուրավոր միլիոն դոլարի վարկային գծերը վկայում են մեր բանկի հանդեպ վստահության և աշխատանքի որակի բարձր գնահատականի մասին:

Ո՞ր խնդիրներն են այսօր առավել արդիական բանկային համակարգի համար: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի բանկային հատվածի խոշորացման գործընթացին:
Այսօր հայկական բանկերի գլխավոր խնդիրը վարկային պորտֆելի որակն է: Ցավոք, նման դժվարին ժամանակներում բանկերի վարկային պորտֆելի վատթարացումն անխուսափելի է: Որքան էլ համարենք, որ Հայաստանն ինտեգրված չէ համաշխարհային տնտեսությանը, մենք այս աշխարհի մասն ենք, աշխարհի, որը գլոբալացված է և փոխկապակցված: Ուստի ակնհայտ է, որ նավթի գների անկումը, ռուսական ռուբլու արժեզրկումը բերեցին նրան, որ հայ արտահանողներից շատ-շատերը չեն կարողանում արտահանումից իրական շահույթ ստանալ, արդյունավետ և հաջողությամբ կազմակերպել իրենց արտադրանքի արտահանումը Ռուսաստան և ԱՊՀ երկրների շուկաներ: Բնականաբար, արտահանող ընկերությունների խնդիրներն անդրադառնում են հայկական բանկերի ակտիվների որակի վրա: Եվ իմ կարծիքով, բանկային համակարգի հիմնական խնդիրն ակտիվների որակի վատթարացմանը դիմակայելն է, որը շատ լուրջ մարտահրավեր է: Դրա հետ մեկտեղ, մասնավոր փոխանցումների ծավալի կրճատումն ավելի քան մեկ երրորդով, գործնականում վերացրեց լոկալ պահանջարկը և տեղական շուկայի ֆինանսական ներուժը, իսկ պղնձի և ոսկու գների լուրջ անկումը դարձավ երկրորդ ալիքի արդյունքը: Վարկերի հնարավոր կորուստների պահուստավորման աճը և անհուսալի պարտքերի դուրսգրումը հաշվեկշռից հանգեցնում են կապիտալի համարժեքության գործակցի նվազմանը, և դա այն պարագայում, երբ վերջին տարիներին հայկական բանկերի կապիտալի համարժեքության ցուցանիշներն առանց այն էլ ցածր են:

Հիմա այդ խնդիրը կարող է դառնալ էլ ավելի շոշափելի և ակտուալ՝ խոչընդոտելով նոր կապիտալի ու ներդրողների ներգրավմանը: Եվ դրա համար երկրորդ կիսամյակում ՀՀ ԿԲ-ի կողմից նվազագույն նորմատիվային կապիտալի սահմանաչափի բարձրացման համատեքստում տեղական շուկայում կոնսոլիդացման գործընթացը նոր թափ կստանա: Ականատես կլինենք միաձուլումների ու ձեռքբերումների գործարքների, և որոշ մասնակիցներ դուրս կգան շուկայից: Անդրադառնալով խոշորացմանն իմ վերաբերմունքին՝ ասեմ, որ, ըստ իս, նման չափ և ՀՆԱ-ի նման կառուցվածք ունեցող երկրի համար բանկերի օպտիմալ քանակը 10-ից ոչ ավելի է:

Մեր տնտեսությունը բավականին կենտրոնացած է, և փոքր բանկերն ի վիճակի չեն ադեկվատ կերպով արտացոլել իրական հատվածի պահանջներն ու կարիքները: Դրա գրեթե բոլոր ոլորտների առաջին երկու-երեք խաղացողները չափով ավելի մեծ են, քան ցանկացած հայկական բանկ, այդ իսկ պատճառով ոչ մի բանկ միայնակ ի վիճակի չէ սպասարկելու նման խոշոր հաճախորդների, իսկ բանկային միավորումներ կամ սինդիկատներ ձևավորելը, ցավոք, չի հաջողվում՝ առաջին հերթին գրավի ապահովման և ֆինանսական հոսքերի բաժանման դժվարությունների պատճառով:

Երկրորդ փաստարկը հօգուտ խոշորացման այն է, որ փոքր բանկերն արտաքին շուկաների երկարաժամկետ և էժան ռեսուրսներին հասանելիություն չունեն: Բացի այդ, դժվար ժամանակներում, հաշվի առնելով ակտիվների որակի վատթարացումը, բանկերին անհրաժեշտ է կապիտալ, որը կօգնի դիմակայել դժվարություններին: Եվ դարձյալ, պետք է լինել խոշոր բանկ` լուրջ պահուստներ և մեծ հնարավորություններ ունենալու համար: Եվս մեկ փաստարկ հօգուտ խոշորացման՝ ներկայումս հայկական բանկերը հետ են մնում իրենց տարածաշրջանային հարևաններից համաշխարհային ծրագրային պրոդուկտների օգտագործման, ռիսկերի և բիզնեսի կառավարման համակարգերի առումով: Բանկերի ծրագրային ապահովման ներդնումը պահանջում է լուրջ ներդրումներ, և այս առումով ևս բանկի չափը նշանակություն ունի:

Բանկային համակարգի զարգացման ի՞նչ միտումներ եք ակնկալում 2016-ին:
Ներկայումս բանկային համակարգում ակտիվ բանակցություններ են ընթանում ձեռքբերումների շուրջ: Կարծում եմ՝ 2016-ը կլինի բանկային համակարգի առողջացման, զտման տարի, բանկերը կմիաձուլվեն, կխոշորանան և կթևակոխեն զարգացման նոր փուլ: 2016-ին բոլոր բանկերը կկենտրոնանան մանրածախ բանկային գործառնությունների և փոքր ու միջին բիզնեսի վրա` որպես առավել քիչ ռիսկային հատվածներ:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ պետք է սովորենք այն մտքին, որ համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներն ուղղակիորեն անդրադառնում են մեր երկրի տնտեսության վրա: Մենք համաշխարհային համակարգի մի մասն ենք, հետևաբար՝ Չինաստանի տնտեսական խնդիրները, ԱՄՆ-ում դաշնային պահուստի տոկոսադրույքի բարձրացումը կամ Ռուսաստանում ռուբլու արժեզրկումն անխուսափելիորեն կազդեն մեր տնտեսության վրա: Ուստի պետք է կառուցենք մեր մոդելը համաշխարհային տնտեսության ցիկլային բնույթի տրամաբանությամբ, որպեսզի կարողանանք թե՛ անկման, թե՛ աճի ժամանակ ադեկվատ կառավարել ռիսկերը: Միաժամանակ շատ դրականորեն ենք նայում ապագային, հավատում ենք Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալին, այլապես ռեսուսրսներ չէինք ներդնի, չէինք կառուցի երկարաժամկետ ծրագրեր: Գնահատելով իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում՝ հասկանում ես, որ պարզապես պետք է հաղթահարել որոշակի ժամանակահատվածներ: Սկսել ենք աշխատել 2008 թվականին՝ ճգնաժամի գագաթնակետին: Եթե հոռետեսորեն գնահատեինք իրավիճակը և մեր ծրագրերը չկազմեինք գալիք տարիների համար, հիմա չէինք լինի այնտեղ, որտեղ գտնվում ենք: Ուրեմն պետք է միշտ լավատեսությամբ նայել ապագային և ադեկվատ արձագանքել մարտահրավերներին, որոնք միշտ էլ լինելու են: