// IP Marketing video - START// IP Marketing video - END
14  01.06.17 - Ֆոլկ և ռոք նվագող փողոցային երաժիշտ Արմեն Հովանին
Փողոցային երաժիշտը՝ երաժշտական ճաշակ թելադրող

Բոբ Մարլի, բիթլեր, Pink Floyd՝ Երևանի մետրոյում.

Փողոցային երաժիշտը՝ երաժշտական ճաշակ թելադրող

PanARMENIAN.Net - Երևանի մետրոյի «Հանրապետության» կայարանի անցումում վերջերս յուրահատուկ ձայնով փողոցային երաժիշտ է հայտվել՝ ստիպելով անցորդներից շատերին մի պահ կանգնել և կիթառի տակ ռոք և ֆոլք ոճի կատարումներ լսել: Արմեն Հովանին իր սեփական ստեղծագործությունների, ինչպես նաև՝ Սթինգի, Բոբ Մարլիի, Scorpions-ի, Beatles-ի կատարումներով փողոց է դուրս եկել 2016-ի ամռանից:

Հովանիի կատարումները նրա ընկերները շատ էին լսել՝ տանը հավաքվելով, և մի օր խնդրել ձայնագրություններ տրամադրել՝ Հայաստանից դուրս ուղարկելու համար: Այդպես, կատարումները ձայնագրելու պահանջ առաջացավ, և Հովանին ստիպված մի քանի ստուդիա գնաց, սակայն երգել չէր կարողանում. հուզմունքը նրա երաժշտական տաղանդից ուժեղ գտնվեց:

Հովհանիին խորհուրդ տվեցին երգել ուրիշների ներկայությամբ՝ հուզմունքի պատնեշը հաղթահարելու համար: Որպես սկիզբ երաժիշտը մանկական երկաթուղու տարածքն ընտրեց, որտեղ զարմանալի ակուստիկա կար, ըստ նրա: PanARMENIAN.Net ը զրուցեց երաժշտի հետ, ով պատմեց իր մասին, կարևորի մասին իր մտքերն ու երաժշտության և արվեստի այլ ոլորտներում նախասիրությունները:

Էյֆորիայի ու իրականության միջև կապը

Սկզբի համար Մանկական երկաթուղին ընտրեցի, ահավոր քաշվում էի, հենց մարդ էր մոտենում: Նաև շփոթվել էի, երբ սկսեցին գումար տալ, ոչ մի վայրկյան չէի մտածել այդ մասին: Հետո աստիճանաբար սկսեցի տարվել իմ արածով, ինձ ազատ զգալ:

Քո էյֆորիայի, վերապրումի ու իրականության միջև միշտ էմոցիոնալ մի պահ կա, որը երգչից, ստեղծագործողից է կախված: Դա կարծես մի վայր լինի, ուր ստեղծագործողը պետք է հասնի: Այդ վայրն իրականում հենց այն հոգեվիճակն է, որ մարդն իր սիրած գործով է զբաղվում: Ես դա սեր եմ կոչում, որը կարելի է միայնզգալ ինչ-որ բան տալուց: Զարմանալի է, որ այն, ինչ ես անում եմ, ունիվերսալ բան է և շատերին է դուր գալիս:

Ստուդիայում լսողների ու փողոցում ունկնդիրների տարբերությունը շատ մեծ է: Հենց այն պահը, որ փողոցում մարդիկ կարող են կամ գնահատել կամ չգնահատել իմ կատարումները, լսել, կամ՝ ոչ, իմ երազած ազատություններից մեկն է, փողոցում ամեն ինչ անմիջական է, պատնեշ չկա: Իսկ ստուդիայում ձայնագրվելու հարցը դեռ օդից կախված է մնում, լուրջ պատճառներով չի ստացվում:

Երաժշտությունն ինձ համար փակ է եղել

Բարձրագույն կրթություն չունեմ, երկու տարի բանակից հետո ճեմարանում եմ սովորել: Նվագել սկսեցի մի 10 տարի առաջ: Ես տաղանդ չեմ ունեցել, ամբողջ կյանքում ինձ համար երաժշտությունը փակ է եղել. միջավայրը չի նպաստել, կրթություն չի եղել, իսկ երաժշտության նկատմամբ հակումը դրսևորվել է անզուսպ ցանկությամբ, մղումով դեպի ռոքը, բարդային երաժշտությունը: Դա, երևի, երջանկահիշատակ եղբորիցս է փոխանցվել. երբ երեխա էի, նա Pink Floyd-ի բոլոր ձայնագրություններն ուներ, մանկուց դա էի լսում: Երազում էի նվագել, բայց երբեք չեմ պատկերացրել, որ կնվագեմ կամ կերգեմ:

Երբ սկսեցի կիթառ նվագել, այն գյուղում (Կարմիրգյուղ, Գավառ), որտեղ ապրում էի, բոլորն այդ գործիքին ջութակ էին ասում, ծիծաղում էին: Ժամանակավորապես ջարդված, մի կերպ նորոգված կիթառ էի վերցրել, որն անընդհատլարից ընկնում էր, ես էլ չգիտեի՝ ոնց լարել: Անցնում էի 60 կիլոմետր, լարում, հետ բերում, նվագում ու այն նորից լարից ընկնում էր... Երաժշտական դպրոց գնալն էլ ինձ համար հոգեբանորեն անհնար էր:

Արվեստում իմ ճանապարհը սկսել եմ նկարչությունից, հետո՝ քանդակագործությամբ զբաղվել, հետո թողել, նույնիսկ՝ ոչնչացրել աշխատանքներս, քանի որ դրանց հանդեպ նեգատիվ վերաբերմունքը շրջապատումս շատ էր, ինչից հոգնել էի: Իսկ գումար վաստակելու համար հիմնականում շինարարությամբ էի զբաղվում: Այդ ժամանակ մի փուլում էի, երբ սեփական ինքնագիտակցություն դեռ չունեի:

Եթե սիրում եք ինքդ ձեզ, ապա սիրած գործով զբաղվելուն արժանի կհամարեք

Մի օր հասկացա, որ միայն գումարի հետևից ընկնել չի կարելի, չնայած նյութականը մեծ խնդիրներ է առաջացնում: Ցանկացած մարդ պարտավոր չէ անել այն, ինչ չի ուզում, որ հաց ուտի ու ջուր խմի: Ասածս շատ պախարակելի կարող է լինել, բայց մոլորակն ամեն ինչը ձրի է տալիս. դժվարությունները, խոչընդոտներն արհեստական են: Դրամատիկ պահ կա, երբ մարդը խուճապի մեջ է ընկնում, երբ մտածում է օրվա հացի մասին, բայց երբ այդ խուճապը չքվում է, մի այլ պրոցես է սկսվում: Այն տրամաբանության հետ չունի, այլ կապված է կյանքի հանդեպ ձեր տրամադրվածության, զգացողության հետ: Այս մտքերը փոխանցել եմ երեխաներիս, որոնք արդեն շատ բաների են հասել:

Ես ինձ թույլ տվեցի երաժշտությամբ զբաղվել, չէ որ ապրում ենք ապրելու համար, ոչ թե լինելու այնպիսին, ինչպիսին մեզ ուզում է տեսնել հասարակությունը, կամ կառավարությունը, համայնքը, թեկուզ ընտանիքը:

Երեք ձայնասկավառակ

Եթե հայտնվեի անմարդաբնակ կղզում, ու ինձ հետ միայն երեք սկավառակ վերցնելու հնարավորությո՞ւն ունենայի... դժվար հարց է. երևի Սթինգ, Pink Floyd, որոնք շատ լուրջ թեմաներ են բարձրացնում ու... դժվար է երրորդն ընտրել մի քանի տարբերակից՝ Beetles, Scorpions կամ Nickelback, որոնք իրենց տեքստերում անդրադառնում են աշխարհում գլոբալ ու շատ կասկածելի փոփոխություններին:

Ինձ համար ռոքը երաժշտություն է, որը կարելի է միայն զգալ, մի տեսակ կատալիզատոր է դառնում ամեն ինչի համար, իմ մեջ առաջացնում է ռիթմեր, որոնք հետագայում արտահայտվում են՝ իմ սեփական ռիթմերի հետ խառնվելով ու մի նոր երաժշտություն դառնալով:

Արվեստում այլ նախասիրությունների մասին

Գայ Ռիչիի ֆիլմերի ֆանատ եմ. նրա ֆիլմերում բոլորը գլխավոր դերում են: Այնտեղ առանձնացված պերսոնաժներ չկան, բացի այդ, դրայվոտ են, նրա ֆիլմերում նաև շղթա գոյություն ունի. եթե մարդիկ հանիրավի ագրեսիա, բռնություն են դրսևուրում, դա շղթայական ռեակցիայով հետո գալիս իրենց վրա է ազդում: Ինչպես ռուսներն են ասում՝ «шестерки бьют тузов», և դա զվարճալի է:

Գրքերից սիրում եմ Ջ. Քենֆիլդի և Մարկ Հենսի «Հավի արգանակ հոգու համար» ստեղծագործությունը: Վերընթերցում եմ Ռոնդա Բեռնի գործերը: Հակված եմ արվեստի այն գործերին, որոնք անդրադառնում են աշխարհում և մարդկանց մեջ գոյություն ունեցող ունիվերսալ բաներին, ընդհանրություններին, որոնք շատ են, բայց չգիտեմ ինչու մարդիկ ավելի շատ կենտրոնանում են տարբերությունների վրա:

Նկարչության, քանդակագործության մեջ դասականն եմ սիրում, իսկ ժամանակակիցներից... իմ պատկերացմամբ, Դալին է ժամանակակից, նրա ֆանտասմագորիկ պատկերներն ինձ շատ են հետաքրքրում:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo